Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երգեր, որոնք մտերմացնում են մեզ Աստծու հետ

Երգեր, որոնք մտերմացնում են մեզ Աստծու հետ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2021

 Երաժշտությունը գեղեցիկ նվեր է Եհովայից։ Այն կարող է ազդել մեր մտքերի վրա, փոխել տրամադրությունը և գործերի մղել։ Նույնը, անշուշտ, կարող ենք ասել մեր թեմատիկ երգերի մասին. դրանք նույնիսկ կարող են մտերմացնել մեզ Աստծու հետ։

 2014 թ.-ից ի վեր ավելի քան 70 երգեր են լույս տեսել, որոնցից առնվազն մեկը հնարավոր է լսել ավելի քան 500 լեզուներով։ Գուցե հարց առաջանա. «Ո՞ւմ միջոցով և ինչպե՞ս են ստեղծվում այս երգերը»։

Ինչ է տեղի ունենում վարագույրից այն կողմ

 Մեր երգերի վրա աշխատում է ձայնագրման/տեսագրման բաժնի՝ երաժշտություն գրող թիմը, որը գործում է Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեի վերահսկողության ներքո։ Թիմում ընդգրկված են 13 եղբայրներ և քույրեր. ոմանք գրում են երգի բառերն ու երաժշտությունը, ոմանք ձայնային ինժեների գործն են կատարում, ուրիշներն էլ՝ մյուս անհրաժեշտ գործերը։ Բացի այդ՝ ուսումնական կոմիտեն հավանություն է տվել, որ ամբողջ աշխարհից հեռակա կամավորներ օգնեն թիմին, այդ թվում՝ երգահաններ, երաժիշտներ և երգիչներ։ Այս խոնարհ եղբայրներն ու քույրերը, առանց փառքի ու ճանաչման ձգտելու, օգտագործում են իրենց տաղանդը ուրիշների համար։

 Ինչպե՞ս է ընթանում երգի ստեղծման գործընթացը։ Նախ՝ ուսումնական կոմիտեն որոշում է, թե աստվածաշնչյան որ հատվածի վրա պետք է հիմնված լինի երգը ու ինչ զգացումներ պետք է փոխանցի։ Երաժշտությունը գրող թիմը նախագիծը նշանակում է տարբեր երգահանների, որպեսզի գրվեն բառերն ու երաժշտությունը, և կազմվի երգի նախնական տարբերակը։ Ուսումնական կոմիտեի եղբայրները լսում են այն և տալիս լրացուցիչ հրահանգներ։ Թիմը հրահանգները ստանալուց հետո անհրաժեշտության դեպքում երգը փոփոխությունների է ենթարկում ու վերջնական ձայնագրում։ Երգերը ձայնագրվում են տարբեր վայրերում, օրինակ՝ մասնաճյուղերում կամ անհատական ստուդիաներում։

 Երգերը ստեղծելու և ձայնագրելու համար մեր եղբայրները օգտագործում են համակարգչային տարբեր ծրագրեր։ Բացի այդ՝ նրանց անհրաժեշտ են երաժշտական գործիքներ, աուդիոմիքսերներ, ուժեղացուցիչներ, բարձրախոսներ և խոսափողներ։ Միայն մեկ բարձրախոսի արժեքը տատանվում է 100-ից 1 000 դոլարի սահմաններում։ 2020 թ.-ին երաժշտական սարքավորումներ ձեռք բերելու համար մենք ծախսել ենք 116 000 դոլար։

 Իսկ դրամական միջոցները խնայելու համար ի՞նչ ջանքեր են գործադրվել։ Բեթելում երաժշտություն ստեղծող մեծ թիմ ունենալու փոխարեն շատ գործեր հանձնարարվում են հեռակա կամավորներին։ Բացի այդ՝ մեծ նվագախումբ ունենալու փոխարեն եղբայրները հաճախ երաժշտությունը ստեղծում են համակարգչային ծրագրերի օգնությամբ։

«Հոգևոր փրկօղակ»

 Մեր եղբայրներն ու քույրերը սիրում են վայելել մեր թեմատիկ երգերը։ Գերմանիայում բնակվող Թարան ասում է. «Երբ լարված եմ, երգերն ինձ օգնում են լիցքաթափվել։ Դրանք իմ մայրենի լեզվով լսելը տպավորություն է ստեղծում, ասես Եհովան գրկում է ինձ»։ Ղազախստանում բնակվող Դմիտրին ասում է. «Հաճելի է, որ կարող եմ լսել երգեր՝ հանգիստ լինելով, որ դրանց բառերը չեն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Դեռ ավելին, այդ երգերը օգնում են ինձ կենտրոնանալ Եհովայի հետ ունեցած իմ փոխհարաբերությունների վրա»։

 Հարավային Աֆրիկայում բնակվող Դելիան պատմում է, թե ինչպես են իր վրա ազդում թեմատիկ երգերը։ Նա ասում է. «Այս երգերը կարծես հոգևոր փրկօղակ լինեն։ Երբ ընկճված եմ կամ բախվում եմ դժվարության, միշտ գտնվում է մի երգ, որ հենց իմ իրավիճակի համար է։ Հաճախ երգի առաջին իսկ նոտաներից ինձ ավելի լավ եմ զգում»։

 Ոմանց համար թեմատիկ երգերից որոշները շատ սիրելի են դարձել։ Օրինակ՝ Լիրատոն, ով նույնպես Հարավային Աֆրիկայում է ապրում, ասում է. ««Նոր աշխարհն աչքիս առաջ է» և «Ծնվում է նոր աշխարհ» երգերը լսելիս մտովի տեղափոխվում եմ այն ժամանակները, երբ կտեսնեմ իմ սիրելի մայրիկին։ Ամեն անգամ, երբ լսում եմ այդ երգերը, կարծես տեսնում եմ, թե ինչպես է նա վազելով գալիս ու գրկում ինձ»։

 Երգերից մեկը շատ է օգնել Շրի Լանկայում ապրող մի պատանու։ Նա ասում է. «Ուսուցիչներիցս մեկը ամբողջ դասարանի առաջ Եհովայի վկա լինելու համար ինձ կոպտեց։ Ես վախից պապանձվել էի։ Երբ եկա տուն, մայրս խորհուրդ տվեց լսել «Խոսքն է ուժ տալիս» երգը։ Այն ինձ օգնեց հասկանալ, որ պետք է փնտրտուքներ կատարեմ և նախապատրաստվեմ հաջորդ անգամվա համար։ Մյուս օրը խոսեցի ուսուցչիս հետ, նա լսեց ինձ և ասաց, որ այժմ հասկացավ, թե ինչ հավատալիքներ ունեն Վկաները։ Անչափ շնորհակալ եմ Եհովայի կազմակերպությանը այսպիսի քաջալերական երգերի համար»։

 Իսկ ինչպե՞ս են փակվում այս ծախսերը։ Համաշխարհային գործի համար արված ձեր նվիրատվությունների շնորհիվ, որոնցից շատերը կատարվում են donate.pr418.com կայքում առկա մեթոդներով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռն նվիրատվությունների համար։