ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թարգմանչական գրասենյակներ, որոնք օգուտ են բերում միլիոնավոր մարդկանց
ՄԱՐՏԻ 1, 2021
Մեր թարգմանչական խմբերի ավելի քան 60 տոկոսը աշխատում է ոչ թե մասնաճյուղերում, այլ թարգմանչական գրասենյակներում։ Ինչո՞վ է այս նախաձեռնությունը օգտակար։ Ի՞նչ գործիքներ են թարգմանիչներին անհրաժեշտ իրենց աշխատանքը թարգմանչական գրասենյակներում արդյունավետ կատարելու համար։ Եվ ի՞նչ կապ ունի թարգմանչական խմբի գտնվելու վայրը իր կատարած աշխատանքի որակի հետ։
Թարգմանչական գրասենյակները թարգմանիչներին հնարավորություն են տալիս ապրել այնտեղ, որտեղ շատերն են խոսում իրենց լեզվով։ Կարինը, ով ստորին գերմաներենի թարգմանիչ է, ասում է. «Կուաուտեմոկ (Չիուաուա, Մեքսիկա) տեղափոխվելուց հետո միայն ստորին գերմաներեն ենք խոսում՝ թե՛ թարգմանիչների հետ, թե՛ ծառայության ժամանակ և թե՛ գնումներ կատարելիս։ Մենք շրջապատված ենք այս լեզվով խոսող մարդկանցով։ Այնպիսի խոսակցական արտահայտություններ ենք լսում, որոնք երկար ժամանակ չէինք լսել, և հետևում ենք այն բառապաշարին, որով խոսում են մարդիկ»։
Ջեյմսը, ով Գանայում ֆրաֆրա լեզվի թարգմանիչ է, ասում է. «Ճիշտ է, երբեմն կարոտում եմ Բեթելի ընտանիքի հետ շփումը մասնաճյուղում, սակայն սիրում եմ թարգմանչական գրասենյակում աշխատել։ Երբ քարոզում եմ տեղաբնակների լեզվով և տեսնում եմ, թե ինչպես են նրանք արձագանքում բարի լուրին, շատ եմ ուրախանում»։
Ինչպե՞ս են մեր եղբայրները որոշում, թե որտեղ տեղակայել թարգմանչական գրասենյակը։ Ջոզեֆը, որը ծառայում է Ուորվիքում գտնվող նախագծման/շինարարության միջազգային բաժնում, ասում է. «Խնդիրներից մեկն այն է, որ որոշ վայրերում չկա ջուր, մշտական էլեկտրականություն, ինչպես նաև ինտերնետ, որ թարգմանիչները ստանան ֆայլերը։ Ուստի թարգմանչական գրասենյակի համար աչքի տակ ենք ունենում մեկից ավելի վայրեր»։
Ընդհանուր առմամբ, ամենաարագ և ամենամատչելի տարբերակը թարգմանչական գրասենյակը համաժողովների սրահում, Թագավորության սրահում կամ միսիոներական տանը տեղակայելն է, որտեղ թարգմանիչները կարող են գալ և աշխատել։ Իսկ եթե այդպիսի շինություն չկա, գուցե հավանություն տրվի, որ եղբայրները գնեն բնակարաններ և գրասենյակային տարածք։ Եթե հանգամանքները փոխվեն, այդ շինությունները հնարավոր կլինի վաճառել, որպեսզի միջոցներն օգտագործվեն այլ վայրերում։
Գործը շարունակելու համար ունենք անհրաժեշտ ամեն բան
2020 թ. ծառայողական տարվա ընթացքում թարգմանչական գրասենյակների համար ծախսվել է 13 միլիոն դոլար։ Այդ գրասենյակներում աշխատող թիմերին անհրաժեշտ են համակարգիչներ, մասնագիտացված ծրագրեր, ձայնագրման համար նախատեսված տեխնիկա, ինտերնետ և կոմունալ հարմարություններ։ Օրինակ՝ մեկ համակարգիչն իր պարագաներով կարող է արժենալ մոտ 750 դոլար։ Այնուհետև համակարգիչների վրա մի շարք վճարովի ծրագրեր են տեղադրվում, ինչպես նաև «Watchtower Translation System» ծրագիրը, որի օգնությամբ թարգմանիչները կազմակերպում են իրենց աշխատանքը և կարողանում են հեշտությամբ օգտվել տարբեր աղբյուրներից։
Թարգմանիչները նաև ստանում են ձայնագրության համար նախատեսված սարքեր, որպեսզի ձայնագրություններ կատարեն հենց իրենց գրասենյակում։ Այս սարքերը անփոխարինելի դարձան հատկապես այն ժամանակ, երբ սկսվեց COVID-19 համավարակը, քանի որ թարգմանիչներից շատերը դրանք տուն տարան և ձայնագրությունները շարունակեցին իրենց տանը անել։
Տեղի կամավորները հաճախ աջակցում են թարգմանիչներին։ Նրանք նախքան նյութերի լույսընծայումը ընթերցում են դրանք ու իրենց դիտարկումներն են անում, ինչպես նաև օգնում են թարգմանչական գրասենյակի սպասարկման աշխատանքներում։ Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյպթաուն քաղաքում տեղակայված աֆրիկաանս լեզվի թարգմանչական գրասենյակում ծառայող Քրիստինը ասում է. «Շատ քարոզիչներ ու ռահվիրաներ հնարավորություն ունեն իրենց հմտությունները գործի դնել այստեղ»։
Կամավորները մեծ բավականություն են ստանում այդ առանձնաշնորհումից։ Թարգմանչական գրասենյակին օգնող մի քույր ասում է, որ այստեղ աշխատելը շատ թարմացնող է։ Որոշ եղբայրներ ու քույրեր էլ մասնակցում են ձայնագրությունների։ Խուանան Մեքսիկայի Վերակրուս նահանգում տոտոնակ լեզվի թարգմանիչներից է։ Նա ասում է. «Այժմ, երբ այստեղ ենք, մեր եղբայրներին և քույրերին ավելի հեշտ է մասնակցել ձայնագրություններին»։
Արդյո՞ք թարգմանչական գրասենյակներում աշխատելը բարելավում է թարգմանությունների որակը։ Մեր ընթերցողներից շատերն ասում են՝ այո՛։ Սեդրիկը, ով աշխատում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կոնգո լեզվով թարգմանող թիմի հետ, ասում է. «Մեր հավատակիցներից շատերը հրատարակություններում օգտագործված լեզուն կոչում էին «Դիտարանի կոնգո», քանի որ այն տարբերվում էր խոսակցական լեզվից։ Սակայն հիմա մեր հրատարակությունները ժամանակակից խոսակցական կոնգոյով են գրված՝ ճիշտ այնպես, ինչպես մարդիկ են խոսում առօրյայում»։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում կոսա լեզվի թարգմանիչներից մեկը՝ Անդիլեն, ասում է. «Շատերը նշում են, որ փոփոխություն են նկատել մեր թարգմանություններում, և որ նույնիսկ այն երեխաները, որոնք «Դիտարանը» կարդում էին անգլերենով, այժմ կարդում են կոսա լեզվով։ Նրանց հատկապես դուր է եկել վերանայված «Նոր աշխարհ թարգմանության» բնականությունը»։
Թարգմանչական գրասենյակների տեղակայման, դրանց սպասարկման և այնտեղ ծառայողների կարիքները հոգալու ծախսերը փակվում են համաշխարհային գործի համար արված ձեր կամավոր նվիրատվությունների շնորհիվ, որոնց մի մասը կատարվում է donate.pr418.com կայքի միջոցով։