ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Գաղաադ»՝ միջազգային դպրոց
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2020
Ամեն տարի տարբեր երկրներից հատուկ լիաժամ ծառայողներ են հրավիրվում սովորելու Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում, որն անցկացվում է Պատերսոնի կրթական կենտրոնում (Նյու Յորք)։ a Ուսանողները սովորում են արդյունավետորեն կատարել Եհովայի կազմակերպության մեջ ունեցած իրենց տարբեր նշանակումները։ Այս մարզումը նրանց օգնում է զորացնել և հաստատել ժողովներն ու մասնաճյուղերը։
«Գաղաադն» իսկապես միջազգային դպրոց է։ Օրինակ՝ 2019 թ.-ին 147-րդ դասարանում սովորում էր 56 ուսանող, որոնք եկել էին 29 երկրից։ «Գաղաադ» հրավիրվում են հատուկ լիաժամ ծառայողները՝ բեթելցիները, շրջանային վերակացուները, միսիոներները կամ հատուկ ռահվիրաները։
Դպրոցի նախապատրաստությունները դասերից բավական շուտ են սկսվում։ Օրինակ՝ Գլխավոր վարչության ճանապարհորդությունների բաժինը դպրոց հրավիրվածների համար թռիչքի տոմսեր է գնում։ «Գաղաադի» 147-րդ դասարանի ուսանողների՝ Պատերսոն հասնելու և այնտեղից վերադառնալու տոմսերի միջին գինը կազմել է 1 075 ԱՄՆ դոլար։ Սողոմոնի կղզիներից եկած ուսանողները 4 թռիչքով են հասել Պատերսոն, այնուհետև 3 թռիչքով վերադարձել են տուն՝ ճամփորդելով ընդհանուր առմամբ 35 400 կմ (22 000 մղոն)։ Այդ թռիչքների ընդհանուր արժեքը մեկ ուսանողի հաշվով կազմել է 2 300 ԱՄՆ դոլար։ Գումար խնայելու նպատակով ճանապարհորդությունների բաժինը օգտվում է մի համակարգչային ծրագրից, որը նախատեսված է տոմսերի պատվիրման համար։ Այս ծրագիրը անգամ տոմսն ամրագրելուց շաբաթներ և նույնիսկ ամիսներ հետո փնտրում է ավելի մատչելի տարբերակ։ Տոմսեր գնելիս ճանապարհորդությունների բաժինը օգտվում է նաև նվիրաբերված թռիչքային բոնուսներից։
Ուսանողներից շատերին ԱՄՆ մուտք գործելու համար վիզա է հարկավոր։ Գլխավոր վարչության իրավաբանական բաժինը նրանց օգնում է ուսանողական վիզա ստանալ։ Վիզայի և գրանցման ծախսերը կազմում են միջինը 510 ԱՄՆ դոլար։
Ի՞նչ օգուտներ ենք քաղում այս ուսանողների ստացած մարզումից։ Հենդրա Գունավան որպես երեց է ծառայում հարավարևելյան Ասիայի ժողովներից մեկում։ Նույն ժողովում ծառայում է նաև մի ամուսնական զույգ, որը «Գաղաադում» է սովորել։ Այդ երեցն ասում է. «Նախկինում մեր ժողովում ռահվիրաներ չկային։ Սակայն երբ «Գաղաադի» շրջանավարտներ տեղափոխվեցին մեզ մոտ, նրանց եռանդը և անձնազոհ ոգին մղեց, որ այլ քարոզիչներ էլ ռահվիրայություն սկսեն։ Իսկ մեր ժողովի քույրերից մեկը մասնակցեց Թագավորության քարոզիչների դպրոցին»։
Սերգիո Պանջաիտան ծառայում է հարավարևելյան Ասիայում գտնվող Բեթելի մասնաճյուղերից մեկում։ Իր հետ ծառայող «Գաղաադի» շրջանավարտների մասին նա ասում է. «Այն, ինչ նրանք սովորել են, ոչ միայն նրանց համար է օրհնություն, այլև մեզ համար։ Ճիշտ է, նրանք շատ բան են սովորել, բայց ուրիշներին վերևից չեն նայում. միշտ փորձում են կիսվել իրենց գիտելիքներով։ Նրանք քաջալերում են մեզ, մենք էլ ուրիշներին ենք քաջալերում»։
Իսկ ինչպե՞ս է ֆինանսավորվում այս դպրոցը։ Ծախսերը փակվում են համաշխարհային գործին արված նվիրատվությունների շնորհիվ, որոնցից շատերը կատարվում են donate.pr418.com կայքում նշված մեթոդներից մեկով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվությունների համար, որոնց միջոցով անցկացվում է այս դպրոցը։
a Այս դպրոցի ուսումնական ծրագիրը կազմվել և թարմացվում է աստվածապետական դպրոցների բաժնի կողմից՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեի հսկողության ներքո։ Դպրոցում դասավանդողներն այդ բաժնից են։ Կան նաև հրավիրված դասավանդողներ, այդ թվում՝ Կառավարիչ մարմնի անդամներ։