Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՖԻԼԻՍ ԼԻԱՆԳ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Եհովան օրհնել է իմ պատրաստակամությունը

Եհովան օրհնել է իմ պատրաստակամությունը

«Կգնամ»։ Հենց այսպես պատասխանեց Ռեբեկան, երբ Եհովայի կամքը կատարելու համար մի այնպիսի որոշում պետք է կայացներ, որն ամբողջությամբ փոխելու էր իր կյանքը (Ծննդոց 24:50, 58)։ Թեև ես ինձ հատուկ մարդ չեմ համարում, սակայն Եհովային ծառայելու հարցում փորձել եմ նույն պատրաստակամությունը դրսևորել։ Ինչ խոսք, դժվարություններ եղել են, բայց ես տեսել եմ, թե Եհովան ինչպես է օրհնել իմ պատրաստակամ ոգին, երբեմն՝ շատ անսպասելի կերպերով։

Մի տարեց մարդ մեզ գանձ է բերում

 Հարավաֆրիկյան Հանրապետության Ռուդեպուրտ քաղաք տեղափոխվելուց մի քանի տարի անց հայրս մահացավ։ 1947 թ.-ին՝ 16 տարեկանում, ընտանիքիս աջակցելու համար ես լրիվ դրույքով աշխատում էի կառավարության հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնում։ Մի օր, երբ տանն էի, մի տարեց մարդ թակեց մեր դուռը և առաջարկեց բաժանորդագրվել «Դիտարան» ամսագրին։ Քաղաքավարությունից ելնելով՝ համաձայնվեցինք։

 Սակայն շուտով սկսեցինք հետաքրքրվել աստվածաշնչյան ճշմարտությամբ։ Մայրս, ով երիտասարդ տարիքում հոլանդական ռեֆորմատական եկեղեցու անդամ էր եղել, հստակ տեսնում էր Աստվածաշնչի և եկեղեցու ուսմունքների միջև եղած տարբերությունը։ Սկսեցինք ուսումնասիրել Աստվածաշունչը և հաճախել ժողովի հանդիպումներին։ Մեր ընտանիքից առաջինը ես մկրտվեցի 1949 թ.-ին։ Մի քանի տարի շարունակեցի աշխատել, սակայն ցանկանում էի ավելի շատ ծառայել Եհովային։

Պատրաստակամ՝ գնալու այնտեղ, որտեղ կարիք կա

FomaA/stock.adobe.com

«Կուկսիստերսներ»

 1954 թ.-ին սկսեցի ռահվիրա ծառայել և հարցրի Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղին, թե որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Մասնաճյուղը խորհուրդ տվեց տեղափոխվել Պրետորիա քաղաք և կազմակերպեց, որ մեկ այլ ռահվիրա քույր միանա ինձ։ Մեր կացարանը բավականին հարմարավետ էր։ Մինչ օրս հիշում եմ համեղ «կուկսիստերսները»՝ քաղցր օշարակի մեջ տապակած հյուսաձև պոնչիկները, որոնք վաճառում էին մեր հարևանությամբ։

 Երբ ծառայակիցս ամուսնացավ, մասնաճյուղի ծառայող եղբայր Ջորջ Ֆիլիպսը հարցրեց, թե արդյոք կցանկանամ ծառայել որպես հատուկ ռահվիրա։ Մեծ ուրախությամբ ընդունեցի առաջարկը։

 Որպես հատուկ ռահվիրա իմ առաջին նշանակումը սկսվեց 1955 թ.-ին Հարիսմիթ քաղաքում։ Ես ու նոր ծառայակիցս դժվարանում էինք հարմար բնակարան գտնել։ Օրինակ՝ մի անգամ տեղի քահանան իմացավ, թե ովքեր ենք մենք, և ստիպեց մեր տանտիրուհուն վռնդել մեզ։

 Ավելի ուշ նշանակվեցի Յոհաննեսբուրգի Պարկհուրստ արվարձան։ Այնտեղ ինձ միացան երկու միսիոներ քույրեր։ Նրանցից մեկը հետագայում ամուսնացավ, իսկ մյուսը նշանակվեց մեկ այլ վայր։ Այլին Պորտեր անունով մի հիանալի քույր ինձ հրավիրեց իրենց հետ ապրելու, թեև նրանց տունը այդքան էլ մեծ չէր։ Քնում էի տան մի հատվածում, որը մյուս մասից առանձնացված էր վարագույրով։ Այլին շատ բարի ու դրական քույր էր։ Ինձ շատ հանգիստ էի զգում նրա հետ։ Չնայած ընտանեկան պարտականություններին՝ ճշմարտության հանդեպ նրա եռանդը շատ տպավորիչ էր։

