Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Կյանքը նորից առաջվանը կլինի՞։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել կորոնավիրուսի հետքերն իր վրա կրող աշխարհին

Կյանքը նորից առաջվանը կլինի՞։ Ինչպե՞ս կարող է Աստվածաշունչն օգնել կորոնավիրուսի հետքերն իր վրա կրող աշխարհին

 «Բոլորս էլ ցանկանում ենք, որ մեր կյանքը առաջվանը լինի» (Անգելա Մերկել, Գերմանիայի կանցլեր)։

 Թերևս համաձայն ես այս խոսքերի հետ, քանի որ COVID-19 համավարակը շարունակում է իր «շրջագայությունը» համայն աշխարհում։ Իսկ ի՞նչ նկատի ունենք՝ առաջվա կյանք ասելով։ Մարդիկ ի՞նչ են ուզում անել։

  •   Ապրել առաջվա պես։ Որոշ մարդիկ ցանկանում են առավել ակտիվ կյանք՝ գրկախառնություններով, ձեռքսեղմումներով և ճամփորդություններով լի։ Դոկտոր Անտոնիո Ֆաուչին a ասում է. «Մարդկանց համար առաջվա կյանքին վերադառնալը ներառում է ռեստորաններ, թատրոններ և նման այլ վայրեր հաճախելը»։

  •   Բարելավել կյանքի որակը։ Ոմանց համար այս ժամանակաշրջանը իրենց կյանքը դեպի լավը փոխելու հիանալի հնարավորություն է։ Նրանց կարծիքով՝ այս աշխարհում կան բաներ, որոնք պետք է փոխել, օրինակ՝ շատ ժամանակ և ուժ պահանջող աշխատանքները, սոցիալական անհավասարությունը և մտային առողջության վրա ազդող բաները։ Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր Կլաուս Շվաբը ասում է. «Համավարակը անցյալի մասին մտածելու, աշխարհը ձևափոխելու և նորը դարձնելու բացառիկ հնարավորություն է ընձեռում»։

 Ոմանց էլ համավարակը այնքան է ուժասպառ արել, որ «նորմալ» կյանքին վերադառնալը լոկ երազանք է թվում, որովհետև նրանք կորցրել են իրենց աշխատանքը, տունը, առողջությունը, հնարավոր է՝ նաև սիրելիներից ոմանց։

 Իհարկե, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսին կլինի կյանքը համավարակից հետո (Ժողովող 9։11)։ Սակայն Աստվածաշունչը կարող է օգնել մեզ իրատես լինել և պատրաստ լինել ապագա իրադարձություններին։ Բացի այդ՝ Աստվածաշունչը վստահեցնում է, որ մեզ յուրահատուկ ապագա է սպասում. ապագա, որը վեր է մեր սպասելիքներից։

Ճիշտ տեսակետ զարգացրու COVID-19 համավարակի նկատմամբ

 Շատ տարիներ առաջ Աստվածաշնչում ասվել է, որ «աշխարհի վախճանի» ժամանակ «համաճարակներ» են լինելու (Ղուկաս 21։11; Մատթեոս 24։3)։ Փաստորեն, երբ համավարակին նայում ենք աստվածաշնչյան մարգարեությունների լույսի ներքո, հասկանում ենք, որ այն կանխագուշակված նշանակալի իրադարձություններից մեկն է, որը պետք է լիներ (պատերազմներ, մեծ երկրաշարժեր և սովեր)։

 Այս փաստի գիտակցումն ինչպե՞ս է օգնում։ Ճիշտ է, համավարակի ցուցանիշները գուցե նվազեն, սակայն Աստվածաշնչում ասվում է, որ մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Վերոհիշյալ փաստը կօգնի կյանքից իրատեսական ակնկալիքներ ունենալ այս դժվար ժամանակներում։

 Աստվածաշունչն օգնում է հասկանալ, որ այս չար աշխարհը շուտով մեծ փոփոխությունների է ենթարկվելու։ Իսկ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։

Մեր սպասելիքները գերազանցող ապագա

 Աստվածաշնչում կանխագուշակված է ոչ միայն մերօրյա դժվարությունների, այլև հրաշալի ապագայի մասին, որը իրեն երկար սպասել չի տա։ Այնտեղ խոսվում է մի ապագայի մասին, որին մարդկային կառավարությունները երբեք չեն կարող հասնել. ապագա, որը միայն Աստված է ի զորու տալ. «Նա կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։4

 Եհովա b Աստված նաև խոստանում է. «Ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21։5)։ Նա կվերացնի աշխարհի բոլոր, այդ թվում՝ համավարակի պատճառով սրված խնդիրները։ Աստված մեզ կտա՝

  •   կատարյալ մտային և ֆիզիկական առողջություն։ Այլևս չեն լինի հիվանդություններ և մահ (Եսայիա 25։8; 33։24

  •   գոհացուցիչ և բավարարվածություն պատճառող աշխատանք։ Այլևս չեն լինի տհաճ և ուժասպառ անող աշխատանքներ (Եսայիա 65։22, 23

  •   բարեկեցիկ կյանք։ Չեն լինի ո՛չ աղքատություն, ո՛չ սով (Սաղմոս 72։12, 13; 145։16

  •   ազատություն զգացական ցավերից, նաև մեր մահացած հարազատներին տեսնելու հնարավորություն (Եսայիա 65։17; Գործեր 24։15

 Այս փաստի գիտակցումն ինչպե՞ս է օգնում։ Աստվածաշնչում ասվում է. «Այս հույսը խարսխի նման է մեր հոգու [կամ՝ անձի] համար» (Եբրայեցիներ 6։19)։ Ապագայի այսպիսի հրաշալի հույսը մեզ դարձնում է հաստատուն, այսինքն՝ օգնում է դիմանալ դժվար իրավիճակներին, նվազեցնել անհանգստությունները և զգացական հավասարակշռություն պահպանել։

 Իսկ աստվածաշնչյան խոստումները վստահելի՞ են։ Տես «Աստվածաշունչ. ճշմարտության վստահարժան աղբյուր» հոդվածը։

Աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կօգնեն հարմարվել հետհամավարակային կյանքին

  •   Արժևորիր կյանքը

     Աստվածաշնչյան համար. «Իմաստությունը.... պահպանում է իրեն ձեռք բերողների կյանքը» (Ժողովող 7։12

     Ինչպե՞ս կարող ես կիրառել: Իմաստուն որոշումներ կայացրու, որպեսզի նվազեցնես հիվանդանալու հավանականությունը։ Տեղեկացիր, թե ինչ իրավիճակ է տիրում ձեր տարածքում. հաշվի առ առողջապահական և անվտանգության կանոնները, վարակի տարածվածության ցուցանիշները, և թե մարդկանց քանի տոկոսն է ամբողջությամբ պատվաստված։

  •   Զգույշ եղիր

     Աստվածաշնչյան համար. «Իմաստունը վախենում է և հեռու է մնում չարությունից, բայց հիմարը կատաղում է ու ինքնավստահ դառնում» (Առակներ 14։16

     Ինչպե՞ս կարող ես կիրառել: Շարունակիր քայլեր ձեռնարկել առողջությունդ պահպանելու համար։ Մասնագետները կանխատեսում են, որ կորոնավիրուսը դեռ որոշ ժամանակ «մեզ հետ կլինի»։

  •   Տեղեկություններ ստացիր վստահելի աղբյուրներից

     Աստվածաշնչյան համար. «Անփորձը հավատում է ամեն խոսքի, բայց խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15

     Ինչպե՞ս կարող ես կիրառել: Ուշադիր եղիր, թե ում խորհուրդներին կհետևես։ Դա կարևոր է, քանի որ եթե հետևես ապատեղեկատվության, հնարավոր է՝ վնասես առողջությունդ։

  •   Դրական տրամադրվածություն պահպանիր

     Աստվածաշնչյան համար. «Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստությունից չէ, որ տալիս ես այս հարցը» (Ժողովող 7։10

     Ինչպե՞ս կարող ես կիրառել: Վճռիր ներկայիս իրավիճակում անգամ անել քո լավագույնը։ Չափից շատ մի՛ մտածիր այն մասին, թե ինչպիսին էր կյանքը համավարակից առաջ, և մի՛ ափսոսա այն հնարավորությունների համար, որոնք կորցրել ես համավարակի սահմանափակումների պատճառով։

  •   Հարգիր ուրիշներին

     Աստվածաշնչյան համար. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց» (1 Պետրոս 2։17

     Ինչպե՞ս կարող ես կիրառել: Համավարակի և դրա հետևանքների հանդեպ մարդկանց վերաբերմունքը տարբեր է։ Հարգիր մյուսների որոշումները, սակայն թույլ մի՛ տուր, որ դրանք ազդեն քո կայացրած լավ որոշումների վրա։ Չպատվաստված, տարեց կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հետ շփվելու հարցում զգուշություն դրսևորիր։

  •   Համբերատար եղիր

     Աստվածաշնչյան համար. «Սերը համբերատար է ու բարի» (1 Կորնթացիներ 13։4

     Ինչպե՞ս կարող ես կիրառել: Հասկացողություն դրսևորիր այն մարդկանց հանդեպ, ովքեր վախենում են անել այն, ինչ նախքան համավարակը անում էին առանց անհանգստության։ Համբերություն դրսևորիր նաև, երբ սահմանափակումները թեթևացվեն, և ավելին անելու հնարավորություն ունենաս։

Ինչպե՞ս է Աստվածաշունչն օգնում շատերին համակերպվել համավարակին

 Եհովայի վկաներին շատ են մխիթարում սքանչելի ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները։ Դրանք օգնում են համավարակից այն կողմ նայել։ Նրանք, հետևելով աստվածաշնչյան պատվերին, աջակցում են միմյանց, երբ միասին մասնակցում են երկրպագության (Եբրայեցիներ 10։24, 25)։ Ճիշտ է, համավարակի ընթացքում մեր հանդիպումները անցկացվում են օնլայն, սակայն մեր վիրտուալ դռները բաց են բոլորի առաջ։

 Շատերը կհամաձայնեն, որ Եհովայի վկաների հանդիպումներին մասնակցելը այս դժվար օրերին շատ է օգնում։ Մի կին, ով կորոնավիրուսով էր վարակվել, ընդունեց Եհովայի վկաների հրավերը և սկսեց միանալ նրանց հանդիպումներին։ Չնայած օրեցօր վատթարացող առողջությանը՝ հանդիպումները օգնում էին նրան զգացական առումով ուժեղ մնալ։ Ավելի ուշ նա ասաց. «Ասես այդ հոգևոր ընտանիքի մի մասը լինեմ։ Իսկ Աստվածաշունչ կարդալը մտքի ու սրտի խաղաղություն է տալիս։ Այն օգնում է, որ խնդիրների փոխարեն կենտրոնանամ ապագայի իմ հույսի վրա։ Շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ մտերմանալ Աստծու հետ. մի բան, ինչին ձգտում էի ողջ կյանքում»։

a ԱՄՆ-ի ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն։

b Եհովան Աստծու անունն է, ինչպես գրված է Աստվածաշնչում (Սաղմոս 83:18