Սակավարյունություն. պատճառները, ախտանիշները և բուժումը
«Սակավարյունությամբ հիվանդացա, երբ դեռահաս էի,— հիշում է Բեթը։— Քնկոտ էի դարձել, արագ հոգնում էի, ոսկորներս ցավում էին և դժվարությամբ էի կենտրոնանում։ Բժիշկս երկաթի հավելումներ նշանակեց ինձ։ Ես խմեցի դրանք, նաև բարելավեցի սննդակարգս։ Շուտով ինքնազգացողությունս լավացավ»։
Առողջական խնդիրները Բեթի համար սովորական բան են։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) տվյալների՝ երկու միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 30 տոկոսը, տառապում է սակավարյունությամբ, կամ՝ անեմիայով։ Ըստ հաշվարկների՝ զարգացող երկրներում հղի կանանց 50 տոկոսը և նախադպրոցական տարիքի երեխաների 40 տոկոսը սակավարյունությամբ է տառապում։
Սակավարյունությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Հիվանդության սրացման պատճառով կարող են սրտի խնդիրներ և նույնիսկ սրտային անբավարարություն առաջանալ։ Որոշ երկրներում «մայրական մահացությունների 20 տոկոսի պատճառը» անեմիան է,— նշում է ԱՀԿ-ն։ Երկաթ պակասորդային սակավարյունությամբ (սակավարյունության առավել տարածված ձև) հիվանդ կանանց երեխաները կարող են ժամանակից շուտ ծնվել և անբավարար քաշ ունենալ։ Անեմիկ երեխաները գուցե ավելի դանդաղ զարգանան և վարակների նկատմամբ զգայուն լինեն։ Այնուամենայնիվ, երկաթդեֆիցիտային սակավարյունությունը հիմնականում կանխարգելվում է կամ բուժվում։ a
Ի՞նչ է սակավարյունությունը
Սակավարյունությունը հիվանդություն է։ Պարզ ասած՝ սակավարյունությամբ հիվանդների օրգանիզմում առողջ էրիթրոցիտների թիվն անբավարար է։ Դրա պատճառները տարբեր են։ Գիտնականները հայտնաբերել են անեմիայի ավելի քան 400 տեսակ։ Անեմիան կարող է լինել ժամանակավոր կամ քրոնիկ, թեթև կամ ծանր։
Որո՞նք են սակավարյունության պատճառները
Սակավարյունությունը առաջանում է հիմնականում երեք պատճառներով։
Արյան կորստի հետևանքով նվազում է օրգանիզմում էրիթրոցիտների քանակը։
Օրգանիզմում չեն արտադրվում բավարար քանակությամբ առողջ էրիթրոցիտներ։
Օրգանիզմում էրիթրոցիտները քայքայվում են։
Երկաթի անբավարարությունից առաջացող սակավարյունությունը համարվում է աշխարհում սակավարյունության ամենատարածված տեսակը։ Երբ օրգանիզմում երկաթի քանակը անբավարար է լինում, այն չի կարողանում բավարար քանակությամբ հեմոգլոբին արտադրել՝ նյութ, որը մտնում է արյան կարմիր գնդիկների բաղադրության մեջ և օգնում է թթվածին փոխադրել։
Երկաթ պակասորդային սակավարյունության ախտանիշները
Սկզբնական փուլում սակավարյունությունը գուցե թեթև ընթանա, նույնիսկ՝ աննկատ։ Թեև անեմիայի ախտանիշները կարող են տարբերվել, սակայն երկաթ պակասորդային անեմիան հիմնականում ունի հետևյալ ախտանիշները՝
ծայրաստիճան հոգնածություն
վերջույթների սառնություն
թուլություն
գունատ մաշկ
գլխացավեր և գլխապտույտներ
ցավ կրծքավանդակում, սրտի զարկերի արագացում, շնչարգելություն և հևոց
կոտրվող եղունգներ
ախորժակի անկում, հատկապես նորածինների ու երեխաների մոտ
սառույց, օսլա կամ հող ուտելու ցանկություն
Ովքե՞ր են ռիսկային խմբում
