ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կետեր, որոնք կյանքեր են փոխում
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2021
«Դիտարանի» 1912 թ. հունիսի 1-ի թողարկման մեջ ասվում էր. «Թերևս մեր ընթերցողներից շատերը ունեն կույր ծանոթներ։ Նրանք կարող են օգտվել անվճար գրականությունից.... Այս հրատարակությունները տպագրվում են կույրերի համար նախատեսված հատուկ ուռուցիկ կետային համակարգով»։ «Դիտարանում» նաև ասվում էր, որ շատ կույր մարդիկ խորապես շնորհակալ են, որ իմացան բարի լուրը՝ այն, որ շուտով աշխարհին հրաշալի օրհնություններ են սպասում։
Այս պարբերագրի տպագրության ժամանակ դեռևս գոյություն չուներ Բրայլի գրատիպի անգլերեն համընդհանուր տարբերակը։ Սակայն Եհովայի վկաները արդեն իսկ տպագրում էին գրականություն կույր մարդկանց համար «ուռուցիկ կետային համակարգով», կամ՝ Բրայլի գրատիպով։ Եվ մենք շարունակում ենք այդ գործը մինչ օրս։ Այսօր մենք տպագրում ենք բրայլյան գրատիպով գրականություն ավելի քան 50 լեզուներով։ Իսկ ինչպե՞ս է դա իրականացվում։
Տառադարձում և մամլում
Առաջին քայլը տեքստը Բրայլի գրատիպով տառադարձելն է։ Մայքլ Միլենը, ով աշխատում է Պատերսոնի՝ տեքստի մշակման բաժնում, ասում է. «Նախկինում տառադարձման համար օգտվում էինք այլ ընկերությունների ստեղծած ծրագրերից, սակայն դրանցով հնարավոր չէր տառադարձել մեզ անհրաժեշտ բոլոր լեզուներով։ Իսկ այժմ օգտագործում ենք «Watchtower Translation System» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս աշխատել գրեթե բոլոր լեզուներով։ Իմ կարծիքով՝ սա եղածների մեջ լավագույն ծրագիրն է»։
Բրայլի գրատիպով գրականությունը իր մեջ ներառում է ոչ միայն հիմնական տեքստը, այլև պատկերների նկարագրությունները։ Օրինակ՝ «Վայելիր կյանքը հավիտյան» գրքի բրայլյան գրատիպով տարբերակի մեջ կազմի նկարը այսպես է նկարագրվում. «Մի մարդ սկսում է քայլել ոլորապտույտ արահետով, որը շրջապատված է գեղեցիկ բուսականությամբ, բլուրներով և լեռներով»։ Յամշեդ անունով մի կույր եղբայր, ով ծառայող օգնական է ու ռահվիրա, ասում է. «Այս նկարագրությունները անգին գանձ են ինձ համար»։
Տառադարձումից հետո ֆայլերը ուղարկվում են տպագրությունն իրականացնող մասնաճյուղ։ Այնտեղ տեքստը մամլվում է հատուկ դիմացկուն թղթի վրա, որը չի վնասվում մամլման ժամանակ և երկար է ծառայում։ Այնուհետև էջերը հավաքվում են, կարվում և ուղարկվում են կա՛մ փոստով, կա՛մ ժողովների համար նախատեսված գրականության հետ միասին։ Բացի այդ՝ անհրաժեշտության դեպքում մասնաճյուղերը հոգ են տանում, որ այդ գրականությունը ուղարկվի արագ առաքման ծառայությունների միջոցով, որպեսզի տեսողական խնդիրներ ունեցող հավատակիցները ունենան ժողովի հանդիպումների համար նախատեսված նյութերը։
