Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԻԼՏԻԱԴԻՍ ՍՏԱՎՐՈՒ | ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

«Զգացել ենք Եհովայի հոգատարությունն ու առաջնորդությունը»

«Զգացել ենք Եհովայի հոգատարությունն ու առաջնորդությունը»

Երբ մոտ 13 տարեկան էի, իմ տարիքի պատանիներից շատերի պես սիրում էի նայել Տրիպոլիի (Լիբանան) մեր փողոցով անցնող մեքենաներին։ Դրանցից մեկը հատկապես գրավել էր ուշադրությունս։ Այն գեղեցիկ, կարմիր ամերիկյան մեքենա էր, որը պատկանում էր մի սիրիացի տղամարդու։ Չեք պատկերացնի, թե որքան զարմացա, երբ մեր ուղղափառ եկեղեցու քահանան ասաց, որ քարկոծենք այն, քանի որ դրա տերը Եհովայի վկա է։

 Քահանային ասացինք, որ կարող ենք վնասել վարորդին։ Նա պատասխանեց. «Սպանեք նրան և իմ թիկնոցով մաքրեք արյունը ձեր ձեռքերից»։ Թեև շատ հպարտ էի, որ հունական ուղղափառ եկեղեցու անդամ էի, սակայն նրա կտրուկ խոսքերը ինձ դրդեցին հետագայում թողնել այդ կրոնը։ Այդ դեպքի մասին մտածելիս հասկանում եմ, որ այն օգնեց ինձ բացահայտել Եհովայի մասին ճշմարտությունը։

Բացահայտում եմ Եհովայի մասին ճշմարտությունը

 Տրիպոլի նավահանգստային քաղաքում կյանքը եռում էր։ Քաղաքը լի էր տարբեր մշակույթների, լեզուների և կրոնների պատկանող մարդկանցով։ Յուրաքանչյուր ընտանիք հպարտ էր իր ծագմամբ, ու իմ ընտանիքը բացառություն չէր։ Ավագ եղբայրներս ու ես միացել էինք «Հավատի զինվորներ» կոչվող խմբին, a որը հակառակվում էր Եհովայի վկաներին։ Մենք երբևէ չէինք հանդիպել որևէ Վկայի, բայց մեր քահանան ասել էր, որ նրանք ավազակախումբ են, որը դեմ է հունական ուղղափառ եկեղեցուն, և որ նրանց առաջնորդի անունը Եհովա է։ Նա նաև բազմիցս ասել էր, որ պետք է հարձակվենք Վկաների վրա, երբ հանդիպենք նրանց։

 Երեք եղբայրներս հանդիպել էին Եհովայի վկաների, բայց ես դրա մասին չգիտեի։ Նրանց նկատմամբ բռնություն գործադրելու փոխարեն նրանք համաձայնել էին Աստվածաշունչ ուսումնասիրել, որպեսզի ապացուցեն, որ վերջիններս սխալ են։ Մի երեկո, երբ տուն եկա, տեսա՝ մեր հյուրասենյակը լի էր Վկաներով, որոնք Աստվածաշունչ էին քննարկում ընտանիքիս անդամների և մեր հարևանների հետ։ Շատ վրդովվեցի։ Մտածում էի՝ եղբայրներս ինչպե՞ս են կարողացել դավաճանել ուղղափառ եկեղեցուն։ Արդեն պատրաստվում էի հեռանալ, երբ մեր հարևաններից մեկը, ով հայտնի ատամնաբույժ էր և Եհովայի վկա, ինձ ասաց, որ նստեմ ու լսեմ։ Մեր ընտանիքի ընկերներից մեկը իմ Աստվածաշնչից բարձրաձայն կարդում էր Սաղմոս 83։18 համարը։ Այդ պահին հասկացա, որ մեր քահանան ստել էր։ Եհովան ավազակախմբի ղեկավարը չէր. նա միակ ճշմարիտ Աստվածն էր։

