ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Աստվածաշնչի ուսումնասիրության եզակի ձեռնարկ
ԱՊՐԻԼԻ 1, 2022
2021 թ. հունվարին Կառավարիչ մարմինը հայտարարեց Աստվածաշնչի ուսումնասիրության նոր ձեռնարկի՝ «Վայելիր կյանքը հավիտյան» a գրքի լույսընծայման մասին։ Ինչպե՞ս արձագանքեցիր այդ հայտարարությանը։ Կանադայից Մեթյու անունով մի եղբայր ասում է. «Ես շատ ոգևորված էի։ Ոգևորությունս ավելի մեծացավ ելույթների և տեսանյութերի ընթացքում, որոնք պատմում էին գրքի ստեղծման և փորձնական շրջանի մասին։ Չէի համբերում, թե երբ եմ սկսելու օգտագործել այն»։
«Վայելիր կյանքը հավիտյան» գիրքը Աստվածաշնչի ուսուցման նոր մեթոդ օգտագործելու դուռ բացեց։ Սակայն դա ուսումնասիրության հին և նոր ձեռնարկների միակ տարբերությունը չէ։ Եթե օգտվում ես գրքի տպված տարբերակից, ապա հավանաբար նկատել ես, որ զգացողությունն այլ է։ Պատճառն իմանալու համար եկ տեսնենք, թե ինչպես է գիրքը կազմվել։
Նոր գիրք, նոր շունչ
Ավելի հաստ թուղթ: Ինչու՞ էր դա անհրաժեշտ: «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքն ունի ավելի քան 600 գունագեղ նկարներ, որոնք գրեթե տասը անգամ ավելին են «Սովորեցնում է մեզ» գրքի նկարներից։ Նոր գիրքը նաև ունի ավելի մեծ լուսանցքներ։ Այս երկու գործոնները խնդիր էին ստեղծում։ Երբ թուղթը բարակ է, էջի հակառակ կողմում, թեկուզ անորոշ, բայց պատկերները երևում են։ Դրանից խուսափելու համար միջազգային տպագրության բաժնի եղբայրները Ուոլքիլում (Նյու Յորք, ԱՄՆ) փորձարկեցին չորս տեսակի թուղթ, որոնք ներկայումս օգտագործում ենք մեր տպարաններում։ Կառավարիչ մարմնի գրական կոմիտեն ուսումնասիրեց յուրաքանչյուր նմուշ և ընտրեց առավել քիչ թափանցող թուղթը։ Թեև այս թուղթը մոտ 16 տոկոսով թանկ է, քան այն, որը մենք օգտագործում ենք մեր հրատարակությունների մեծ մասի համար, սակայն դրա շնորհիվ Աստվածաշունչ ուսումնասիրողները կարդում են «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի յուրաքանչյուր էջ՝ առանց հակառակ կողմի պատկերներով շեղվելու։
Կազմի նոր թաղանթ։ Նոր գրքի շապիկը տարբերվում է մեր մյուս գրքերի շապիկներից, քանի որ այն ծածկված է այլ թաղանթով կամ պաշտպանիչ շերտով: Սովորական փայլուն թաղանթի փոխարեն նոր գիրքն ունի փայլատ ծածկույթ, որն ավելի նկատելի է դարձնում շապիկի նկարը։ Այդ թաղանթը գիրքը նաև պաշտպանում է մաշվածությունից, որն առաջանում է հաճախակի օգտագործման հետևանքով։ Սակայն անփայլ թաղանթը կարող է հինգ անգամ ավելի թանկ արժենալ: Ուստի մի քանի մասնաճյուղեր համագործակցեցին, որպեսզի ձեռք բերեն ավելի էժան փայլատ թաղանթ։
Իսկ ինչո՞ւ են այսքան թանկարժեք նյութեր ընտրվել։ Մի եղբայր, ով աշխատում է միջազգային տպագրության բաժնում, ասում է. «Մենք ակնկալում ենք, որ այս գիրքը շատ կօգտագործվի, ուստի ցանկանում ենք, որ այն պահպանի գեղեցիկ տեսքը՝ չնայած բազմակի օգտագործմանը»։ Բրազիլիայի մասնաճյուղից Էդուարդո անունով մի եղբայր ասում է. «Մենք շատ ուրախ ենք տեսնել, թե ինչպես է Եհովայի կազմակերպությունը որակյալ նյութերի և նվիրատվությունները խելամտորեն օգտագործելու շնորհիվ այս գիրքը դարձրել գեղեցիկ, երկարակյաց ու գործածելու համար հաճելի։
