Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Խուլերը մոռացված չեն

Խուլերը մոռացված չեն

ՀՈՒԼԻՍԻ 1, 2022

 Եհովա Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ, անկախ իրենց հանգամանքներից, սովորեն իր և իր Թագավորության մասին (1 Տիմոթեոս 2։3, 4)։ Այդ պատճառով Եհովայի վկաները թողարկում են Աստվածաշունչ և ուսումնասիրության օժանդակ ձեռնարկներ բոլորի, այդ թվում՝ լսողական խնդիրներ ունեցողների համար։ Մեր կազմակերպությունը խուլերի համար թողարկել է հազարավոր հրատարակություններ տեսանյութերի տեսքով։ a Դրանք հասանելի են ավելի քան 100 ժեստերի լեզուներով։ Ինչպե՞ս են ստեղծվում և տարածվում այս հրատարակությունները։ Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում այս գործընթացը բարելավվել։

Ինչպե՞ս են ստեղծվում ժեստերի լեզվով տեսանյութերը

 Ժեստերի լեզվով հրատարակությունները ստեղծվում են ամբողջ աշխարհով սփռված թարգմանչական խմբերի կողմից։ Յուրաքանչյուր թիմ ուշադրությամբ ուսումնասիրում է այն հրատարակությունը, որը պետք է թարգմանել, հետո որոշում՝ ինչպես ժեստերի լեզվով լավագույնս փոխանցել տվյալ միտքը։ Այս փուլից հետո նրանք սկսում են տեսագրությունը։ Ներկայումս 60 խումբ ժեստերի լեզվով կանոնավոր թարգմանում է աստվածաշնչյան հրատարակությունները, իսկ 40 խումբ թարգմանում է ժամանակ առ ժամանակ։

 Անցյալում ժեստերի լեզվով տեսանյութեր թողարկելը շատ թանկ էր. տեսախցիկները և այլ սարքերը ավելի թանկ էին, քան այսօր։ Բացի այդ՝ տեսանյութերը ստեղծվում էին մեր իսկ կառուցած ստուդիաներում, և դրա համար երբեմն անհրաժեշտ էր լինում վերանորոգել գոյություն ունեցող շինությունները։ Որպեսզի թարգմանչական խումբը ունենար ամեն անհրաժեշտ բան և սկսեր աշխատանքը, ընդհանուր հաշվով պետք էր ծախսել մոտ 30 000 դոլար։

 Կազմակերպությունը ամեն ջանք ներդրեց, որ պարզեցնի և կատարելագործի թարգմանչական գործընթացը, որպեսզի նվիրատվությունները լավագույնս օգտագործվեն։ Մենք սկսեցինք օգտագործել բազմաֆունկցիոնալ և էժան ժամանակակից սարքեր։ Առանձին ստուդիայի փոխարեն թարգմանչական խմբերը այժմ կարող են օգտագործել կանաչ ֆոն և տեսագրություններ անել իրենց գրասենյակում։ Մի քանի հոգու տեսագրելու անհրաժեշտության դեպքում այժմ պարտադիր չէ բոլորին հրավիրել ստուդիա, նրանք կարող են իրենց հատվածները տեսագրել տանը կամ գրասենյակում։

 Թարգմանիչներին օգնելու համար մենք նաև ստեղծել ենք համակարգչային ծրագիր։ Այս բոլոր բարելավումների շնորհիվ թարգմանչական աշխատանքի վրա ծախսվող ժամանակը կիսով չափ նվազել է։ Մեր հավատակիցները շատ են գնահատում այս ամենը։ Ալեքսանդր անունով մի եղբայր ասում է. «Ժեստերի լեզվով տեսանյութերը այժմ ավելի հաճախ են թողարկվում։ Շատ ուրախ եմ դրա համար։ Ես դրանք դիտում եմ ամեն օր»։

 Թարգմանչական թիմին անհրաժեշտ ամեն բանով ապահովելու համար այժմ պետք է ծախսել 5 000 դոլարից էլ քիչ գումար։ Արդյունքում ժեստերի լեզվով տեսանյութեր են թողարկվում ավելի ու ավելի շատ լեզուներով։

Ինչպե՞ս են տարածվում ժեստերի լեզվով տեսանյութերը

 Երբ թիմը վերջացնում է իր աշխատանքը, տեսանյութը պետք է հասնի հասցեատիրոջը։ Անցյալում ժեստերի լեզվով հրատարակությունները տեսաերիզի կամ DVD սկավառակի տեսքով էին լույս ընծայվում, սակայն այս ձևաչափերով հրատարակություններ արտադրելը թանկ էր, ժամանակատար և աշխատատար։ Միայն 2013 թ.-ին DVD սկավառակների համար մենք ծախսել ենք ավելի քան 2 000 000 դոլար։