Մկրտությունիցս կարճ ժամանակ անց

 Ուզում էի ավելին իմանալ Եհովայի մասին, ուստի սկսեցի մասնակցել Աստվածաշնչի ուսումնասիրությանը, որը մեր տանը անցկացնում էր եղբայր Միշել Աբուդը։ Մի օր ուսումնասիրությանը ներկաներից մեկը մի հարց բարձրացրեց, որի պատասխանը ցանկանում էի իմանալ դեռ մանկուց։ Նա հարցրեց. «Ասա մեզ, ո՞վ է ստեղծել Աստծուն»։ Եղբայր Աբուդը մեր ուշադրությունը հրավիրեց բազմոցին պառկած կատվի վրա։ Նա ասաց, որ կատուները չեն կարող հասկանալ մարդկանց խոսքերն ու տրամաբանությունը։ Նմանապես, մենք անկարող ենք Աստծու մասին շատ բաներ ըմբռնել։ Այդ պարզ օրինակով հասկացա, որ Եհովայի մասին կան բաներ, որոնք լիովին չէի կարող ըմբռնել։ Դրանից շատ չանցած՝ 1946 թ.-ին՝ 15 տարեկանում, նվիրվեցի Եհովա Աստծուն և մկրտվեցի։

Ռահվիրայությունը կյանքիս իմաստ է հաղորդում

 1948 թ.-ին սկսեցի աշխատել եղբորս՝ Հանայի հետ։ Նա լուսանկարչական բիզնես ուներ։ Հանայի խանութը գտնվում էր Նաջիբ Սալեմի b ներկարարական արհեստանոցի կողքին։ Նաջիբը անվախ ավետարանիչ էր, և նա այդպիսին մնաց մինչև իր մահը (եղբայր Նաջիբը մահացել է 100 տարեկանում)։ Գյուղերում քարոզելիս հիանում էի նրա համարձակությամբ, որը նա դրսևորում էր՝ չնայած հակառակությանը։ Թվում էր՝ նա կարող է Աստվածաշնչի մասին զրույց սկսել ցանկացածի հետ՝ անկախ նրա կրոնից։ Եղբայր Սալեմի եռանդուն օրինակը խոր ազդեցություն թողեց ինձ վրա։

Նաջիբ Սալեմը (հետևի շարքի աջ կողմում) մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա

 Մի օր Միացյալ Նահանգներից մեր աշխատավայր եկավ Մերի Շայա անունով լիբանանցի մի քույր։ Նա շատ զբաղված առօրյա ուներ, քանի որ պետք է հոգ տաներ իր երեխաների մասին և ռահվիրա ծառայեր։ Այդ այցը շրջադարձային եղավ իմ կյանքում։ Մերին ավելի քան երկու ժամ պատմեց ծառայության ժամանակ իր հետ տեղի ունեցած դեպքերը։ Մինչ գնալը նա նայեց ինձ և ասաց. «Միլտո՛, ամուրի ես, ինչո՞ւ ռահվիրա չես»։ Ես ասացի, որ չեմ կարող, որովհետև պետք է աշխատեմ, որ ապրուստի գումար վաստակեմ։ Հետո նա հարցրեց. «Որքա՞ն ժամանակ է, որ զրուցում ենք»։ Ասացի՝ մոտ երկու ժամ։ Մերին ասաց. «Չնկատեցի, որ այս ընթացքում շատ էիր աշխատում։ Եթե ամեն օր մոտավորապես այսքան ժամ քարոզես, կարող ես ռահվիրա ծառայել։ Պարզապես փորձիր մեկ տարի և հետո որոշիր՝ շարունակե՞լ, թե՞ ոչ»։

 Թեև իմ մշակույթի տղամարդիկ դժվարությամբ են կնոջից խորհուրդ ընդունում, բայց նրա առաջարկն ինձ ողջամիտ թվաց։ Երկու ամիս անց՝ 1952 թ. հունվարին, սկսեցի ռահվիրա ծառայել։ Իսկ մոտ 18 ամիս անց հրավեր ստացա սովորելու «Գաղաադ» դպրոցի 22-րդ դասարանում։

Ընտանիքիս անդամներն ու ընկերներս եկել էին հրաժեշտ տալու «Գաղաադ» դպրոց գնալուց առաջ (1953 թ.)

