Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ներկայիս սովերի մասին

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը ներկայիս սովերի մասին

 «Ոչ մի սով»։ Այս խոսքերը արտահայտում են աշխարհի ղեկավարների նպատակը մարդկության ունեցած մեծագույն խնդիրներից մեկի առնչությամբ. Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչին ապահովել սննդով։ a Բայց երբևէ կունենա՞նք սովից զերծ աշխարհ։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։

Աստվածաշունչը կանխագուշակել է ներկայիս սովերի մասին

 Աստվածաշնչում ասվում է, որ մեր օրերում, որոնք կոչվում են «վերջին օրեր», սովեր կլինեն (2 Տիմոթեոս 3։1)։ Թեև Աստված չէ պատասխանատու սովերի համար, սակայն նախազգուշացրել է մեզ դրանց մասին (Հակոբոս 1։13)։ Ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան երկու մարգարեությունների։

 «Տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։ Աստվածաշնչյան այս մարգարեության մեջ խոսվում է լայնածավալ սովի մասին։ Հատկանշական է, որ վերջերս սննդի մատակարարումը կառավարող մարմինների համատեղ հաշվետվության մեջ ասվել է. «Սովի, անառողջ սննդի և թերսնման դեմ պայքարում աշխարհի ջանքերը ձախողվում են»։ b Տասնյակ երկրներում հարյուր միլիոնավոր մարդիկ չեն կարողանում անհրաժեշտ սնունդ ձեռք բերել։ Ցավոք, նրանցից շատերին չի հաջողվում վերապրել։

 «Եվ տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք ուներ իր ձեռքում» (Հայտնություն 6։5)։ Այս մարգարեության մեջ խորհրդանշական ձին և ձիավորը ներկայացնում են վերջին օրերի սովը։ c Ձիավորի ձեռքի կշեռքը սննդի չափաբաժինը կշռելու համար է։ Մինչ այս ձիավորը առաջ է ընթանում, մի ձայն հայտնում է սննդի թանկացման մասին և զգուշացնում մարդկանց, որ չվատնեն հիմնական սննդամթերքները (Հայտնություն 6։6)։ Սա ճշգրտորեն նկարագրում է ներկայիս պարենային գլոբալ ճգնաժամը, ինչի պատճառով միլիարդավոր մարդիկ չեն կարողանում առողջ սնունդ հայթայթել կամ գնել։

Ինչպես է վերջ դրվելու սովերին

 Մասնագետներն ասում են, որ մեր մոլորակը արտադրում է անհամեմատ ավելի շատ սնունդ, քան անհրաժեշտ է յուրաքանչյուր բնակչին կերակրելու համար։ Ուրեմն ո՞ր խնդիրներն են հանգեցնում սովերի, և ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է անելու մեր Ստեղծիչը՝ Եհովան, d որպեսզի լուծի այդ խնդիրները։

 Խնդիր։ Իշխանությունները չեն կարողանում վերջ դնել աղքատությանը և տնտեսական անհավասարությանը, որոնք հանգեցնում են սովերի։

 Լուծում։ Անկատար մարդկային կառավարությունները կփոխարինվեն կատարյալ կառավարությամբ՝ Աստծու Թագավորությամբ (Դանիել 2։44; Մատթեոս 6։10)։ Այսօր շատ աղքատ մարդիկ դժվարանում են սնունդ ձեռք բերել, սակայն Աստծու Թագավորության ներքո այդպես չի լինի։ Աստվածաշնչում հետևյալն է ասվում Աստծու Թագավորության Թագավորի՝ Հիսուս Քրիստոսի մասին. «Նա կփրկի աղքատին, որն օգնության է կանչում, նաև ընկճվածին և օգնական չունեցողին.... Ցորենի առատություն կլինի երկրի վրա, նույնիսկ սարերի գլուխների վրա» (Սաղմոս 72։12, 16

 Խնդիր։ Պատերազմները ավերածությունների և տնտեսական անկայունության պատճառ են դառնում, ինչը սահմանափակում կամ դադարեցնում է սննդի մատակարարումը։

 Լուծում։ «[Եհովան] դադարեցնում է պատերազմները մինչև երկրի ծայրերը. փշրում է աղեղը և կոտրատում նիզակը, կառքերը այրում է կրակով» (Սաղմոս 46։9)։ Աստված կոչնչացնի պատերազմական զենքերը և այն մարդկանց, ովքեր պատերազմներ են հրահրում։ Արդյունքում բոլորը կկարողանան առանց դժվարության և անվտանգ կերպով սնունդ ձեռք բերել։ Աստվածաշունչը խոստանում է. «Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի» (Սաղմոս 72։7

 Խնդիր։ Եղանակային անոմալիաները և բնական աղետները ոչնչացնում են բերքը և ընտանի կենդանիներին։

 Լուծում։ Աստված կվերահսկի երկրագնդի բնական ուժերը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով գյուղատնտեսության համար։ Աստվածաշնչում գրված է. «[Եհովան] խաղաղեցնում է փոթորիկը, և ծովի ալիքները հանդարտվում են.... Անապատը վերածում է եղեգնաշատ լճի, և անջուր վայրը՝ ջրի աղբյուրների։ Այնտեղ նա բնակեցնում է քաղցածներին.... Նրանք արտեր են ցանում և խաղողի այգիներ տնկում, որպեսզի դրանք առատ բերք տան» (Սաղմոս 107։29, 35-37

 Խնդիր։ Ագահ և կաշառակեր մարդիկ անառողջ սնունդ են արտադրում կամ էլ խոչընդոտում են, որ սնունդը հասնի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

 Լուծում։ Աստծու Թագավորությունը կվերացնի անազնիվ և կաշառակեր մարդկանց (Սաղմոս 37։10, 11; Եսայիա 61։8)։ Աստվածաշնչում ասվում է, որ Եհովա Աստված «արդարադատություն է գործադրում խաբվածների համար.... հաց է տալիս քաղցածներին» (Սաղմոս 146։7

 Խնդիր։ Ամեն տարի սննդի համաշխարհային պաշարի մեկ երրորդը վատնվում է կամ անիմաստ կորչում։

 Լուծում։ Աստծու Թագավորության ներքո սննդի պաշարները հմտորեն կկոորդինացվեն։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը խուսափում էր սննդի վատնումից։ Օրինակ՝ մի անգամ, երբ նա հրաշքով կերակրեց 5 000-ից ավելի մարդկանց, իր առաքյալներին պատվիրեց. «Հավաքե՛ք մնացած կտորտանքները, որ ոչինչ չկորչի» (Հովհաննես 6։5-13

 Քանի որ Աստծու Թագավորությունը արմատապես կվերացնի սովի պատճառները, բոլոր մարդիկ առատապես կվայելեն թարմ և առողջարար սնունդ (Եսայիա 25։6)։ Իմանալու համար, թե Աստծու Թագավորությունը երբ է իրականացնելու այս ամենը, կարդացեք «Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը» հոդվածը։

a Կայուն զարգացման 2030 օրակարգ՝ ընդունված 2015 թ.-ին ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից։

b ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ հաշվետվություն։

c «Հայտնություն» գրքում հիշատակված չորս ձիավորների մասին ավելին իմանալու համար կարդացեք «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը։

d Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։