ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աղետից տուժածներին օգնելու գործը 2022 թ.-ին։ Եղբայրական սերը՝ փաստված գործերով
ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2023
Աստվածաշնչում կանխագուշակվել էր, որ մեր օրերն աչքի են ընկնելու պատերազմներով, երկրաշարժերով, համաճարակներով և այլ «ահազդու երևույթներով» (Ղուկաս 21։10, 11)։ Այս մարգարեությունները շարունակեցին իրականանալ 2022 թ. ծառայողական տարում։ a Օրինակ՝ միլիոնավոր մարդիկ վնասներ կրեցին Ուկրաինայում չդադարող հակամարտության պատճառով։ Աշխարհի մեծ մասը դեռևս շարունակում էր պայքարել COVID-19-ի հետևանքների դեմ։ Բացի այդ՝ անհաշիվ մարդիկ վնասներ կրեցին բնական աղետների պատճառով։ Դրանցից էին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժերը և Կենտրոնական Ամերիկայում, Ֆիլիպիններում ու Աֆրիկայի հարավ-արևելքում մոլեգնած ավերիչ փոթորիկները։ Եհովայի վկաներն ինչպե՞ս են օգնել տուժածներին։
2022 թ. ծառայողական տարվա ընթացքում մեր կազմակերպությունն օգնության ձեռք է մեկնել մոտ 200 աղետների պատճառով տուժած մարդկանց։ Այդ նպատակի համար ընդհանուր առմամբ մոտ 12 միլիոն դոլար է ծախսվել։ b Տեսնենք, թե այդ աղետներից երկուսի ժամանակ ինչպես են օգտագործվել ձեր նվիրատվությունները տուժածներին օգնելու համար։
Երկրաշարժեր՝ Հայիթիում
2021 թ. օգոստոսի 14-ին Հայիթիի հարավում 7,2 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ։ Ցավոք սրտի, երեք Վկաներ մահացան՝ երկու քույր և մեկ եղբայր։ Փրկվածներն էլ ստիպված էին պայքարել երկրաշարժի պատճառած ֆիզիկական և էմոցիոնալ վերքերի դեմ։ Ստեֆան անունով մի եղբայր պատմում է. «Ամբողջ քաղաքում այնքան մարդ էր մահացել, որ ավելի քան երկու ամիս՝ շաբաթը մի քանի անգամ, թաղման արարողություն էր լինում»։ Էլիեզեր անունով մի եղբայր էլ պատմում է. «Շատ Վկաներ ո՛չ ծածկ ունեին, ո՛չ հագուստ, ո՛չ կոշիկ և ո՛չ էլ առաջին անհրաժեշտության իրեր։ Հետցնցումների պատճառով շատերն ամիսներ շարունակ սարսափի մեջ էին ապրում»։
Մեր կազմակերպությունն արագ օգնության հասավ։ Հայիթիի մասնաճյուղը տրամադրեց ավելի քան 53 տոննա սնունդ, նաև վրաններ, անջրանցիկ բրեզենտներ, ներքնակներ և բջջային հեռախոսների համար արևային մարտկոցներ։ 2022 թ. ծառայողական տարում վերակառուցվեց կամ վերանորոգվեց ավելի քան 100 տուն։ Այս ամենն իրագործելու համար մեկ միլիոն դոլարից ավելի գումար ծախսվեց։
Մեր հավատակիցները խոսքեր չեն գտնում իրենց երախտագիտությունն արտահայտելու համար։ Լորետն ասում է. «Երկրաշարժը հողին հավասարեցրեց մեր տունն ու բիզնեսը։ Ուտելու ոչինչ չունեինք։ Բայց Եհովայի կազմակերպությունը թիկունք կանգնեց մեզ՝ տալով անհրաժեշտ ամեն բան»։ Միշելինն էլ ասում է. «Իմ ու երկու որդիներիս փայտե հյուղակը երկրաշարժից վնասվեց։ Աղոթելուց բացի՝ ուրիշ ոչինչ չէի կարող անել։ Եհովան իր կազմակերպության միջոցով պատասխանեց աղոթքներիս։ Այժմ մենք տեղը տեղին կառուցված տուն ունենք։ Վճռել եմ ձեռքիցս եկածն անել, որ Եհովային ցույց տամ երախտագիտությունս»։
Աղետից տուժածներին օգնելու մեր ջանքերը չեն վրիպել տեղի իշխանությունների աչքից։ Լազիլի քաղաքապետը հետևյալն է ասել. «Դուք գովասանքի եք արժանի այդքան արագ օգնության հասնելու համար։ Շատ եմ գնահատում այն, որ դուք մեծ հարգանք եք ցուցաբերում իշխանությունների հանդեպ։ Անչափ տպավորիչ է տեսնել, որ դուք գումարի համար չեք անում այս ամենը։ Փոխարենը, անկեղծ սիրուց մղված, ուզում եք օգնել մարդկանց»։
«Անա» արևադարձային փոթորիկը՝ Մալավիում և Մոզամբիկում