 «Գաղաադն» ավարտելուց հետո նշանակվեցի Մերձավոր Արևելք։ Մեկ տարի չանցած՝ ամուսնացա Դորիս Վուդի հետ, ով մի կենսուրախ միսիոներ էր Անգլիայից։ Նա նույնպես ծառայում էր Մերձավոր Արևելքում։

Աստվածաշնչյան ճշմարտությունները պատմում ենք Սիրիայում

 Ամուսնությունից կարճ ժամանակ անց ես և Դորիսը նշանակվեցինք Հալեպ (Սիրիա)։ Քանի որ մեր գործունեությունը այնտեղ արգելքի տակ էր, Աստվածաշունչ ուսումնասիրողների մեծ մասին մենք գտել էինք ծանոթների ուղղորդմամբ։

 Մի օր այցելեցինք մի կնոջ, ով հետաքրքրվել էր Աստվածաշնչով։ Նա վախենալով բացեց դուռը և ասաց. «Զգո՛ւյշ եղեք։ Հենց նոր ոստիկանությունից էին եկել, ուզում էին իմանալ՝ որտեղ եք ապրում»։ Ակնհայտ էր, որ ոստիկանության գաղտնի գործակալները գիտեին, թե որտեղ ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնում։ Զանգահարեցինք այն եղբայրներին, որոնք վերահսկում էին Մերձավոր Արևելքի քարոզչական գործը, ու նրանք մեզ խորհուրդ տվեցին անհապաղ լքել երկիրը։ Թեև շատ տխուր էինք, որ թողնելու էինք Աստվածաշունչ ուսումնասիրողներին, բայց զգացինք Եհովայի պաշտպանությունը։

Զգում ենք Եհովայի առաջնորդությունը Իրաքում

 1955 թ.-ին նշանակվեցինք Բաղդադ (Իրաք)։ Չնայած Իրաքում մենք կարող էինք զգուշորեն քարոզել բոլոր մարդկանց, սակայն մեր ջանքերը հիմնականում կենտրոնացրինք քրիստոնյաների վրա։

Իրաքում՝ մեր հավատակիցների հետ

 Նաև փորձում էինք շուկայում կամ փողոցներում ընկերական զրույցներ սկսել մուսուլմանների հետ։ Դորիսը հաճախ ասում էր մի բան, որը դուր կգար իր հանդիպած մարդկանց, օրինակ՝ «հայրս ասում էր՝ մենք բոլորս պատասխան պետք է տանք Աստծուն» (Հռոմեացիներ 14։12)։ Հետո ավելացնում էր. «Այս միտքը շատ է օգնել ինձ կյանքում։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք»։

 Մոտ երեք տարի հաճույքով ծառայեցինք Բաղդադում՝ օգնելով եղբայրներին կազմակերպել քարոզչական գործը։ Մեր միսիոներական տանը արաբերենով ժողովի հանդիպումներ էինք անցկացնում։ Շատ ուրախ էինք ընդունել անկեղծ մարդկանց ասորական համայնքից՝ էթնիկ խումբ, որը կազմված է հիմնականում այսպես կոչված քրիստոնյաներից։ Հանդիպումների ժամանակ մեր սերն ու միասնությունը տեսնելով՝ նրանք հասկացան, որ իրականում մենք ենք Հիսուսի աշակերտները (Հովհաննես 13։35

Բաղդադի մեր միսիոներական տանը ժողովի հանդիպումներ էինք անցկացնում

 Խաղաղության մասին մեր բարի լուրին արագ արձագանքողների թվում էր Նիկոլաս Ազիզ անունով մի մարդ։ Նա շատ խոնարհ էր ու մեղմ և հայկական ու ասորական արմատներ ուներ։ Նիկոլասը և նրա կինը՝ Հելենը, անմիջապես ընդունեցին այն, որ, ըստ Աստվածաշնչի, Եհովան և նրա որդին՝ Հիսուսը, տարբեր անձնավորություններ են (1 Կորնթացիներ 8։5, 6)։ Մտքումս դեռ թարմ է այն օրը, երբ Նիկոլասը և 20 հոգի մկրտվեցին Եփրատ գետում։

Եհովան մեզ մենակ չի թողնում Իրանում

Իրան, 1958 թ.