 Շուտով նշանակվեցի Արևելյան Կապ նահանգի Ալիվալ Նորտ քաղաք։ Այնտեղ իմ ծառայակիցը դարձավ Մերլին Լորենս անունով մի քույր։ Երկուսս էլ այդ ժամանակ 20-ն անց տարիքում էինք։ Շատ էինք քաջալերվում մի տարեց քրոջ՝ Դորոթիի օրինակով, ում մորաքույր Դոթ էինք անվանում։ Երիտասարդ տարիքում՝ ծառայության ժամանակ, նրա վրա կատաղած շներ էին հարձակվել, սակայն դա չէր կոտրել նրա եռանդը։

 1956 թ.-ին Մերլինը հրավիրվեց սովորելու «Գաղաադ» դպրոցի 28-րդ դասարանում։ Այնքա՜ն էի ուզում նրա հետ «Գաղաադում» սովորել։ Բայց դե մորաքույր Դոթը ինձ լավ էր նայում, ու մենք մտերիմ ընկերներ դարձանք՝ չնայած տարիքային մեծ տարբերությանը։

 Պատկերացրեք, թե որքա՜ն ուրախացա, երբ Մերլինի պես ես էլ հրավիրվեցի «Գաղաադ» դպրոց։ Նախքան դպրոց գնալը Նայջել քաղաքում ութ ամիս ծառայեցի Քեթի Կուկի հետ, ով «Գաղաադի» շրջանավարտ էր։ Նրա պատմածների շնորհիվ սրտատրոփ սպասում էի դպրոցին, ու 1958 թ. հունվարին մեկնեցի Նյու Յորք։

Պատրաստակամ՝ մարզվելու

 «Գաղաադում» իմ սենյակակիցն էր Թիա Ալունին՝ մի սամոացի քույր, և Այվի Կավեն՝ մաորի ազգից մի քույր։ Երբ Հարավաֆրիկյան Հանրապետությունում էի, ապարտեիդյան կառավարությունը սպիտակներին առանձնացնում էր այլ ռասաներից։ Ուստի այդ քույրերի հետ սենյակ կիսելը առանձնահատուկ փորձառություն էր ինձ համար։ Երկար ժամանակ չպահանջվեց, որ ամբողջ սրտով կապվեմ նրանց հետ։ Ուրախ էի, որ սովորում եմ բազմազգ դասարանում։

 Մեր դասավանդողներից մեկը եղբայր Մաքսվել Ֆրենդն էր։ Երբեմն նա տեղը տեղին խիստ էր լինում։ Նրա դասասենյակում երեք լույսեր կային, որոնց վրա գրված էր «տոն», «տեմպ» ու «հնչեղություն»։ Երբ եղբայր Ֆրենդը նկատում էր, որ ուսանողը ելույթ կամ ցուցադրում ներկայացնելիս կաղում էր այս ոլորտներից մեկում, միացնում էր համապատասխան լույսը։ Քանի որ բնույթով ամաչկոտ էի, հանձնարարություններիս ընթացքում այս լույսերը հաճախ էին միանում։ Այնքան էի նեղվում, որ երբեմն չէի կարողանում զսպել արցունքներս։ Չնայած դրան՝ եղբայր Ֆրենդին շատ էի սիրում։ Երբեմն, երբ դասերի միջակայքում մաքրության աշխատանքներ էի կատարում, նա ինձ մի բաժակ սուրճ էր հյուրասիրում։

 Ամիսները թռչում էին, ու անհամբեր սպասում էի, որ իմանամ, թե որտեղ եմ նշանակվելու։ Նախկին ռահվիրա ծառայակիցս՝ Մերլինը, «Գաղաադն» ավարտվելուց հետո Պերու էր նշանակվել։ Նա առաջարկեց, որ խոսեմ եղբայր Նաթան Նորի հետ, ով այդ ժամանակ առաջնորդում էր մեր գործունեությունը, ու հարցնեմ, թե արդյոք կարող եմ փոխարինել իր միսիոներ ծառայակցին, ով շուտով ամուսնանալու էր։ Եղբայր Նորը մի քանի շաբաթը մեկ այցելում էր «Գաղաադի» համալիր, ուստի շատ չանցած՝ նրա հետ զրուցելու առիթ ունեցա։ Արդեն կռահեցիք, որ դպրոցն ավարտելուց հետո նշանակվեցի Պերու։

Ծառայում եմ լեռներում

Մերլինի հետ (աջից) Պերուում, 1959 թ.

 Ուրախությանս չափ չկար, երբ Պերուի մայրաքաղաք Լիմայում վերամիավորվեցի Մերլինի հետ։ Հենց սկզբից Աստվածաշնչի առաջադիմող ուսումնասիրություններ ունեցա, թեպետ դեռ լիարժեք չէի տիրապետում իսպաներենին։ Ավելի ուշ ես ու Մերլինը նշանակվեցինք լեռնային Այակուչո քաղաք։ Անկեղծ ասած, հեշտ նշանակում չէր։ Արդեն որոշ չափով կարողանում էի հաղորդակցվել իսպաներենով, բայց այնտեղ շատերը միայն կեչուա լեզվով էին խոսում։ Բացի այդ՝ ժամանակ պահանջվեց, որ հարմարվենք այդ բարձրադիր գոտուն, որտեղ թթվածինը զգալիորեն քիչ էր։

Քարոզում եմ Պերուում, 1964 թ.