Տպագրությունը COVID-19 համավարակի ժամանակ
«Վայելիր կյանքը հավիտյան» գրքի տպագրությունը սկսվեց 2021 թ. մարտին՝ COVID-19 համավարակի ժամանակ, ինչը դժվարություններ ստեղծեց։ Բեթելի արգելափակման պատճառով մեր տպարանները զրկվել էին համագործակիցների աջակցությունից. նաև հնարավոր չէր նոր եղբայրների հրավիրել ծառայելու որպես բեթելցի։ Արդյունքում որոշ տպարաններ չունեին բավարար անձնակազմ, իսկ մյուսները ժամանակավորապես փակվել էին կառավարության սահմանափակումների պատճառով։
Ինչպե՞ս հաղթահարվեցին այս դժվարությունները։ Երբ վերսկսվեց տպարանների աշխատանքը, Բեթելի այլ բաժիններից եղբայրներ ու քույրեր ժամանակավորապես նշանակվեցին տպագրության բաժին։ Միջազգային տպագրության բաժնից Ջոել անունով մի եղբայր ասում է. «Նրանց անձնազոհ ոգու և նոր բաներ սովորելու պատրաստակամության շնորհիվ այս աշխատանքը ավարտին հասցվեց»։
Չնայած դժվարություններին՝ մենք արդեն տպագրել ենք «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միլիոնավոր օրինակներ։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ է նյութերի լայն տեսականի, այդ թվում՝ տպաձև, թաղանթապատման ժապավեն, թուղթ, թանաք և սոսինձ: Տպագրության առաջին հինգ ամիսների ընթացքում միայն նյութերի վրա ծախսվել է ավելի քան 2,3 միլիոն դոլար: Գումար խնայելու համար մենք տպել ենք միայն ժողովներին անհրաժեշտ քանակով։
«Այն արվեստի գործ է»
Ինչպե՞ս են արտահայտվում Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողները և ուսումնասիրողները այս նոր ձեռնարկի մասին։ Ավստրալիայից մի եղբայր ասում է. ««Վայելիր կյանքը հավիտյան» գրքով ուսումնասիրություն անցկացնելը շատ հաճելի ու ոգևորիչ է։ Գրքի դասավորությունը գրավիչ է և ինտերակտիվ: Գրքում հրաշալի կերպով համադրված են հստակ տեղեկությունները, գործերի մղող հարցերը, տեսանյութերը, նկարները, գծապատկերներն և ուսանողի համար նպատակները։ Այն արվեստի գործ է, որն ինձ դրդում է կատարելագործվել որպես ուսուցիչ»։
Միացյալ Նահանգներում Աստվածաշունչ ուսումնասիրողներից մեկը նշում է. «Շատ եմ հավանում այս նոր գիրքը։ Նկարներն օգնում են, որ հասկանամ գլխավոր մտքերը, իսկ տեսանյութերը հասնում են սրտիս ու գործերի մղում»։ Այս ուսանողը շաբաթը երկու անգամ ուսումնասիրում է Աստվածաշունչը և կանոնավոր հաճախում է ժողովի հանդիպումներին։
«Վայելիր կյանքը հավիտյան» գրքի միլիոնավոր օրինակներ դեռ պետք է տպագրվեն շատ լեզուներով: Մինչ օրս Կառավարիչ մարմինը հավանություն է տվել այս գիրքը հրատարակել 710 լեզուներով, ինչը 340-ով ավելին է «Սովորեցնում է մեզ» գրքից։
Ինչպե՞ս են ծածկվում տպագրության ծախսերը։ Համաշխարհային գործին ուղղված ձեր նվիրատվություններով, որոնցից շատերը արվել են donate.pr418.com կայքի միջոցով։ Մենք գնահատում ենք ձեր առատաձեռն ոգին, որը մեզ օգնում է Աստվածաշնչի ուսումնասիրության օժանդակ ձեռնարկներ թողարկել նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել Եհովայի մասին և «ապրել հավիտյան» (Սաղմոս 22։26)։
a Գրքի լույսընծայման մասին հայտարարվեց տարեկան հանդիպմանը, որը դիտեցինք JW հեռարձակմամբ։