Ի՞նչ է Աստվածաշնչում մարգարեացված մեծ երկրաշարժերի մասին
Ամեն տարի տասնյակ հազարավոր երկրաշարժեր են լինում։ Թեև դրանց մեծ մասը թեթև երկրաշարժեր են, սակայն ուժեղները կարող են լայնամասշտաբ ավերածությունների, տառապանքի և մարդկային կորուստների պատճառ դառնալ։ Երբեմն դրանք ցունամիներ են առաջ բերում, որոնք էլ իրենց հերթին ավերում են ափամերձ տարածքները՝ խլելով այնտեղ ապրող բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Արդյո՞ք Աստվածաշնչում կանխագուշակված էր նման մեծ երկրաշարժերի մասին։
Այս հոդվածում՝
Արդյո՞ք Աստվածաշնչում կանխագուշակված էր նման մեծ երկրաշարժերի մասին
Աստվածաշնչում երկրաշարժերի մասին խոսվում է Հիսուսի տված մարգարեության մեջ։ Նրա խոսքերը արձանագրված են աստվածաշնչյան երեք գրքերում։ Կարդում ենք.
«Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։
«Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, տեղ-տեղ երկրաշարժեր ու սովեր կլինեն» (Մարկոս 13։8)։
«Մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-տեղ՝ համաճարակներ ու սովեր» (Ղուկաս 21։10)։
Հիսուսը կանխագուշակեց, որ «մեծ երկրաշարժերը» լինելու էին «տեղ-տեղ» և պատերազմների, սովերի ու համաճարակների հետ միասին։ Այս բոլոր իրադարձությունների ամբողջությունը բնորոշում է մարդկության պատմության մի ժամանակաշրջան, որը կոչվում է «աշխարհի վախճան» կամ «վերջին օրեր» (Մատթեոս 24:3; 2 Տիմոթեոս 3:1)։ Ըստ աստվածաշնչյան ժամանակագրության՝ «վերջին օրերը» սկսվել են 1914 թ.-ին և դեռ չեն ավարտվել։
Արդյո՞ք ներկայիս երկրաշարժերը աստվածաշնչյան մարգարեության կատարումն են
Այո՛։ Հիսուսի մարգարեությունը, այդ թվում այն, ինչ նա ասաց երկրաշարժերի վերաբերյալ, իրականանում է մեր օրերում։ 1914 թ.-ից սկսած՝ ավելի քան 1 950 ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնք ավելի քան երկու միլիոն մարդու կյանք են խլել։ a Ահա մի քանի օրինակ, որոնք տեղի են ունեցել այս հարյուրամյակում։
2004 թ. Հնդկական օվկիանոս։ 9,1 մագնիտուդով երկրաշարժը ցունամիի պատճառ դարձավ, որը հարվածեց տասնյակ երկրների ու 225 000 մարդու կյանք խլեց։
2008 թ. Չինաստան։ 7,9 մագնիտուդով երկրաշարժը ավերեց քաղաքներ ու գյուղեր՝ ընդհանուր հաշվով սպանելով 90 000 հոգու։ Երկրաշարժից վնասվածքներ ստացան մոտ 375 000 մարդ, միլիոնավորներն էլ մնացին անօթևան։
2010 թ. Հայիթի։ 7 մագնիտուդով երկրաշարժը, որին հետևեցին մի քանի հետցնցումներ, մոտ 300 000 մարդու կյանք խլեց, իսկ միլիոնից ավելի մարդիկ մնացին անօթևան։
2011 թ. Ճապոնիա։ 9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամին սպանեց մոտ 18 500 մարդու, իսկ հարյուր հազարավոր մարդկանց անտուն թողեց։ Վնասվեց Ֆուկուսիմայի ատոմակայանը, որն էլ միջուկային աղետի պատճառ դարձավ։ Տասը տարի անց մոտ 40 000 մարդ դեռ վախենում է վերադառնալ տուն, քանի որ էլեկտրակայանի մոտակայքը համարվում է բարձր ռադիացիոն գոտի։
Երկրաշարժերի մասին աստվածաշնչյան մարգարեությունը ի՞նչ է նշանակում մեզ համար
Երկրաշարժերի մասին աստվածաշնչյան մարգարեությունը մեզ զգուշացնում է, թե ինչ է տեղի ունենալու մոտ ապագայում։ Հիսուսն ասել է. «Նմանապես, երբ տեսնեք այս բաները կատարվելիս, իմացեք, որ Աստծու թագավորությունը մոտ է» (Ղուկաս 21։31)։
Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու Թագավորությունը իրական կառավարություն է, որի թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Սա այն Թագավորությունն է, որի մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել (Մատթեոս 6:10)։
Երբ Աստծու Թագավորությունը սկսի իշխել երկրի վրա, այն կվերացնի բնական աղետները, այդ թվում՝ երկրաշարժերը, որոնք այդքան վնասներ են պատճառում մարդկանց (Եսայիա 32:18)։ Բայց որ ամենակարևորն է, այն կվերացնի ներկայիս երկրաշարժերի պատճառած ֆիզիկական ու զգացական ցավը (Եսայիա 65:17; Հայտնություն 21:3, 4)։ Այս մասին ավելին իմանալու համար կարդա «Ի՞նչ է իրագործելու Աստծու Թագավորությունը» հոդվածը։
a Վիճակագրական տվյալները ըստ՝ «Global Significant Earthquake Database»-ի, որը տեղեկությունները ստանում է Ամերիկայի Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունից։