Արդյո՞ք կրոնը պետք է միջամտի քաղաքականությանը
Ամբողջ աշխարհում իրենց Քրիստոսի հետևորդ համարող շատ մարդիկ ներգրավվում են քաղաքականության մեջ։ Ոմանք, աջակցելով քաղաքական գործիչներին կամ կուսակցություններին, փորձում են իրենց կրոնական և բարոյական տեսակետները առաջ տանել։ Քաղաքական գործիչներն էլ հաճախ բարոյական և հասարակական խնդիրների մասին տարածված կարծիքներ որդեգրելով՝ փորձում են կրոնասեր մարդկանց իրենց կողմը քաշել։ Բացի այդ՝ սովորական բան է դարձել, որ կրոնական առաջնորդները իրենց թեկնածությունն առաջադրեն որևէ պաշտոնի համար։ Իսկ տարբեր երկրներում քրիստոնեական որոշ ուղղություններ զբաղեցնում են հատուկ դիրք և դառնում են պետական կամ ազգային կրոն։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում. Հիսուս Քրիստոսի հետևորդները կարո՞ղ են միջամտել քաղաքականությանը, թե՞ ոչ։ Պատասխանը կարող եք գտնել՝ քննելով Հիսուսի օրինակը։ Նա ասաց. «Ես ձեզ օրինակ թողեցի, որ ինչ ես արեցի, դուք էլ նույնն անեք» (Հովհաննես 13։15)։ Իսկ քաղաքականությանը մասնակցություն ունենալու առնչությամբ ի՞նչ օրինակ թողեց Հիսուսը։
Հիսուսը միջամտո՞ւմ էր քաղաքականությանը
Ո՛չ։ Հիսուսը քաղաքականությանը չի միջամտել։
Հիսուսը չէր ձգտում քաղաքական դիրքի։ Երբ Բանսարկու Սատանան առաջարկեց Հիսուսին դառնալ «աշխարհի բոլոր թագավորությունների» կառավարիչը, նա մերժեց այդ առաջարկը (Մատթեոս 4։8–10)։ a Մեկ այլ առիթով մարդկանց բազմությունը, տեսնելով, որ Հիսուսն ունի լավ ղեկավարին բնորոշ հատկություններ, ցանկացավ նրան ներքաշել քաղաքականության մեջ։ Աստվածաշնչում գրված է. «Հիսուսը, իմանալով, որ գալու են իրեն բռնեն, որպեսզի թագավոր դարձնեն, նորից մենակ լեռը գնաց» (Հովհաննես 6:15)։ Հիսուսը տեղի չտվեց բազմությանը և հրաժարվեց քաղաքական դիրք զբաղեցնելուց։
Հիսուսը քաղաքական վեճերում որևէ մեկի կողմը դիրք չէր բռնում։ Օրինակ՝ Հիսուսի օրերում հրեաներին անարդար էր թվում այն, որ պետք է Հռոմին հարկ վճարեին, և դա բեռ էին համարում։ Երբ նրանք փորձեցին դրդել Հիսուսին սրա վերաբերյալ կարծիք արտահայտել, նա չներգրավվեց այդ վիճաբանության մեջ։ Հիսուսն ասաց նրանց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։13–17)։ Նա չեզոք մնաց այս հարցում, սակայն ցույց տվեց, որ կայսրի դրածոների պահանջած հարկերը պետք է վճարել։ Միևնույն ժամանակ ընդգծեց, որ իշխանությունների հանդեպ հնազանդությունը պետք է լինի հարաբերական. մարդ չպետք է տա կառավարությանը այն, ինչը Աստծուն է պատկանում, օրինակ՝ նվիրվածությունը և երկրպագությունը (Մատթեոս 4։10; 22։37, 38)։
Հիսուսը թիկունք էր կանգնում միայն երկնային կառավարությանը՝ Աստծու Թագավորությանը (Ղուկաս 4։43)։ Նա չէր խառնվում քաղաքականությանը, քանի որ գիտակցում էր, որ երկրի առնչությամբ Աստծու նպատակը միայն Աստծու Թագավորությունը կիրականացնի (Մատթեոս 6։10)։ Նաև գիտեր, որ Աստծու Թագավորությունը իր նպատակներին հասնելու համար չի օգտագործելու մարդկային կառավարությունները, այլ փոխարինելու է դրանց (Դանիել 2։44)։
Առաջին դարի քրիստոնյաները միջամտո՞ւմ էին քաղաքականությանը
Ո՛չ։ Հիսուսի հետևորդները հնազանդվում էին նրա՝ «աշխարհի մի մասը» չլինելու պատվերին (Հովհաննես 15։19)։ Հետևելով նրա օրինակին՝ նրանք հեռու էին մնում քաղաքականությունից (Հովհաննես 17։16; 18։36)։ Քաղաքական հարցերին միջամտելու փոխարեն նրանք քարոզում էին Թագավորության բարի լուրը և աշակերտներ պատրաստում, ինչպես Հիսուսն էր պատվիրել (Մատթեոս 28։18–20; Գործեր 10։42)։
Առաջին դարի քրիստոնյաները հարգում էին պետական իշխանություններին, սակայն առավել հնազանդվում էին Աստծուն (Գործեր 5։29; 1 Պետրոս 2։13, 17)։ Նրանք հնազանդվում էին օրենքներին և վճարում էին հարկերը (Հռոմեացիներ 13։1, 7)։ Թեև չէին խառնվում քաղաքականությանը, սակայն օգտվում էին կառավարության սահմանած օրենքներից, տրամադրած ծառայություններից և պաշտպանությունից (Գործեր 25։10, 11; Փիլիպպեցիներ 1։7)։
Քրիստոնեական չեզոքությունն այսօր
Աստվածաշնչից հստակ երևում է, որ ո՛չ Հիսուսը, և ո՛չ էլ առաջին դարի իր հետևորդները չեն միջամտել քաղաքականությանը։ Այդ իսկ պատճառով որպես քրիստոնյաներ՝ Եհովայի վկաները լիովին չեզոք են քաղաքական հարցերում։ Առաջին դարի քրիստոնյաների նման նրանք հետևում են Հիսուսի պատվերին և քարոզում «Թագավորության այս բարի լուրը» (Մատթեոս 24։14)։
a Երբ Հիսուսը մերժեց Սատանայի առաջարկը, նա չժխտեց այն փաստը, որ թագավորությունները վերջինիս են պատկանում։ Ավելի ուշ նա Սատանային կոչեց «այս աշխարհի իշխանը» (Հովհաննես 14։30)։