 Ինձ թվում էր՝ չեմ կարողացել էական հետք թողնել Այակուչոյում։ Մտածում էի՝ տեսնես այս շրջանում ճշմարտության սերմերը երբևէ կծլարձակե՞ն։ Հուրախություն ինձ՝ այսօր Այակուչոյում կան ավելի քան 700 քարոզիչներ և կեչուա (Այակուչո) լեզվով թարգմանչական գրասենյակ է գործում։

 Օրերից մի օր Մերլինը ամուսնացավ Ռեմոն Կաստիյո անունով մի շրջանային վերակացուի հետ։ 1964 թ.-ին Ռեմոնը տասնամսյա դասընթաց անցավ «Գաղաադ» դպրոցում։ Նրա դասարանից էր Ֆու-լոն Լիանգ անունով մի երիտասարդ, ում հետ սովորել էի «Գաղաադում»։ Նա Հոնկոնգում էր ծառայում, բայց հրավիրվել էր, որ մասնաճյուղում պարտականություններ կատարելու համար լրացուցիչ մարզում ստանա։ a Ֆու-լոնը Ռեմոնից հետաքրքրվեց, թե ինչպես եմ, Պերուում ծառայությունս ինչպես է ընթանում։ Դրանից հետո ես ու Ֆու-լոնը սկսեցինք գրել իրար։

 Ֆու-լոնը հենց սկզբից պարզ դարձրեց, որ նամակագրության միջոցով մենք իրականում ընկերություն ենք անում։ Հոնկոնգում նրա միսիոներ ծառայակիցն էր Հարոլդ Քինգը։ Նա հաճախ էր փոստ գնում, և Ֆու-լոնը նրա միջոցով էր ինձ նամակներ ուղարկում։ Հարոլդն էլ ծրարների վրա փոքր նկարներ էր նկարում կամ երկտող գրում ինձ, օրինակ, ասում էր. «Կաշխատեմ այնպես անել, որ նա ավելի հաճախ գրի քեզ»։

Ֆու-լոնի հետ

 Տասնութ ամիս նամակներով շփվելուց հետո ես ու Ֆու-լոնը որոշեցինք ամուսնանալ։ Մոտ յոթ տարի ծառայելուց հետո հեռացա Պերուից։

Նոր կյանք՝ Հոնկոնգում

 1965 թ. նոյեմբերի 17-ին ես ու Ֆու-լոնը ամուսնացանք։ Երկու այլ զույգերի հետ ապրում էինք Հոնկոնգի մասնաճյուղում։ Մեծ բավականություն էի ստանում իմ նոր կյանքից։ Այդ շրջանում Ֆու-լոնը մասնաճյուղում զբաղված էր թարգմանչական գործով, իսկ իմ օրը անցնում էր քարոզչական ծառայության մեջ։ Կանտոներեն սովորելը իսկական փորձություն էր, բայց մյուս միսիոներ քույրերը և իմ թանկագին ամուսինը համբերատար կերպով օգնում էին ինձ։ Լեզուն սովորելու ընթացքում լարվածությունս քիչ թե շատ թուլանում էր նաև այն բանի շնորհիվ, որ Աստվածաշնչի ուսումնասիրություն էի անցկացնում երեխաների հետ։

Հոնկոնգի Բեթելի ընտանիքի վեց անդամները՝ 1960-ականների կեսերին։ Ես ու Ֆու-լոնը մեջտեղում ենք

 Մի քանի տարի անց տեղափոխվեցինք Հոնկոնգի Կվուն Տոնգ մարզում գտնվող միսիոներական տուն։ Ֆու-լոնը պետք է կանտոներեն սովորեցներ նոր ժամանած միսիոներներին։ b Այդ տարածքում այնքան մեծ բավականություն էի ստանում ծառայությունից, որ հաճախ անգամ չէի ուզում տուն վերադառնալ։

 Ոգևորությանս չափ չկար, երբ 1968 թ.-ին ուսուցանելու նոր գործիք ստացանք՝ «Ճշմարտություն, որ հավիտենական կյանքի է առաջնորդում» գիրքը։ Այն ավելի պարզ էր, քան նախորդ գործիքը՝ «Թող Աստված ճշմարիտ լինի», և հատկապես օգտակար էր այն ուսումնասիրողների համար, ովքեր ծանոթ չէին Աստվածաշնչին ու քրիստոնեությանը։