 Պետական հեղաշրջումից որոշ ժամանակ անց, որը հանգեցրեց Իրաքի թագավոր Ֆայսալ II-ի մահվանը, 1958 թ. հուլիսի 14-ին մեզ արտաքսեցին Իրան։ Այնտեղ մենք զգուշորեն շարունակեցինք մեր ծառայությունը. մոտ վեց ամիս քարոզեցինք օտարերկրացիներին։

 Իրանի մայրաքաղաք Թեհրանից հեռանալուց անմիջապես առաջ ինձ տարան ոստիկանություն՝ հարցաքննության։ Այդ ժամանակ հասկացա, որ այդ ողջ ընթացքում նրանց ուշադրության կենտրոնում ենք եղել։ Հարցաքննությունից հետո զանգեցի Դորիսին և ասացի, որ ոստիկանությունը հետևել է մեզ։ Որոշեցինք, որ մեր իսկ անվտանգությունից ելնելով՝ տուն չեմ վերադառնա, և որ մինչև երկրից հեռանալը ես և Դորիսը չենք հանդիպի։

 Դորիսը մնալու մի ապահով վայր գտավ, մինչև որ կարողանայինք հանդիպել օդանավակայանում։ Սակայն հարցն այն էր, թե ինչպես է նա աննկատ հասնելու այնտեղ։ Դորիսը այդ մասին աղոթեց Եհովային։

 Հանկարծ հորդառատ անձրև սկսվեց, որի պատճառով բոլորը, այդ թվում՝ ոստիկանները ստիպված էին պատսպարվել։ Փողոցները դատարկվեցին, ու այժմ Դորիսը կարող էր ազատորեն տեղաշարժվել։ Նա ասում է. «Այդ հեղեղը իսկական հրաշք էր»։

 Իրանից հեռանալուց հետո մենք նշանակվեցինք այլ տարածք, որտեղ քարոզեցինք տարբեր էթնիկ և կրոնական ծագում ունեցող մարդկանց։ 1961 թ.-ին մենք շրջանային ծառայություն էինք կատարում՝ այցելելով Մերձավոր Արևելքի տարբեր մասերում ապրող մեր հավատակիցներին։

Ականատես ենք լինում, թե ինչպես է Եհովայի ոգին գործում

 Մերձավոր Արևելքում մեր ծառայության մեջ շատ հնարավորություններ ունեի տեսնելու, թե ինչպես է Աստծու ոգին միավորում մարդկանց։ Դեռ հիշում եմ այն աշխույժ քննարկումները, որ ունենում էի երկու պաղեստինցիների՝ Էդիի և Նիկոլասի հետ Աստվածաշունչ ուսումնասիրելիս։ Նրանք երկուսն էլ հաճախում էին մեր հանդիպումներին, սակայն դադարեցրին Աստվածաշնչի ուսումնասիրությունը իրենց խիստ քաղաքական հայացքների պատճառով։ Աղոթում էի, որ Եհովան բացեր նրանց սրտերը։ Երբ նրանք հասկացան, որ Աստված լուծելու է ոչ միայն պաղեստինցիների, այլև ողջ մարդկության խնդիրները, վերսկսեցին ուսումնասիրությունը (Եսայիա 2։4)։ Էդին և Նիկոլասը մի կողմ դրեցին իրենց ազգայնամոլական հայացքները և մկրտվեցին։ Հետագայում Նիկոլասը դարձավ եռանդուն շրջանային վերակացու։

