Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գրադարան՝ ափիդ մեջ

Գրադարան՝ ափիդ մեջ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 2021

 «Ոչ վաղ անցյալում անգամ դժվար էր պատկերացնել, որ հոգևոր սնունդը թվային ձևով կստանանք»։ Համաձա՞յն ես այս խոսքերի հետ, որոնք ասել է եղբայր Ջեֆրի Ջեքսոնը «2020 Կառավարիչ մարմնի հաշվետվություն (մաս 6)»-ում։ Հետո նա շարունակել էր. «Իսկ այժմ գուցե մտածում ենք, թե այս ընթացքում ինչ էինք անելու առանց «JW Library»-ի և այլ գործիքների։ Եհովան տարիներ շարունակ պատրաստում էր մեզ այսպիսի մի դժվարության»։

 Ինչպե՞ս էր Եհովան պատրաստել մեզ։ Իսկ ինչպե՞ս է ստեղծվել «JW Library» հավելվածը, և ի՞նչ է անհրաժեշտ անել, որ այն անխափան աշխատի և թարմացվի։

Առաջինը իր տեսակի մեջ

 2013 թ. մայիսին Կառավարիչ մարմինը գլխավոր վարչության MEPS ծրագրավորման բաժնին խնդրեց այնպիսի հավելված ստեղծել, որը կներառեր վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»։ MEPS ծրագրավորում բաժնում ծառայող Փոլ Ուիլիսն ասում է. «Մինչ այդ մենք երբեք ոչ մի հեռախոսային հավելված չէինք թողարկել, սակայն թիմ հավաքեցինք, դադարեցրինք մի քանի նախագծերի աշխատանքները և սկսեցինք այլ բաժինների հետ համագործակցել, որ ստեղծենք հավելվածը։ Մենք շատ էինք աղոթում, և Եհովայի օգնությամբ ընդամենը 5 ամիս անց՝ տարեկան հանդիպմանը, հայտարարվեց հավելվածի թողարկման մասին»։

 Հաջորդ դժվարությունը հավելվածը գրադարանի վերածելն էր, որում տարբեր լեզուներով բազմաթիվ հրատարակություններ կլինեին։ 2015 թ. հունվարին մեր անգլերեն հրատարակությունների մեծ մասը արդեն առկա էր հավելվածում, և ընդամենը 6 ամիս անց օգտատերերը այդ հրատարակությունները կարող էին ներբեռնել հարյուրավոր լեզուներով։

 Այդ ժամանակվանից մեր եղբայրները բարելավել են հավելվածը շատ առումներով. տեսանյութեր են ավելացրել, ժողովի հանդիպումների բոլոր հրատարակությունները և աուդիո/վիդեո նյութերը մի բաժնում են դրել, և օգտատերերը հնարավորություն ունեն մուտք գործել «Փնտրտուքների ուղեցույց» հենց աստվածաշնչյան համարից։

Գրադարանի անխափան աշխատանքը

 Ամեն օր «JW Library» հավելվածից օգտվում է 8 միլիոն սարք, իսկ ամեն ամիս՝ ավելի քան 15 միլիոն սարք։ Ի՞նչ է անհրաժեշտ, որ հավելվածը սահուն կերպով աշխատի։ Եղբայր Ուիլիսն ասում է. «Հավելվածը միշտ կատարելագործման կարիք ունի։ Դրա համար մենք անընդհատ փորձում ենք նոր ֆունկցիաներ ավելացնել և հեշտացնել հավելվածի շահագործումը։ Քանի որ սարքերի օպերացիոն համակարգերը հաճախակի են թարմացվում, մենք էլ պետք է զուգահեռ թարմացնենք հավելվածը, որպեսզի այն համատեղելի լինի նոր օպերացիոն համակարգերի հետ։ Պետք է նաև սպասարկենք ու ավելացնենք ներքին ծրագրակազմը, քանի որ «JW Library»-ում հրատարակությունների ու ձայնագրությունների թիվը անընդհատ աճում է»։ Հաշվի առնելով առկա բոլոր լեզուները՝ այժմ մոտ 200 000 հրատարակություն ու 600 000 աուդիո/վիդեո նյութեր կան հավելվածում։

 Հավելվածի անխափան աշխատանքը ապահովելու համար համակարգչային սարքերից բացի այլ բաներ էլ են անհրաժեշտ։ Օրինակ՝ անհրաժեշտ է որոշ ծրագրերի համար լիցենզիաներ ձեռք բերել։ Միայն մեկ լիցենզիայի համար տարեկան վճարում ենք 1 500 դոլար։ Նաև MEPS ծրագրավորում բաժինը տարեկան 10 000 դոլար է ծախսում տարբեր սարքեր ձեռք բերելու համար, որ հավելվածը անխափան աշխատի նոր համակարգիչների, պլանշետների և հեռախոսների վրա։

Ներբեռնումների շնորհիվ խնայվում են միջոցները

 «JW Library»-ն նպաստել է, որ զգալիորեն կրճատվեն տպագրության, կազմարարության և գրականության տեղափոխման հետ կապված ծախսերը։ Օրինակ՝ 2013 թ.-ին «Աստվածաշունչը քննենք ամեն օր» գրքույկի տպաքանակը կազմել է մոտ 12 միլիոն։ Իսկ 2020 թ. թողարկումը տպվել է մոտ 5 միլիոն տպաքանակով, թեև քարոզիչների թիվն ավելացել էր մոտ 700 000-ով։ Ինչո՞վ էր պայմանավորված թվի այդ փոփոխությունը։ Բանն այն է, որ մեր հավատակիցներից շատերը հիմա օրվա խոսքը կարդում են «JW Library» հավելվածով։ a

«Այն իսկապես հրաշք է»

 «JW Library» հավելվածը շատ առումներով է օգտակար։ Կանադայում բնակվող Ժնևիևն ասում է, որ հավելվածի շնորհիվ իր անձնական ուսումնասիրությունը ավելի կանոնավոր է դարձել։ «Եթե ստիպված լինեի ուսումնասիրության համար անհրաժեշտ բոլոր գրքերը ամեն օր մեկտեղ հավաքել, դժվար թե ամեն առավոտ Աստվածաշունչ ուսումնասիրեի։ Իսկ հիմա պարզապես վերցնում եմ պլանշետս, ու ինձ ինչ պետք է, այնտեղ է։ Այս կանոնավոր ուսումնասիրության շնորհիվ հավատս ամրացել է, հոգևոր վիճակս էլ է լավացել»։

Ժնևիև

 Հավելվածը շատ օգտակար է եղել հատկապես COVID-19 համավարակի ընթացքում։ ԱՄՆ-ից Շարլինն ասում է. «COVID-19 համավարակից հետո արդեն մեկ տարի է՝ նոր տպագիր հրատարակություն չեմ ստացել։ Սակայն «JW Library»-ի շնորհիվ մենք հոգևոր առատ սնունդ ենք ստանում։ Շատ շնորհակալ եմ Եհովային այս հնարավորության համար»։

 Հավանաբար շատերը Ֆայեի զգացումներն են ունեցել, որը Ֆիլիպիններում է ապրում։ Նա ասում է. «Իմ ողջ հոգևոր կյանքն ու գործունեությունը ամփոփված են մի հզոր հավելվածի մեջ։ Առավոտյան առաջինը դա եմ բացում ու կարդում, տան գործերն անելիս դրանով եմ ձայնագրություններ լսում, հանդիպումներին ու Աստվածաշնչի ուսումնասիրությանս դրանով եմ պատրաստվում, ազատ ժամանակ դրանով եմ տեսանյութեր դիտում։ Հերթում սպասելիս դրանով հոդվածներ կամ Աստվածաշունչ եմ կարդում։ Այն իսկապես հրաշք է»։

 Հավելվածը անփոխարինելի է նաև ծառայության ժամանակ։ Կամերունում մի քույր ծառայության ժամանակ ցանկացավ մեջբերել մի սուրբգրային համար, որ մի քանի շաբաթ առաջ մեկ այլ քույր էր կարդացել, սակայն չկարողացավ գտնել այն։ Նա ասում է. «Մի արտահայտություն հիշեցի այդ համարից։ Բացեցի հավելվածը և Աստվածաշնչի «փնտրել» տողում գրեցի այդ արտահայտությունն ու անմիջապես գտա այն։ Հավելվածի օգնությամբ կարողանում եմ շատ համարներ գտնել»։

 Donate.pr418.com կայքում առկա տարբեր մեթոդներով արված ձեր նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացել ենք ստեղծել, սպասարկել և կատարելագործել «JW Library» հավելվածը մեր համաշխարհային եղբայրության համար։ Շնորհակալ ենք ձեր դրսևորած առատաձեռնության համար։

Կարևոր ամսաթվեր

  1. 2013 թ. հոկտեմբեր—լույս տեսավ հավելվածը, որում առկա էր վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»

  2. 2015 թ. հունվար—հավելվածում հայտնվեցին անգլերեն այլ հրատարակություններ, որոնց հաջորդեցին հրատարակություններ նաև այլ լեզուներով

  3. 2015 թ. նոյեմբեր—ավելացավ «ընդգծել» ֆունկցիան

  4. 2016 թ. մայիս—ավելացավ «հանդիպումներ» բաժինը

  5. 2017 թ. մայիս—ավելացավ «նշումներ» ֆունկցիան

  6. 2017 թ. դեկտեմբեր—«Ուսումնասիրության Աստվածաշունչը» հասանելի դարձավ հավելվածում (անգլ.)

  7. 2019 թ. մարտ—ձայնագրությունները ներբեռնելու, տեսանյութեր միացնելու և աստվածաշնչյան համարների հղումներից «Փնտրտուքների ուղեցույց» մուտք գործելու ֆունկցիաներն ավելացան

  8. 2021 թ. հունվար—հասանելի դարձավ «Վայելիր կյանքը հավիտյան» գիրքն իր առանձնահատկություններով

a Երբ «JW Library»-ից որևէ նյութ ենք ներբեռնում, կազմակերպությունը փոքր գումար է վճարում։ Օրինակ՝ անցյալ տարի կազմակերպությունը մոտ 1,5 միլիոն դոլար է ծախսել jw.org կայքում և «JW Library» հավելվածում դիտումների և ներբեռնումների համար։ Սակայն շատ ավելի ծախսատար կլիներ, եթե այդ ամենը տպագրվեր, սկավառակների վրա թողարկվեր, այնուհետև փոխադրվեր տարբեր երկրներ։