ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աղետից տուժածներին օգնություն է տրամադրվում
ՓԵՏՐՎԱՐԻ 1, 2021
2020 թ. լի էր բնական աղետներով, բացի այդ՝ աշխարհում տարածվեց նաև COVID-19 համավարակը։ Եհովայի վկաներն ինչպե՞ս օգնություն տրամադրեցին տուժածներին։
2020 թ. ծառայողական տարվա a ընթացքում Կառավարիչ մարմնի կոորդինատորների կոմիտեն հավանություն տվեց, որ 28 մլն ԱՄՆ դոլար հատկացվի աղետից տուժածներին օգնելու համար։ Դա նշանակում էր օգնել ավելի քան 200 աղետներից, այդ թվում՝ COVID-19 համավարակից, բազմաթիվ արևադարձային ցիկլոններից, Աֆրիկայի ջրհեղեղից, Վենեսուելայի սովերից և Զիմբաբվեի երաշտից տուժած մարդկանց։ Նվիրաբերված միջոցներով տրամադրվեցին սնունդ, ջուր, կացարան, հագուստ, բուժօգնություն, ինչպես նաև մաքրության, վերանորոգման և քանդված շինությունների վերակառուցման համար անհրաժեշտ պարագաներ։ Քննենք մի քանի այդպիսի դեպքեր։
COVID-19։ Այս համավարակը թե՛ առողջական, թե՛ զգացական և թե՛ տնտեսական վնասներ է պատճառել մեր հավատակիցներին։ Ամբողջ աշխարհում աղետից տուժածներին օգնելու ավելի քան 800 կոմիտեներ են կազմավորվել։ Այս կոմիտեները ճշտել են, թե մեր եղբայրներն ինչ կարիքներ ունեն, և այդ տեղեկություններն անմիջապես փոխանցել են կոորդինատորների կոմիտեին, որպեսզի վերջինս ճիշտ ձևով առաջնորդի աղետից տուժածներին օգնելու գործը։
Ամբողջ տարվա ընթացքում աղետից տուժածներին օգնելու կոմիտեների շնորհիվ շատերին սնունդ, ջուր, սանիտարահիգիենիկ պարագաներ և դեղորայք է տրամադրվել։ Որոշ տարածքներում կոմիտեները համագործակցել են երեցների հետ, որպեսզի օգնեն եղբայրներին օգտվել պետական օժանդակության ծրագրերից։
Այս ամենը չի վրիպել մարդկանց աչքից։ Օրինակ՝ Զամբիայի Նակոնդե շրջանի ղեկավար Ֆիլդ Սիմուինգան մեր եղբայրներին ասաց. «Մենք պարտական ենք ձեզ, որ տուժած ընտանիքներին ճիշտ ժամանակին հումանիտար օգնություն հասցրիք»։
Սով Անգոլայում։ COVID-19 համավարակի պատճառով սննդի պակաս առաջացավ Անգոլայում, ինչի հետևանքով զգալի գնաճ գրանցվեց։ Մեր հավատակիցներից շատերի համար սնունդ գնելը մեծ խնդիր դարձավ։
Բրազիլիայի մասնաճյուղին խնդրեցին, որ սնունդ ուղարկի Անգոլայի եղբայրներին։ Նվիրաբերված միջոցները ճիշտ օգտագործելու համար եղբայրները փորձեցին սնունդը գնելու և փոխադրելու ամենարդյունավետ տարբերակը գտնել. որոշվեց սնունդը մեծածախ գնել։ Մեկ ծանրոցը և դրա փոխադրման ծախսը ընդհանուր կազմեց 22 ԱՄՆ դոլար, ընդ որում՝ այն պարունակում էր 20 կգ (44 ֆունտ) սնունդ, այդ թվում՝ բրինձ, լոբի և բուսական յուղ։ Առ այսօր փոխադրվել է ընդհանուր 654 տ (721 ամերիկյան տոննա) քաշով այդպիսի 33 544 արկղ։ Այս օգնության և տեղի միջոցների շնորհիվ ավելի քան 50 000 մարդ կերակրվեց:
Ինչպե՞ս են մեր հավատակիցները վերաբերվում այս հումանիտար օգնությանը։ Ալեքսանդրը, որն ապրում է Անգոլայի մեկուսի տարածքներից մեկում, ասում է. «Ինձ համար սա ապացույց է, որ Եհովան սիրում է ինձ, ու ես մենակ չեմ։ Եհովայի կազմակերպության համար ես թանկ եմ»։ Մարիցան, որը միայնակ մայր է, ասում է. «Եհովան լսեց իմ աղաղակը։ Ես շնորհակալ եմ նրան ու իր կազմակերպությանը»։
Օգնություն Զիմբաբվեում երաշտից տուժածներին։ 2020 թ. ծառայողական տարվա ընթացքում Զիմբաբվեում սաստիկ երաշտ եղավ, և միլիոնավոր մարդիկ սովի մատնվեցին։ Հազարավոր Վկաներ բավարար սնունդ չունեին։
Աղետից տուժածներին օգնելու 5 կոմիտե կազմավորվեց, որպեսզի սնունդ տրամադրվի մեր եղբայրներին։ Հարյուրավոր քարոզիչներ տարբեր կերպերով աջակցեցին այդ կոմիտեներին։ Նրանք փաթեթավորում էին սնունդը, բարձում այն կամ տրամադրում իրենց փոխադրամիջոցները։ b 2020 թ. ծառայողական տարվա ընթացքում 691 561 ԱՄՆ դոլար ծախսվեց ավելի քան 22 700 մարդկանց սննդով ապահովելու համար։
Որոշ եղբայրների սննդի պաշարները սպառվել էին, նախքան հումանիտար օգնությունը տեղ կհասներ։ Երբ սնունդը տեղ հասավ, մեր եղբայրները շնորհակալություն հայտնեցին Եհովային։ Ոմանք նույնիսկ սկսեցին Թագավորության երգերը երգել։
Տարածքներից մեկում երկու այրի Վկաներ ներկա էին եղել մի հանդիպման, որտեղ քննարկվում էր, թե բարեգործական կազմակերպության տրամադրած սնունդն ինչպես է բաշխվելու։ Սակայն երբ քույրերը նկատեցին, որ հանդիպումը սկսում է քաղաքական բնույթ կրել, և այդ սնունդը տրամադրվելու է որոշակի պայմաններով, հրաժարվեցին սննդից։ Երբ նրանք հեռանում էին, ոմանք սկսեցին բղավել նրանց հետևից. «Չգաք՝ մեզնից ուտելիք խնդրեք»: Սակայն ընդամենը երկու շաբաթ անց մեր եղբայրները տեղ հասան, և մեր քույրերը հումանիտար օգնություն ստացան, ընդ որում՝ ավելի շուտ, քան այդ բարեգործական ընկերությունից կստանային։
Աղետից տուժածներին օգնելու գործը Զիմբաբվեում մեծ վկայության առիթ է դարձել։ Քննենք Պրիսկայի օրինակը, որը փոքր գյուղում է ապրում։ Չնայած երաշտի բերած դժվարություններին՝ նա ամեն չորեքշաբթի և ուրբաթ կանոնավոր ծառայում էր և դա անում էր նույնիսկ հերկելու սեզոնին։ Պրիսկայի համագյուղացիները ծաղրում էին նրան՝ ասելով. «Քարոզիդ պատճառով ընտանիքդ սոված է մնալու»։ Պրիսկան էլ պատասխանում էր. «Եհովան երբեք չի թողնում իր ծառաներին»։ Կարճ ժամանակ հետո նա հումանիտար օգնություն ստացավ մեր կազմակերպությունից։ Դա շատ տպավորեց նրա հարևաններից մի քանիսին։ Նրանք ասացին Պրիսկային. «Ուզում ենք ճանաչել այն Աստծուն, որը երբեք չի լքում քեզ»։ Այժմ նրա յոթ հարևանները լսում են ռադիոյով հեռարձակվող ժողովի հանդիպումները։
Որքան մոտենում ենք վերջին, այնքան ավելի շատ բնական աղետներ են լինում (Մատթեոս 24:3, 7)։ Մենք շատ շնորհակալ ենք ձեզ առատաձեռն նվիրատվությունների համար, որոնք արվել են donate.pr418.com կայքում առաջարկվող տարբեր կերպերով։ Դրանց շնորհիվ աղետից տուժած մարդիկ ճիշտ ժամանակին օգնություն են ստանում։