ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Օլիմպիական խաղերը կարո՞ղ են իսկապես միավորել մարդկանց։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Ըստ հաշվարկների՝ ակնկալվում է, որ շուրջ հինգ միլիարդ մարդ կդիտի 206 երկրների մարզիկների մասնակցությամբ 2024 թ. ամառային օլիմպիական խաղերը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը նշել է. «Մենք մասնակից ենք մի իրադարձության, որը միավորում է աշխարհը՝ նպաստելով խաղաղությանը։ Եկեք բարձր պահենք օլիմպիական ոգին՝ ապրելով խաղաղ՝ որպես մեկ միասնական մարդկային ընտանիք, որը համախմբված է՝ չնայած իր բազմազանությանը»։
Կարո՞ղ են օլիմպիական խաղերը հասնել այսպիսի վեհ նպատակի։ Կա՞ հույս, որ երբևէ իսկական խաղաղություն և միասնություն կտիրի։
Խաղաղության և միասնության երաշխավո՞ր
Այս տարվա օլիմպիական խաղերի ժամանակ թեժ քննարկումների առարկա են դարձել ոչ միայն սպորտային իրադարձությունները, այլև մի շարք պառակտիչ սոցիալական և քաղաքական հիմնահարցեր։ Դրանցից են մարդու իրավունքները, ռասիզմը, կրոնական խտրականությունը և անհավասարությունը։
Ինչ խոսք, միջազգային սպորտային միջոցառումները, ինչպիսիք օլիմպիական խաղերն են, ապահովում են մարդկանց ժամանցը։ Սակայն փոխանակ նպաստելու հարատև խաղաղությանն ու միասնությանը՝ դրանք ակնհայտ են դարձնում մարդկանց պառակտիչ մտածելակերպն ու վարքը։
Աստվածաշնչում վաղուց ի վեր կանխագուշակված է եղել, որ մարդիկ այնպիսի մտածելակերպ ու հատկանիշներ են ունենալու, որոնք անհնարին են դարձնելու միասնության հասնելը (2 Տիմոթեոս 3։1-5)։ Աստվածաշնչյան այս մարգարեության մասին ավելին իմանալու համար ընթերցեք «Աստվածաշնչում կանխագուշակվե՞լ է ժամանակակից մարդկանց մտածելակերպի ու վարվելակերպի մասին» հոդվածը։
Համաշխարհային խաղաղության ու միասնության հիմնավոր հույս
Աստվածաշունչը համաշխարհային խաղաղության ու միասնության իրական հույս է տալիս։ Այն խոստանում է, որ «Աստծու թագավորություն» կոչվող երկնային կառավարությունը իսկապես կմիավորի երկրի վրա ապրող բոլոր մարդկանց (Ղուկաս 4։43; Մատթեոս 6։10)։
Այդ թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, համաշխարհային խաղաղություն կհաստատի։ Աստվածաշնչում ասվում է.
«Նրա օրերում արդարը կծաղկի.... Երկրի վրա ամենուր խաղաղություն կտիրի» (Սաղմոս 72։7)։
«Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության.... Ճնշումներից և բռնությունից նրանց կազատի» (Սաղմոս 72։12, 14)։
Անգամ այսօր Հիսուսի սովորեցրածներով ապրելը միավորել է 239 երկրներում ապրող միլիոնավոր մարդկանց։ Լինելով քրիստոնյաներ՝ ամբողջ աշխարհում Եհովայի վկաները սովորել են խաղաղաստեղծ լինել։ Պարզեք, թե ինչպես՝ ընթերցելով «Դիտարան» պարբերագրի հետևյալ թողարկումը՝ «Կոտրենք ատելության շղթան»։