Կանայք հակված են երկաթ պակասորդային անեմիայով հիվանդանալու, քանի որ դաշտանի ժամանակ արյուն են կորցնում։ Ռիսկային խմբի մեջ են նաև հղի կանայք, եթե նրանց սննդակարգում չկա բավարար չափով ֆոլատ, կամ՝ ֆոլաթթու, որը B խմբի վիտամիններից մեկն է։
Նորածինները, որոնք ծնվում են վաղաժամ կամ փոքր քաշով, և որոնք մայրական կաթից կամ կաթնախառնուրդներից բավարար չափով երկաթ չեն ստանում։
Երեխաները, որոնք չեն ուտում բազմատեսակ առողջարար կերակուրներ։
Բուսակերները, որոնց սննդակարգում չկան բավարար չափով երկաթ պարունակող մթերքներ։
Քրոնիկ հիվանդները, ովքեր տառապում են այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են, օրինակ, արյան հիվանդությունները, քաղցկեղը, երիկամային անբավարարությունը, դանդաղ արյունահոսող խոցերը, կամ ովքեր որոշ վարակներ ունեն։
Ինչպես բուժել սակավարյունությունը
Սակավարյունության ոչ բոլոր տեսակներն է հնարավոր կանխարգելել կամ բուժել։ Բայց այն տեսակները, որոնք պայմանավորված են երկաթի կամ վիտամինների պակասով, սովորաբար հնարավոր է կանխել կամ բուժել առողջ սննդակարգի միջոցով, որը ներառում է հետևյալ սնուցիչները։
Երկաթ։ Պարունակվում է մսի, լոբազգիների, ոսպի և մուգ կանաչ տերևներ ունեցող բանջարեղենի մեջ։ b Նաև օգտակար է երկաթե կաթսայեղեն օգտագործելը, քանի որ, ըստ հետազոտությունների, դրանցում կերակուր պատրաստելը կարող է մեծացնել սննդի մեջ երկաթի պարունակությունը։
Ֆոլատ։ Պարունակվում է մրգերում, մուգ կանաչ տերևներ ունեցող բանջարեղենում, կանաչ ոլոռի, սովորական լոբու, պանրի, ձվի, ձկան, նշի և գետնանուշի մեջ։ Ֆոլատ կա նաև վիտամիններով հարստացված այնպիսի մթերքներում, ինչպիսիք են հացը, նախաճաշի փաթիլները, մակարոնեղենը և բրինձը։ Ֆոլատի սինթետիկ տեսակը ֆոլաթթուն է։
Վիտամին B12։ Պարունակվում է մսի, կաթնամթերքի, վիտամիններով հարստացված նախաճաշի փաթիլների, սոյայի և դրանից պատրաստված մթերքների մեջ։
Վիտամին C։ Պարունակվում է ցիտրուսային մրգերի և հյութերի, պղպեղի, բրոկոլիի, լոլիկի, սեխի և ելակի մեջ։ Վիտամին C-ով հարուստ մթերքները օգնում են օրգանիզմին ներծծելու երկաթը։
Մթերքները, ըստ տարածքների, տարբեր են լինում։ Ուստի իմացեք, թե տեղի որ մթերքի մեջ կան կենսական սննդարար նյութեր։ Դա կարևոր է, եթե դուք կին եք, հատկապես եթե հղի եք կամ պլանավորում եք հղիանալ։ Հոգ տանելով ձեր առողջության մասին՝ դուք կնվազեցնեք ձեր երեխայի օրգանիզմում անեմիայի առաջացման վտանգը։ c
a Այս հոդվածում սննդի և դրա հետ կապված հարցերի վերաբերյալ տեղեկությունը հիմնականում վերցված է Մեյո կլինիկայից և մի հանրագիտարանից (The Gale Encyclopedia of Nursing and Allied Health)։ Խորհրդակցեք բժշկի հետ, եթե կասկածներ ունեք, որ հիվանդ եք սակավարյունությամբ։
b Մի՛ խմեք երկաթ պարունակող հավելումներ և մի՛ տվեք դրանք ձեր երեխային՝ առանց բժշկի հետ նախապես խորհրդակցելու։ Չափից շատ երկաթը կարող է վնասել լյարդը և այլ խնդիրներ առաջացնել։
c Բժիշկները անեմիան երբեմն բուժում են արյան փոխներարկմամբ. թերապիա, որը Եհովայի վկաները չեն ընդունում (Գործեր 15։28, 29)։