 Բայց ես մի մեծ բացթողում էի անում։ Ինձ թվում էր, որ եթե ուսումնասիրողը կարողանում է պատասխանել հրատարակության մեջ նշված հարցերին, ուրեմն ճշմարտությունը նրա սրտին է հասել։ Այդպես իմ ուսումնասիրողներից մեկի հետ վերջացրինք «Ճշմարտություն» գիրքը, ու հետո միայն հասկացա, որ նա չի հավատում Աստծուն։ Դասեր քաղելով տեղի ունեցածից՝ այդուհետ փորձում էի ուսումնասիրողների հետ ավելի շատ զրուցել, որպեսզի հասկանամ, թե ինչպես են վերաբերվում իրենց սովորածին։

 Կվուն Տոնգում մի քանի տարի ծառայելուց հետո վերադարձանք մասնաճյուղ։ Ֆու-լոնը նշանակվեց ծառայելու Հոնկոնգի մասնաճյուղի կոմիտեում։ Տարիների ընթացքում աշխատեցի մաքրության բաժնում և ընդունարանում։ Երբեմն կարիք էր առաջանում, որ Ֆու-լոնը աստվածապետական կոնֆիդենցիալ հարցերով ճանապարհորդեր։ Թեպետ չէի կարող ուղեկցել ամուսնուս, բայց ինձ համար մեծ պատիվ էր աջակցել նրան այդ կարևոր հանձնարարությունները կատարելիս։

Ֆու-լոնը լույսընծայում է «Եսայիայի մարգարեությունը» գրքի երկրորդ հատորը ավանդական և պարզեցված չինարենով

Անսպասելի փոփոխություն

 Ցավոք, 2008 թ.-ին կյանքս մեկ գիշերում տակնուվրա եղավ։ Հիշատակի երեկոյից կարճ ժամանակ առաջ՝ ճամփորդության ընթացքում, իմ թանկագին Ֆու-լոնը հանկարծամահ եղավ։ Ես փշրված էի։ Եղբայրներն ու քույրերը իսկույն օգնության հասան ինձ։ Նրանց շնորհիվ կարողացա իմ մեջ ուժ գտնել, որ Հիշատակի երեկոյի ելույթի ընթացքում զսպեմ արցունքներս ու օգնեմ մի հետաքրքրվող կնոջ, որ Աստվածաշնչում գտնի ընթերցվող համարները։ Ինձ համար զորության մեծ աղբյուր էր Ֆու-լոնի սիրելի համարներից մեկը. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից... «Ես կօգնեմ քեզ»» (Եսայիա 41։13

 Ֆու-լոնի մահից 7 տարի անց Հոնկոնգի եղբայրներն առաջարկեցին, որ ավելի մեծ մասնաճյուղ տեղափոխվեմ, որտեղ հնարավոր կլինի ավելի ինտենսիվ կերպով հոգ տանել իմ առողջության մասին։ Ուստի 2015 թ.-ին տեղափոխվեցի Հարավաֆրիկյան Հանրապետության մասնաճյուղ, որի մոտակայքում այն վայրն է, որտեղ 1947 թ.-ին առաջին անգամ լսեցի ճշմարտությունը։

 Եհովային ծառայելու ընթացքում երջանիկ տարիներ եմ վայելել։ Հստակ զգում եմ, որ Եհովան օրհնել է իմ պատրաստակամությունը։ Առայսօր կապի մեջ եմ իմ նախկին ուսումնասիրողների հետ, ովքեր հավատարմորեն ծառայում են Եհովային։ Տեսել եմ, թե Եհովան ինչպես է օրհնում քարոզչական գործում փոքր թվացող ներդրումները։ Օրինակ՝ Պերուում 1958 թ.-ին մոտ 760 քարոզիչ կար, իսկ 2021 թ.-ին նրանց թիվը հասավ 133 000-ի։ Հոնկոնգում էլ 1965 թ.-ին մոտ 230 քարոզիչ կար, իսկ 2021 թ.-ին՝ 5 565։

 Տարիքիս պատճառով չեմ կարող անել այնքան, որքան նախկինում։ Բայց չեմ կորցրել իմ պատրաստակամությունը։ Անհամբեր սպասում եմ, որ նույն ոգին դրսևորեմ Եհովայի նոր աշխարհում։ Համոզված եմ, որ այնտեղ շատ գործ կունենանք անելու, ու ես խանդավառությամբ կասեմ. «Կգնա՛մ»։

a Իմանալու համար, թե Ֆու-լոն Լիանգը ինչպես է ընդունել ճշմարտությունը, տես 1974 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 51 (անգլ.)։

b Կվուն Տոնգում Ֆու-լոնի հետ պատահած դեպքերից մեկի մասին ընթերցելու համար տես 1974 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը», էջ 63 (անգլ.)։