Արդարության աղաղակները երբևէ կլսվե՞ն
Աշխարհը ողողված է անարդարությամբ։ Քննենք քրեական դատավարության երկու դեպք, որոնք հաստատում են այս փաստը։
2018 թ. հունվարին Միացյալ Նահանգներում դատավորը որոշում կայացրեց ազատ արձակել մի մարդու, որը բանտարկված էր մոտ 38 տարի։ Նա արդարացվեց ԴՆԹ թեստի արդյունքների հիման վրա։
1994 թ. սեպտեմբերին Աֆրիկայում երեք երիտասարդներ բանտարկվեցին, քանի որ համոզմունքի հիմնավորմամբ հրաժարվել էին զինծառայությունից։ 2020 թ. սեպտեմբերին լրացավ նրանց՝ բանտում գտնվելու 26 տարին։ Ընդ որում, նրանց նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել, և նրանք դատարանի առաջ չէին կանգնել։
Եթե անարդարության զոհ ես դարձել, գուցե զգացել ես այն, ինչ աստվածաշնչյան ժամանակներում ապրած Հոբը։ Նա այսպես արտահայտվեց. «Գոչում եմ օգնության համար, բայց արդարադատություն չկա» (Հոբ 19։7)։ Գուցե երազանք թվա, որ մի օր աշխարհում արդարություն կտիրի, սակայն Աստվածաշունչը խոստանում է, որ գալու է ժամանակ, երբ արդարության աղաղակները լսվելու են։ Իսկ մինչ այդ աստվածաշնչյան իմաստուն խորհուրդները կարող են օգնել քեզ դիմակայելու անարդարությանը։
Ո՞րն է անարդարության պատճառը
Անարդարության պատճառը Աստծու առաջնորդությունը մերժող մարդիկ են։ Աստվածաշնչում ասվում է, որ իսկական արդարությունը Աստծուց է բխում (Եսայիա 51։4)։ Աստվածաշնչում «արդարություն» և «արդարադատություն» թարգմանված բառերը սերտորեն կապված են իրար (Սաղմոս 33։5)։ Այն գործերը, որոնք, ըստ Աստծու չափանիշների, արդար և ճիշտ են, արդարություն են առաջ բերում։ Դրան հակառակ՝ անարդարություն է տիրում, երբ մարդիկ ոտնահարում են Աստծու չափանիշները, այսինքն՝ մեղք են գործում։ Նկատի առնենք հետևյալ օրինակները։
Եսասիրություն։ Եսասիրական ցանկությունները և մեղքը փոխկապակցված են (Հակոբոս 1։14, 15)։ Իրենց ուզածին հասնելու համար շատերը անարդար են վարվում ուրիշների հետ և շահագործում են նրանց, այնինչ Աստված հորդորում է ուրիշների օգուտը փնտրել (1 Կորնթացիներ 10։24)։
Չիմացություն։ Շատ մարդիկ չեն էլ գիտակցում, որ անարդար են վարվում ուրիշների հետ, սակայն Աստծու համար դա նույնպես մեղք է (Հռոմեացիներ 10։3)։ Իրականում հենց չիմացության պատճառով տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ անարդարությունը՝ Հիսուս Քրիստոսի մահապատիժը (Գործեր 3։15, 17)։
Ձախողված համակարգ։ Այս աշխարհի քաղաքական, առևտրային և կրոնական համակարգերը պետք է նպաստեն հասարակության մեջ անաչառ վերաբերմունքի դրսևորմանը և արդարության հաստատմանը։ Սակայն հաճախ հենց այս համակարգերի գործունեության հետևանքով առաջանում են բազմաթիվ սխալներ, կոռուպցիա, ագահություն, ֆինանսական ծայրահեղ անհավասարություն և անհանդուրժողականություն, որոնք էլ, իրենց հերթին, կարող են անարդարության պատճառ դառնալ։ Այս համակարգերին աջակցող մարդիկ հաճախ լավ մղումներ ունեն։ Բայց, ըստ էության, Աստծու առաջնորդությունը մերժող բոլոր մարդկանց ջանքերը դատապարտված են ձախողման (Ժողովող 8։9; Երեմիա 10։23)։
