Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Ավետարան ըստ Հիսուսի». տեսախցիկներից այն կողմ

«Ավետարան ըստ Հիսուսի». տեսախցիկներից այն կողմ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2024

 Եհովայի վկաների համար այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը «Ավետարան ըստ Հիսուսի» տեսաշարի առաջին մասի լույսընծայումն էր։ Այն արդեն դիտել են միլիոնավոր մարդիկ։ Եվ դա 18 մասերից միայն առաջինն էր։ Այս տեսաշարի նկարահանումներն իրականացնելու համար ի՞նչ է կատարվում վարագույրից այն կողմ, և անձամբ դուք ինչպե՞ս եք աջակցում այդ գործին։

Հոգում ենք դերակատարների և անձնակազմի մասին

 Տեսաշարի նկարահանումները գլխավորապես ընթանում են Ավստրալասիայի մասնաճյուղում։ a Յուրաքանչյուր դրվագի նկարահանման ժամանակ շուրջ 50-80 մարդ է լինում նկարահանման հրապարակում։ Բոլոր դերակատարներին և ողջ անձնակազմին մատուցվում է ճաշ, ընթրիք և ընդմիջման թեթև սնունդ։ Ճաշացանկը բավականին վաղօրոք է որոշվում։ Էսթերը, ով ծառայում է սննդի սպասարկման բաժնում, նշում է. «Համագործակցում ենք տարբեր մատակարարների հետ, ինչի շնորհիվ կարողանում ենք ձեռք բերել որակյալ մթերք լավագույն գնով։ Մենք անընդհատ փոփոխում ենք պատրաստվող սննդի քանակը, որպեսզի խուսափենք վատնումից»։ Սննդի համար ամեն օր մեկ մարդու հաշվով 4 ԱՄՆ դոլար է ծախսվում։

 Մեր դերակատարներն ու անձնակազմը ոչ միայն սննդի, այլև պաշտպանության կարիք ունեն։ Բայց ինչի՞ց։ Արևաշատ Ավստրալիայում գերակշռում են տաք ու պայծառ օրերը, սակայն դրա հետ մեկտեղ նաև բարձր է ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը։ Արևի ուղիղ ճառագայթներից և ջերմահարությունից հնարավորինս խուսափելու համար սպասարկող խմբի ջանասեր եղբայրներն ու քույրերը վրաններ են տեղադրում և զովանալու տարածքներ են պատրաստում, նաև հոգ են տանում, որ լինեն մեծ քանակությամբ արևապաշտպան քսուկներ, հովանոցներ և ջուր։ Քևինը, ով ծառայում է ձայնագրման/տեսագրման բաժնում, ասում է. «Սպասարկող թիմում մեծ մասամբ Բեթելի համագործակիցներ են ծառայում։ Նրանք խոնարհությամբ ու մեծ ուրախությամբ կատարում են այս և շատ այլ հանձնարարություններ։ Առանց նրանց օգնության անհնար կլիներ իրականացնել նախագիծը»։

Նկարահանումներ՝ մասնաճյուղի տարածքից դուրս

 Որոշ դեպքերում անհնար է իրականին մոտ տեսարաններ ստանալ մասնաճյուղի տարածքում՝ լինի դա բացօթյա տաղավարներում թե ստուդիայում։ Ուստի նկարահանումներն արվում են այլ տեղանքներում։ Որպեսզի ստանանք աստվածաշնչյան ժամանակների շնչով տեսարաններ, որոնցում չկան հոսանքալարեր, ասֆալտապատ ճանապարհներ և ժամանակակից շինություններ, դերակատարներն ու անձնակազմը հաճախ ճամփորդում են հեռավոր ու մեկուսի տարածքներ։ Հարկ է լինում հագուստը, դեկորացիաները և սարքավորումները փաթեթավորել, տեղափոխել և հետո ապահով պահեստավորել նկարահանման հրապարակում։ Նախքան նկարահանումների մեկնարկը նախագծի օգնական-կոորդինատորները համոզվում են, որ առկա են գեներատորներ, խմելու մաքուր ջուր և զուգարաններ։ Դերակատարներին ու անձնակազմին տեղավորում են տեղի հյուրասեր Վկաների տներում, մեքենա-տնակներում, հյուրանոցներում կամ փայտաշեն տնակներում։