 Երբ մի երկրից մյուսն էինք ճանապարհորդում, Դորիսն ու ես տպավորվում էինք մեր եղբայրների հավատարմությամբ, որը դրսևորվում էր՝ անկախ հանգամանքներից։ Քանի որ նրանք շատ բաներ էին դիմագրավում, նպատակ դրեցի իմ այցելությունների ժամանակ մխիթարել եղբայրներիս և քույրերիս (Հռոմեացիներ 1։11, 12)։ Այդ նպատակին հասնելու համար միշտ ձգտել եմ հիշել, որ իմ հավատակիցներից ավելի լավը չեմ (1 Կորնթացիներ 9։22)։ Հավատակիցներիս քաջալերելը ինձ մեծ բավականություն էր պատճառում։

 Անչափ հուզիչ էր տեսնել, թե ինչպես են շատերը, ում հետ Աստվածաշունչ ենք ուսումնասիրել, դառնում Եհովայի հավատարիմ ծառաներ։ Նրանցից մի քանիսը իրենց ընտանիքների հետ տեղափոխվել են արտերկիր՝ զինված հակամարտություններից խուսափելու համար։ Սակայն նրանք օրհնություն են դարձել Ավստրալիայի, Կանադայի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների արաբախոս դաշտի համար։ Վերջին տարիներին նրանց զավակներից ոմանք վերադարձել են Մերձավոր Արևելք՝ ծառայելու այնտեղ, որտեղ քաջ ավետարանիչների մեծ կարիք կա։ Ինձ և Դորիսի համար մեծ ուրախություն է շրջապատված լինել այսքան հոգևոր երեխաներով ու թոռներով։

Միշտ Եհովային ենք ապավինում

 Մեր ողջ կյանքի ընթացքում շատ առումներով ենք զգացել Եհովայի հոգատարությունն ու առաջնորդությունը։ Այնքան երախտապարտ եմ, որ նա օգնեց ինձ ազատվել այն նախապաշարումից և ազգային հպարտությունից, որը ձեռք էի բերել երիտասարդ տարիքում։ Համարձակ և անկողմնակալ հավատակիցներից ստացած ուսուցումը ինձ պատրաստեց աստվածաշնչյան ճշմարտությունը տանելու տարբեր ծագում ունեցող մարդկանց։ Մի երկրից մյուսը տեղափոխվելիս ես և Դորիսը բախվում էինք բազմաթիվ դժվարությունների։ Հաճախ չգիտեինք, թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը։ Բայց դա մեզ սովորեցրեց ամբողջությամբ ապավինել Եհովա Աստծուն, ոչ թե ինքներս մեզ (Սաղմոս 16։8

 Երբ մտածում եմ այն տասնամյակների մասին, որոնք անցկացրել եմ Եհովային ծառայելով, հասկանում եմ, որ շատ բան եմ պարտական իմ երկնային Հորը։ Ես համաձայն եմ իմ սիրելի Դորիսի հետ, որը հաճախ ասում է՝ ոչինչ, նույնիսկ մահվան սպառնալիքը, չպետք է խոչընդոտի, որ բացառիկ նվիրվածություն դրսևորենք Եհովայի հանդեպ։ Միշտ երախտապարտ կլինենք նրան, որ մեզ թույլ է տվել մասնակցել Մերձավոր Արևելքում բարի լուրի տարածմանը (Սաղմոս 46։8, 9)։ Մենք ապագային վստահությամբ ենք նայում՝ իմանալով, որ Եհովան կշարունակի առաջնորդել և պաշտպանել բոլոր իրեն ապավինողներին (Եսայիա 26։3

a Այս խմբի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար տես «Եհովայի վկաների տարեգիրք», 1980 թ., էջ 186-188 (անգլ.)։

b Նաջիբ Սալեմի կյանքի պատմությունը տպագրվել է «Դիտարանի» 2001 թ. սեպտեմբերի 1-ի համարում (էջ 22-26)։