Աստծուն մտահոգո՞ւմ է աշխարհում տիրող անարդարությունը
Այո՛։ Նա ատում է անարդարությունը և այն ամենը, ինչը անարդարության պատճառ է դառնում (Առակներ 6։16–18)։ Աստծու ներշնչմամբ Եսայիա մարգարեն գրեց հետևյալ խոսքերը. «Ես՝ Եհովաս, a արդարություն եմ սիրում, ատում եմ կողոպուտն ու անարդարությունը» (Եսայիա 61։8)։
Իսրայելացիներին տրված Օրենքից երևում է, որ Աստված ցանկանում էր՝ իր ժողովուրդը արդարություն գործադրեր։ Նա պատվիրել էր դատավորներին կաշառք չվերցնել և չանել այնպիսի գործեր, որոնք կխեղաթյուրեին արդարությունը (2 Օրենք 16։18–20)։ Աստված դատապարտեց այն իսրայելացիներին, որոնք, անտեսելով իր պատվիրանները, շահագործում էին աղքատներին ու խեղճերին։ Նա ի վերջո մերժեց նրանց իր չափանիշներին չհետևելու համար (Եսայիա 10։1–3)։
Աստված վերջ կդնի՞ անարդարությանը
Այո՛։ Հիսուս Քրիստոսի միջոցով Աստված կվերացնի անարդարության արմատը՝ մեղքը, և մարդկանց կատարյալ կդարձնի (Հովհաննես 1։29; Հռոմեացիներ 6։23)։ Նա մի Թագավորություն է հաստատել, որը նոր աշխարհ է ստեղծելու, որտեղ արդարություն է տիրելու (Եսայիա 32։1; 2 Պետրոս 3։13)։ Աստծու երկնային Թագավորության մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը։
Ինչպիսի՞ն կլինի կյանքը արդար նոր աշխարհում
Երբ ամբողջ աշխարհում արդարություն տիրի, բոլոր մարդիկ խաղաղության և ապահովության մեջ կբնակվեն (Եսայիա 32։16–18)։ Աստծու համար բոլոր մարդկանց կյանքը հավասարապես թանկ է, այդ իսկ պատճառով բոլորի հանդեպ արդարություն է գործադրվելու։ Անարդարության հետևանքով առաջացած տխրությունը, ցավն ու տառապանքը առհավետ կվերանան, անգամ կջնջվեն դրանց մասին հիշողությունները (Եսայիա 65։17; Հայտնություն 21։3, 4)։ Հավելյալ տեղեկությունների համար տես «Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը» հոդվածը։
Կարո՞ղ ես վստահել Աստծու այս խոստմանը
Այո՛։ Պատմությունը փաստել է, որ Աստվածաշնչի մարգարեությունները վստահելի են, և որ Աստվածաշունչը թե՛ պատմական, թե՛ գիտական տեսանկյունից ճշգրիտ է ու ներդաշնակ։ Ուստի դու կարող ես վստահել այնտեղ գրված խոստումներին։ Հավելյալ տեղեկությունների համար տես ներքոհիշյալ նյութերը։
«Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» (տեսանյութ)
«Ճշգրիտ մարգարեությունների գիրք»
Արժե՞ այսօր պայքարել անարդարության դեմ
Աստվածաշնչյան ժամանակներում Աստծու ծառաները ամեն ինչ արել են, որ դիմակայեն անարդար վերաբերմունքին։ Օրինակ՝ Պողոս առաքյալը անարդար դատավարության պատճառով կարող էր մահապատժի ենթարկվել, մինչդեռ անարդարությանը համակերպվելու փոխարեն՝ նա օգտվեց իր իրավունքից և բողոքեց Կայսրին (Գործեր 25։8–12)։
Այդուհանդերձ, անարդարությունը վերացնելու մարդկանց ջանքերը դատապարտված են ձախողման (Ժողովող 1։15)։ Սակայն շատերը, չնայած անարդարությանը, հաղթահարել են ներքին անհանգստություններն ու ձեռք են բերել մտքի խաղաղություն, քանի որ հավատ են զարգացրել Աստծու խոստման հանդեպ, այն է՝ ստեղծել մի նոր աշխարհ, որտեղ արդարություն է տիրելու։
a Եհովան Աստծու անունն է (Սաղմոս 83։18)։