Մասնաճյուղի տարածքից դուրս նկարահանումները առանձնահատուկ դժվարություններ են ստեղծում

 Այլ տեղանքում նկարահանումներ անելը թանկ է, ժամանակատար և հոգնեցուցիչ՝ բոլոր մասնակիցների համար։ Ուստի 2023 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց, որ ձեռք բերվի 2,5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վիդեոպատ։ Բարձր որակի կադրեր արտապատկերող էկրանների և կարգավորվող լուսավորության միջոցով այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս փակ տարածքում նկարահանել տեսարաններ, որոնք ասես դրսում՝ մեկ այլ տեղանքում արված լինեն։ Արդյունքում հաճախ կարողանում ենք խուսափել ճամփորդություն պահանջող ծախսատար նկարահանումներից։ Դերենը, ով Ավստրալասիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասում է. «Վիդեոպատով նկարահանման շնորհիվ դերակատարները ավելի քիչ են հոգնում։ Նաև հնարավոր է լինում վերանկարահանել որոշ դրվագներ։ Օրինակ՝ եթե դրսում նկարահանեինք, ընդամենը մի քանի րոպե կունենայինք մայրամուտը ֆիքսելու համար։ Բայց վիդեոպատի օգնությամբ կարող ենք «կրկնել» մայրամուտը այնքան, մինչև որ ստանանք մեր ուզած կադրերը»։

Նոր տեղադրված վիդեոպատը կարգավորվում է և փորձարկվում, նախքան կսկսվեն նկարահանումները

«Ասես ոչ մի զոհողություն էլ արած չլինեի»

 «Ավետարան ըստ Հիսուսի» տեսաշարի յուրաքանչյուր մասի համար անհրաժեշտ են հարյուրավոր դերակատարներ և է՛լ ավելի մեծ թվով անձնակազմ։ Ի՞նչ են զգում նրանք՝ տեսնելով, թե ինչ հսկայական գործ է արվում իրենց մասին հոգ տանելու համար։

 Էմբերը, ով Մելբուրնում գտնվող իր տնից 700 կմ (435 մղոն) ճանապարհ էր անցել այս նախագծին մասնակցելու համար, գրել է. «Այն պահից ի վեր, երբ ժամանեցի օդանավակայան, Բեթելի եղբայրները տեղը տեղին հոգ էին տանում իմ մասին։ Շատ բեթելցիներ ինձ հրավիրում էին ճաշի կամ թեյի։ Իսկ նկարահանման հրապարակում բոլորը այնպես էին անում, որ ինձ անկաշկանդ ու սիրված զգամ։ Ճամփորդությունս լի էր օրհնություններով։ Ասես ոչ մի զոհողություն էլ արած չլինեի»։

 Դերեկը, ով ծառայում է տեսանյութերի թողարկման խմբում, ասում է. «Հենց ամենասկզբից բազմաթիվ բաժիններ են աջակցել մեզ։ Այնքան շնորհակալ եմ, որ շուրջս կան այսպիսի նվիրված եղբայրներ ու քույրեր, ովքեր այս նախագծի համար զոհել են իրենց ժամանակը, միջոցները և ուժերը։ Նրանք պատրաստակամ են, ջանասեր ու բարի։ Ակնհայտ է, որ Եհովան օրհնել է թե՛ նրանց, թե՛ մեզ։ Համոզված եմ, որ նրան հուզում է ոչ միայն մեր աշխատանքի արդյունքը, այլև ընթացքը»։

 Շնորհակալ ենք, որ ձեր նվիրատվություններով, որոնք արվում են նաև donate.pr418.com կայքի միջոցով, աջակցում եք այս տեսաշարի պատրաստմանը։

a Ավստրալասիայի մասնաճյուղը վերահսկում է մեր գործունեությունը մի շարք երկրներում, այդ թվում՝ Ավստրալիայում և Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում գտնվող որոշ երկրներում։ Մասնաճյուղը գտնվում է Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի ծայրամասում։