 Խուլ մարդիկ շատ էին գնահատում այս ամենը։ Սակայն այդ տեսանյութերը օգտագործելը միշտ չէ, որ հեշտ էր, հատկապես, երբ դրանց թիվը գնալով աճում էր։ Աստվածաշնչյան որոշ գրքերի տեսագրությունների համար մի քանի DVD սկավառակներ էին պետք։ Բրազիլիայում բնակվող Ժիլնա անունով մի եղբայր ասում է. «Աստվածաշնչյան մեջբերման համար ամեն անգամ մենք պետք է գտնեինք ճիշտ տեսաերիզը, այնուհետև միացնեինք ճիշտ հատվածը։ Դա շատ դժվար էր»։ Ռաֆայնե անունով մի քույր, ով ժեստերի լեզվով է խոսում, հետևյալն ասաց. «Անձնական ուսումնասիրություն անելը հոգնեցուցիչ էր։ Շատ ժամանակ էինք ծախսում համարները և դրանց զուգահեռ հղումները գտնելու վրա»։ Իսկ քարոզելիս մեր հավատակիցները իրենց հետ էին վերցնում սկավառակները, որպեսզի դրանք ցուցադրեին հետաքրքրվողների տանը։ Որոշ եղբայրներ էլ իրենց DVD նվագարկիչն էին վերցնում։ Սակայն հետագայում գործածության մեջ մտան էկրան ունեցող շարժական նվագարկիչները։ Միացյալ Նահանգներում բնակվող եղբայր Բոբին ասում է. «Որպեսզի ծառայության ժամանակ մեկից ավելի աստվածաշնչյան մեջբերում անեինք, հաճախ փոխում էինք սկավառակը, իսկ դա ժամանակատար էր և դժվարացնում էր զրույցի ժամանակ Աստվածաշունչն օգտագործելը»։

 2013 թ.-ին մեր կազմակերպությունը թողարկեց JW Library Sign Language հավելվածը, որի շնորհիվ եղբայրներն ու քույրերը իրենց հեռախոսով կամ պլանշետով բեռնում և միացնում են տեսանյութերը։ Հավելվածը սկզբում միայն ամերիկյան ժեստերի լեզվի համար էր։ Սակայն 2017 թ.-ին այն թարմացվեց, և դրանում հասանելի դարձան ժեստերի բոլոր լեզուները։ Ամբողջ աշխարհի մեր հավատակիցները ուրախությունից ցնծում էին։ Բրազիլիայից մի եղբայր, ում անունը Ժուսելինու է, ասում է. «Աչքերիս չէի հավատում։ Շարունակ մտածում էի խուլերի հանդեպ Կառավարիչ մարմնի դրսևորած սիրո մասին։ Նրանք շատ են ցանկանում, որ լսողական խնդիրներ ունեցողները ևս հոգևորապես առաջադիմեն։ Շատ ոգևորված էի, հավելվածը մղեց ինձ ավելի խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը»։

Քույրը օգտվում է JW Library Sign Language հավելվածից

 Այսօր ժեստերի լեզվով բոլոր տեսանյութերը թողարկվում են թվային ձևաչափով և հասանելի են մեր կայքում և JW Library Sign Language հավելվածում։ Սա հնարավորություն է տալիս թարգմանել, տեսագրել և թողարկել ժեստերի լեզվով հրատարակություններ մի քանի օրում, ինչը նախկինում կարող էր ամիսներ կամ նույնիսկ տարիներ տևել։ Ավելին, շատ ժեստերի լեզուներով հրատարակությունները լույս են տեսնում մյուս լեզուների հետ միաժամանակ։

 Ահա որոշ արձագանքներ լսողական խնդիրներ ունեցող եղբայրներից և քույրերից։ Քլիզիա անունով մի քույր ասում է. «Ո՞ր կազմակերպությունն է այսքան հոգում խուլերի մասին և հոգևոր սնունդը հեշտ հասանելի դարձնում։ Ոչ ոք աշխարհում այսքան չի մտահոգվում մեզ համար, որքան Եհովայի կազմակերպությունը»։ Վլադիմիրն ասում է. «Այս տեսանյութերը փաստում են, որ Եհովան հավասարաչափ հոգ է տանում և՛ խուլերի, և՛ լսող մարդկանց մասին»։

 Ժեստերի լեզվով մեր հրատարակություններում հաճախ հետևյալն է ասվում. «Այս հրատարակությունը նախատեսված է Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործունեության համար, որն իրականացվում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ»։ Շատ շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար, որոնց մեծ մասը արվում է donate.pr418.com կայքի միջոցով։ Այդ նվիրատվությունների շնորհիվ մենք կարողանում ենք հրատարակել Աստվածաշունչ և ուսումնասիրության ձեռնարկներ բոլոր մարդկանց, այդ թվում՝ խուլերի համար։

a Քանի որ լսողական խնդիրներ ունեցողները հաղորդակցվում են ժեստերով և միմիկայով, նրանց համար նախատեսված հրատարակությունները լույս են տեսնում տեսանյութերի տեսքով։