ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Հրաձգություն դպրոցում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
2022 թ. մայիսի 24-ին Տեխաս նահանգի փոքրիկ Ուվալդ քաղաքում (ԱՄՆ) մեծ ողբերգություն է տեղի ունեցել։ Ըստ «The New York Times»-ի՝ «զինված երիտասարդը ներխուժել է «Ռոբ» տարրական դպրոց և սպանել 19 երեխայի և երկու ուսուցչի»։
Ցավոք սրտի, նման սարսափազդու դեպքերը հազվադեպ չեն։ «USA Today» լրատվականը հայտնում է, որ միայն Միացյալ Նահանգներում «նախորդ տարի դպրոցներում գրանցվել է 249 հրաձգության դեպք, ինչը 1970 թ.-ից մինչ օրս գրանցված ցուցանիշներից ամենաբարձրն է»։
Ինչո՞ւ են նման ողբերգություններ տեղի ունենում։ Ինչպե՞ս մեղմել նման դեպքերից հետո առաջացած ցավը։ Արդյոք հույս կա՞, որ բռնությունը մի օր կվերանա։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցերին։
Ինչո՞ւ է աշխարհը լցվել չարությամբ
Այս ժամանակաշրջանը, որում ապրում ենք, Աստվածաշնչում կոչվում է «վերջին օրեր»։ Այնտեղ ասվում է, որ այդ օրերում մարդիկ կլինեն «բնական կապվածություն չունեցող» և «դաժան», ինչը նշանակում է, որ նրանք բռնի ու սարսափելի արարքներ են գործելու։ Նաև գրված է, որ նման արարքներ գործողները «ավելի ու ավելի առաջ կգնան չարության մեջ» (2 Տիմոթեոս 3։1-5, 13)։ Այս թեմայի վերաբերյալ ավելին իմանալու համար կարդացեք «Աստվածաշնչում կանխագուշակվե՞լ է ժամանակակից մարդկանց մտածելակերպի ու վարվելակերպի մասին» հոդվածը։
Ոմանց տանջում է հետևյալ հարցը. «Ինչո՞ւ Աստված չի կանխում այնպիսի սարսափելի դեպքերը, ինչպիսիք են դպրոցում տեղի ունեցող հրաձգությունները»։ Այս հարցի աստվածաշնչյան պատասխանը իմանալու համար կարդացեք «Լավ մարդկանց վատ բաներ են պատահում. ինչո՞ւ» հոդվածը։
Ինչպե՞ս մեղմել նման դեպքերից հետո առաջացած ցավը
«Ամեն ինչ, որ նախապես գրվեց, մեր ուսուցման համար գրվեց, որպեսզի.... Սուրբ Գրքերի տված մխիթարությամբ հույս ունենանք» (Հռոմեացիներ 15։4)։
Աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել ձեզ, որ շարունակեք դիմանալ՝ չնայած աշխարհի չարությանը։ Ավելին իմանալու համար կարդացեք «Բռնությունը երբևէ վերջ կգտնի՞» վերնագրով «Արթնացե՛ք» պարբերագիրը։
«Անհանգստացնող նորություններ ու ձեր երեխաները» հոդվածում ծնողները կարող են գտնել գործնական խորհուրդներ, թե ինչպես օգնել երեխաներին, երբ նրանք վախեցնող լուրեր են լսում։
Բռնությունը երբևէ կվերանա՞
«Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (Սաղմոս 72։14)։
«Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Միքիա 4։3)։
Աստված կանի այն, ինչ մարդիկ անկարող են. իր երկնային կառավարության՝ Թագավորության միջոցով նա կվերացնի թե՛ զենքերը, թե՛ բռնությունը։ Աստծու Թագավորության նպատակների մասին ավելին իմանալու համար կարդացեք «Աստծու Թագավորության ներքո «խաղաղության առատություն կլինի»» հոդվածը։