2022 թ. հունվարի 24-ին «Անա» արևադարձային փոթորիկը հարվածեց Մոզամբիկին, իսկ հետո ուղղություն վերցրեց դեպի արևմուտք՝ Մալավի։ Ցիկլոնը իր հետ բերեց հորդառատ անձրևներ և ուժգին քամիներ՝ ժամում մինչև 100 կմ (62 մղոն) արագությամբ։ Այն ավերեց էլեկտրահաղորդման գծերը, քշեց տարավ կամուրջներ և առատ ջրհեղեղների պատճառ դարձավ։
Այս փոթորիկը ցնցեց Մալավիում և Մոզամբիկում ապրող ավելի քան 30 000 Վկաների կյանքեր։ Օգնության աշխատանքներին մասնակցած Չարլզ անունով մի եղբայր ասում է. «Երբ տեսա հավատակիցներիս տառապանքը, և թե որքան կորուստներ են կրել, սիրտս ճմլվեց, և ինձ անճար զգացի»։ Իրավիճակը ավելի էր բարդացնում այն, որ փոթորիկը քշել տարել էր նրանց բերքն ու սննդի պաշարը։ Շատերը կորցրել էին իրենց տները։ Ցավոք, եղբայրներից մեկը կորցրեց կնոջն ու երկու մանկահասակ դուստրերին, որոնք խեղդվել էին փրկարարական նավակի շրջվելու պատճառով։
Փոթորիկը սահմռկեցուցիչ էր։ Գիշերվա ժամը 1-ին Մալավիի Նչալո փոքրիկ ավանում Սենջերեդոների ընտանիքը արագահոս ջրի սարսափեցնող ձայն լսեց։ Երկու գետեր վարարել էին ու ափերից դուրս եկել։ Եղբայր Սենջերեդոն որոշեց, որ պետք է ընտանիքով հեռանան։ Դա իմաստուն որոշում էր, քանի որ շատ չանցած՝ հեղեղը ավերեց նրանց տունը։ Ընտանիքի ունեցվածքի մի մասը վնասվեց, մի մասն էլ ջրի բաժին դարձավ։ Սենջերեդոները որոշեցին գնալ Թագավորության սրահ, ուր ոտքով հասնելու համար իրենց տնից սովորաբար 30 րոպե էր պահանջվում։ Սակայն այս անգամ ճանապարհը երկու ժամ տևեց։ Նրանք ապահով տեղ հասան, թեև թրջված էին ու հոգնած։
Մալավիի և Մոզամբիկի մասնաճյուղերը իսկույն գործի անցան։ Շրջանային վերակացուներին և երեցներին առաջնորդություն տրվեց, որ ճշտեն, թե տուժած հավատակիցները ինչի կարիք ունեն, ինչպես նաև հոգևոր ու էմոցիոնալ աջակցություն տրամադրեն նրանց։ Օգնության գործը վերահսկելու նպատակով աղետից տուժածներին օգնելու մի քանի կոմիտեներ (ԱՏՕԿ) կազմավորվեցին։ Կոմիտեները անհապաղ սկսեցին օգնել մեր եղբայրներին սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր ձեռք բերել։ Հումանիտար օգնության համար ավելի քան 33 000 դոլար ծախսվեց, իսկ տների վերանորոգման և վերակառուցման համար՝ 300 000 դոլար։
ԱՏՕԿ-ները իմաստնորեն օգտագործեցին գումարը, ինչն անչափ կարևոր էր կտրուկ գնաճի պայմաններում։ Օրինակ՝ օգնություն տրամադրելու գործի առաջին յոթ ամիսներին եգիպտացորենի ալյուրի գինը, որը Մալավիում գլխավոր սննդամթերքներից է, 70 տոկոսով աճեց։ Վառելիքի գինը նույնպես կտրուկ բարձրացավ։ Միջոցները խնայելու նպատակով եղբայրները շինանյութի և սննդամթերքի մեծաքանակ գնումներ էին կատարում տեղացի վաճառողներից։ Արդյունքում զեղչեր էին ստանում և խուսափում տեղափոխման մեծ ծախսերից։
Օգնություն տրամադրելու գործը մինչև սրտի խորքը հուզեց Եհովայի ժողովրդին։ Մոզամբիկից Ֆելիշբերտոն ասում է. «Երբևէ չեմ տեսել այնպիսի կազմակերպություն, որն այսքան բան տրամադրի՝ շինանյութ, տրանսպորտ, շինարարներ, սնունդ ու սիրառատ առաջնորդություն։ Տրամադրված օգնությունը ակնառու ապացույցն է այն եղբայրական սիրո, որի մասին խոսեց Հիսուսը Հովհաննես 13։34, 35-ում»։ Մալավիից Էսթեր անունով մի այրի էլ, որի տունը փոթորկից ավերվել էր, ասում է. «Հուսահատ վիճակում էի, քանի որ միջոցներս բավարար չէին նոր տուն կառուցելու համար։ Ուստի երբ եղբայրները եկան ու ինձ համար տուն կառուցեցին, այնպիսի զգացողություն ունեցա, ասես արդեն դրախտում եմ»։
Գիտենք, որ նախքան խոստացված նոր աշխարհ մտնելը է՛լ ավելի շատ աղետների ենք բախվելու (Մատթեոս 24։7, 8)։ Այդուհանդերձ վստահ ենք, որ ձեր առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ Եհովայի ժողովուրդը միշտ կստանա անհրաժեշտ օգնությունը։ Նվիրատվություն անելու եղանակների մասին տեղեկություն կարող եք գտնել donate.pr418.com կայքում։ Անչափ շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։