ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ավելցուկը լրացնում է պակասը
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2020
Եհովայի վկաները կրոնական և հումանիտար գործունեություն են իրականացնում աշխարհի ավելի քան 200 երկրներում։ Սակայն այդ երկրներից միայն 35-ում են նվիրատվությունները բավականացնում ծախսերի համար։ Այդ դեպքում ինչպե՞ս են մյուս երկրներում փակվում ծախսերը։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը հետևում է, թե Վկաները ամբողջ աշխարհում ինչի կարիք ունեն, որպեսզի երկրպագեն Աստծուն և քարոզեն բարի լուրը։ Նվիրատվություններն իմաստնորեն են տնօրինվում, և միջոցները օգտագործվում են ըստ կարիքի։ Եթե մասնաճյուղը ավելի շատ նվիրատվություններ է ստանում, քան անհրաժեշտ է այդ տարածքում Եհովայի վկաների գործունեության համար, ապա ավելցուկը տրամադրվում է այն երկրներին, որոնք բավականաչափ միջոցներ չունեն։ Այդպես նրանք հետևում են առաջին դարի քրիստոնյաների օրինակին, «որպեսզի հավասարություն լինի» (2 Կորնթացիներ 8։14)։ Նրանք իրենց ավելցուկը օգտագործում էին մյուս քրիստոնյաների պակասը լրացնելու համար։
Իսկ ի՞նչ են զգում այն եղբայրները, որոնց տրամադրվում է մյուսների ավելցուկը։ Օրինակ՝ Տանզանիայում, որտեղ բնակչության ավելի քան կեսը օրը երկու դոլարից էլ քիչ է վաստակում, այդ միջոցներով վերանորոգվել է «Մաֆինգա» ժողովի Թագավորության սրահը։ Ժողովը իր շնորհակալական նամակում նշել էր. «Վերանորոգումից հետո մեր ժողովի հաճախելիությունը զգալիորեն բարձրացել է։ Մենք շատ երախտապարտ ենք Եհովայի կազմակերպությանը և մեր համաշխարհային եղբայրությանը առատաձեռնության համար։ Դրա շնորհիվ մենք այժմ այսպիսի գեղեցիկ երկրպագության վայր ունենք»։
COVID-19-ի պատճառով Շրի Լանկայում մեր եղբայրներից ոմանք սննդի պակաս ունեին։ Այդպիսի իրավիճակում էին հայտնվել Իմարա Ֆերնանդոն և նրա որդին՝ Ինոշը։ Այլ երկրներից ուղարկված միջոցների շնորհիվ այդ ընտանիքը պարենամթերք ստացավ։ Նրանք իրենց ձեռքով բացիկ էին պատրաստել, որում գրել էին. «Շնորհակալ ենք մեր եղբայրներին այս դժվար ժամանակներում մեր հանդեպ դրսևորած սիրո համար։ Մենք իսկապես երջանիկ ենք, որ այս ընտանիքի մի մասնիկն ենք, և աղոթում ենք Եհովային, որ օգնի մեր բոլոր եղբայրներին այս վերջին օրերում»։
Անկախ իրենց բնակության վայրից՝ մեր հավատակիցները ուրախությամբ բաժին են հանում իրենց ունեցածից։ Օրինակ՝ Ինոշը փոքր տուփ է պատրաստել, որում գումար է հավաքում, որպեսզի ինքն էլ կարողանա իր նվիրատվություններով օգնել կարիքավոր ընտանիքներին։ Գվադելուպե Ալվարեսը նույնպես առատաձեռն ոգի ունի։ Նա Մեքսիկայի այնպիսի նահանգում է ապրում, որտեղ մարդիկ կա՛մ նվազագույն աշխատավարձ են ստանում, կա՛մ էլ ընդհանրապես եկամտի աղբյուր չունեն։ Սակայն Գվադելուպեն նվիրաբերում է այն, ինչ կարող է։ Նա գրել է. «Երախտապարտ եմ Եհովային իր բարության և նվիրված սիրո համար։ Ես գիտեմ, որ իմ նվիրատվությունները կգումարվեն մյուսների նվիրատվություններին և կօգնեն իմ կարիքավոր եղբայրներին»։
Մասնաճյուղերը մեծ ուրախությամբ են իրենց միջոցներից բաժին հանում մյուսներին։ Բրազիլիայի մասնաճյուղի կոմիտեում ծառայող եղբայրներից մեկը՝ Էնթոնի Կարվալոն, նշում է. «Երկար տարիներ մեր երկրում քարոզչական գործունեություն իրականացնելու համար մյուս երկրների ֆինանսական աջակցության կարիքն ունեինք։ Այդ աջակցության շնորհիվ մեր երկրում մեծ աճ գրանցվեց։ Այժմ մեր մասնաճյուղի ֆինանսական վիճակը փոխվել է, և մենք առանձնաշնորհում ունենք օգնելու ուրիշներին»։ Մեր եղբայրները հասկանում են, որ քարոզչական գործը արվում է համաշխարհային մասշտաբով, և որպես Հիսուսի անձնվեր աշակերտներ՝ փորձում են օգնել այդ հարցում։
Ինչպե՞ս կարող են Եհովայի վկաները լավագույն կերպով օգնել կարիքի մեջ գտնվող իրենց հավատակիցներին։ Նրանք դա կարող են անել ոչ թե ուղղակի կերպով ուրիշ երկրների մասնաճյուղերին գումար ուղարկելով, այլ համաշխարհային գործի համար նվիրատվություններ կատարելով։ Դա հնարավոր է անել ժողովի նվիրատվությունների արկղում կամ donate.pr418.com կայքի միջոցով։ Շատ շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար։