ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թագավորության սրահները ապահով ենք դարձնում COVID-19-ի ընթացքում
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2022
«Կառավարիչ մարմինը որոշեց ապրիլի 1-ից վերսկսել ֆիզիկապես ներկա լինելու կարգով ժողովի հանդիպումներ անցկացնել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ տեղի իշխանությունների սահմանափակումները թույլ չեն տա այդպես վարվել»։ Այս հայտարարությունը, որը տեղադրվեց jw.org կայքում 2022 թ. մարտի սկզբին, շատ ուրախացրեց ամբողջ աշխարհի Եհովայի վկաներին։ Սակայն COVID-19 համավարակը դեռ ավարտված չէր: a Ի՞նչ փոփոխություններ, պարագաներ և սարքավորումներ էին անհրաժեշտ՝ հանդիպումների մասնակիցներին վիրուսից պաշտպանելու համար։ Մոտ երկու տարի անց մեր Թագավորության սրահները պատրաստ կլինեի՞ն կրկին բացելու իրենց դռները։
Իրականում մեր եղբայրներն արդեն երկար ամիսներ էր՝ պատրաստվում էին Թագավորության սրահներում հանդիպումները վերսկսելուն։
Տարբեր կարիքներ, տարբեր լուծումներ
2020 թ.-ին՝ հանդիպումներին ֆիզիկապես ներկա լինելու կարգը դադարեցնելուց ընդամենը մեկ ամիս անց, նախագծման/շինարարության միջազգային բաժինը Ուորվիքում (Նյու Յորք) սկսեց քննարկել, թե COVID-19-ը ինչպես կազդի Թագավորության սրահների օգտագործման վրա, և թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել մեր հանդիպման վայրերը ապահով դարձնելու համար։
Աշխարհի մի ծայրից մյուսը կարիքները տարբեր էին։ Մեթյու դե Սանկտիսը, ով ծառայում է նախագծման/շինարարության միջազգային բաժնում, ասում է. «Որոշ երկրներում մեծ խնդիր է այն, որ ձեռքերը լվանալու հարմարություններ չկան։ Երբ Թագավորության սրահներում հոսող ջուր չի լինում, այն գնում են կամ բերում գետից կամ ջրհորից։ Ուրիշ երկրներում էլ կառավարությունները հատուկ պահանջներ են սահմանել օդորակման, օդափոխության համակարգերի և առողջության ու հիգիենայի վերաբերյալ ցուցանակների առնչությամբ»։
Ի՞նչ լուծումներ են գտել մեր եղբայրները այս խնդիրների համար։ Ինչպես նշում է եղբայր Մեթյուն, շատ Թագավորության սրահների դեպքում հաճախ ամենաարդյունավետը պարզ ու էժան լուծումներն են։ Օրինակ՝ Պապուա Նոր Գվինեայում տեղադրվեցին ջրով լցված 20 լիտրանոց (5,3 գալոն) տարաներ, որոնց վրա ամրացված էին ծորակներ։ Այդպիսով հնարավոր դարձավ ընդամենը 40 ԱՄՆ դոլարով լուծել գյուղական վայրերում գտնվող Թագավորության սրահների ջրի հարցը։ Աֆրիկայի Թագավորության սրահների համար էլ Ասիայից ձեռք բերվեցին ավելի քան 6 000 բարձրորակ տարաներ։
Թագավորության սրահների օդափոխությունը բարելավելու համար ձևափոխվեցին օդափոխիչներն ու օդորակիչները կամ տեղադրվեցին նորերը։ Շատ ժողովներ երկար ձողեր գնեցին խոսափողերի համար, որպեսզի դրանք ձեռքից ձեռք չփոխանցվեն։ Քայլեր ձեռնարկվեցին հպման մակերեսները նվազեցնելու և դրանք կանոնավոր ախտահանելու համար։ Այդպիսի մակերեսներ են բռնակները և ծորակները, որոնք կարող են վիրուսի տարածման պատճառ հանդիսանալ։ Որոշ ժողովներ զուգարաններում տեղադրեցին սենսորային ծորակներ, որոնք ավտոմատ կերպով են միանում։ Չիլիում անհրաժեշտ փոփոխությունները գործի դնելու նպատակով յուրաքանչյուր Թագավորության սրահի համար միջինը ծախսվեց 1 400 ԱՄՆ դոլար։
Ճիշտ է, Թագավորության սրահները ապահով դարձնելը առաջնահերթություն էր, սակայն եղբայրները նաև ջանում էին խնայողաբար օգտագործել նվիրաբերված միջոցները։ Որոշ երկրներում նրանք օգտվեցին կառավարության կողմից տրվող օգնությունից և ձեռք բերեցին լվացվելու համար նախատեսված տարաներ և խոսափողերի ձողեր։ Գումար խնայելու նպատակով մասնաճյուղերը համագործակցում էին և միասին մեծածախ գնումներ կատարում։ Մասնաճյուղերը և համաշխարհային մատակարարման բաժինը հաճախ ապրանքները գնում էին անմիջապես արտադրողից, ինչը նվազեցնում էր ծախսերը և առաքման ժամկետները։
«Այդ ամենը ինձ լցրեց ապահովության զգացումով, ինչի կարիքը շատ ունեի»
Թագավորության սրահներն առավել ապահով դարձնելու միջոցառումները պաշտպանել են հանդիպումներին ֆիզիկապես ներկա գտնվողներին։ Պերուում ապրող քույր Դուլսինը խոստովանում է, որ «մի փոքր վախեցավ», երբ իմացավ, որ նորից գնալու ենք Թագավորության սրահ։ Նա ասում է. «Համավարակի սկսվելուց անմիջապես հետո COVID-19-ով վարակվեցի։ Ուստի անհանգիստ էի, որ Թագավորության սրահ գնալուց կարող եմ նորից վարակվել։ Բայց երբ հասա Թագավորության սրահ, նկատեցի, որ երեցները բազմաթիվ քայլեր են ձեռնարկել, ինչպես օրինակ՝ ձեռքերը ախտահանող սարքեր են տեղադրել, խոսափողերի համար ձողեր են գնել, նաև ամեն հանդիպումից առաջ և հետո Սրահը ախտահանելու գրաֆիկ են կազմել։ Այդ ամենը ինձ լցրեց ապահովության զգացումով, ինչի կարիքը շատ ունեի»։ b
Զամբիայում ապրող քույր Սառան բազմաթիվ դժվարություններ է դիմագրավել։ Նա ասում է. «Մի քանի ամիս առաջ ամուսինս մահացավ COVID-19-ից։ Ես անհանգիստ էի, թե ինչ զգացումներ կունենամ, երբ առանց նրա գնամ Թագավորության սրահ»։ Իսկ հիմա ի՞նչ զգացումներ ունի Սառան։ Նա շարունակում է. «Ֆիզիկական մասնակցությամբ հանդիպումները ինձ համար վառ ապացույց եղան, որ այս վերջին օրերում Եհովան մեզ հետ է։ Այժմ առավել, քան երբևէ զգում եմ երեցների և մյուս հավատակիցների սերը, ջերմությունն ու քաջալերանքը»։
Ամբողջ աշխարհի մեր հավատակիցները անչափ ուրախ են, որ նորից հնարավորություն ունեն Թագավորության սրահ գնալու։ Շատ շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար, որոնց մեծ մասը արվում է donate.pr418.com կայքի միջոցով։ Այդ նվիրատվությունների շնորհիվ քայլեր են ձեռնարկվել, որ մաքուր երկրպագության վայրերը լինեն հարմարավետ ու առողջության տեսանկյունից՝ ապահով։