Այս աշխատանքների համար շատ ժամանակ և գումար է պահանջվում։ Ուոլքիլի տպագրատունը Բրայլի գրատիպով 2 Աստվածաշունչ մամլելու համար նույնքան ժամանակ է ծախսում, որքան 50 000 սովորական Աստվածաշունչ տպելու համար։ Բրայլի գրատիպով անգլերեն Աստվածաշունչը կազմված է 25 հատորից, և այդ հատորները թողարկելու համար ծախսվում է 123 անգամ ավելի շատ գումար, քան սովորական Աստվածաշնչի համար։ Այդ 25 հատորների կազմերի վրա միայն ծախսվում է մոտ 150 դոլար։
Իսկ ի՞նչ են ասում Բրայլի գրատիպով տպագրությանը մասնակցողները իրենց աշխատանքի մասին։ Հարավային Աֆրիկայի մասնաճյուղում աշխատող մի քույր, ում անունը Նադիա է, ասում է. «Կույր կամ տեսողական խնդիրներ ունեցող մեր հավատակիցները հեշտ կյանք չունեն։ Ես առանձնաշնորհում եմ համարում այս աշխատանքը, քանի որ կարողանում եմ ինչ-որ կերպ օգնել կույրերին։ Այս ամենից երևում է, թե որքան է Եհովան սիրում նրանց»։
«Սովորենք կարդալ Բրայլի գրատիպով»
Իսկ եթե կույր մարդը Բրայլի գրատիպով կարդալ չգիտի՞։ Մի քանի տարի առաջ լույս տեսավ «Սովորենք կարդալ Բրայլի գրատիպով» անգլերեն ձեռնարկը, որը պարունակում է ինչպես Բրայլի, այնպես էլ սովորական գրատիպով տեքստ։ Այն նախատեսված է, որ կույր մարդը ուսումնասիրի տեսողական խնդիրներ չունեցող որևէ մեկի հետ։ Գրքույկի հետ կան անհրաժեշտ գործիքներ, որպեսզի կույր մարդը կարողանա գրել։ Այս գործիքների օգնությամբ նա կարող է բրայլյան տառերը ինքնուրույն դաջել, ինչի շնորհիվ ավելի հեշտ է հիշել տառերն ու հպումով ճանաչել դրանք։
«Առանց դրանց կյանք չունեմ»
Ինչպե՞ս են այս հրատարակություններն օգնել կույր և տեսողական խնդիրներ ունեցող մեր հավատակիցներին։ Էռնեստը, ով ապրում է Հայիթիում, մասնակցում էր ժողովի հանդիպումներին, սակայն բրայլյան գրատիպով գրականություն չուներ։ Այդ իսկ պատճառով նա ստիպված էր անգիր հիշել մտքերը, որպեսզի ժողովի ժամանակ կարողանար ներկայացնել իր առաջադրանքները և մեկնաբանություններ տալ։ Նա ասում է. «Իսկ այժմ ցանկացած պահի ես բարձրացնում եմ ձեռքս ու մեկնաբանություն տալիս։ Հիմա ես ինձ ժողովի մի մասն եմ զգում։ Մենք բոլորս նույն հոգևոր սնունդն ենք ստանում»։
Յան անունով մի ավստրիացի երեց, ով անցկացնում է «Դիտարանի» ուսումնասիրությունը և ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը, ասում է. «Մեր հրատարակությունները, Բրայլի գրատիպով այլ հրատարակությունների հետ համեմատած, ավելի հեշտ է ընթերցել։ Դրանցում նշված են էջերը, ծանոթագրությունները, որոնք շատ հեշտ է գտնել, կան նաև պատկերների նկարագրությունները»։
Հարավային Կորեայում ապրում է Սոն-ուկ անունով մի ռահվիրա քույր, որը կույր է և խուլ։ Նախկինում նա ժողովի ժամանակ ինֆորմացիան ստանում էր շոշափելի նշանների միջոցով, սակայն այժմ Աստվածաշնչի ուսումնասիրության համար նախատեսված ձեռնարկները կարդում է ինքնուրույն։ Սոն-ուկն ասում է. «Բրայլյան գրատիպով այլ հրատարակություններ կարդալը դժվար է, քանի որ որոշ կետեր չկան, տողերը ծուռ են, թուղթն էլ շատ բարակ է։ Իսկ Եհովայի վկաները որակյալ թուղթ են օգտագործում, որպեսզի կետերը ավելի ընդգծված և դյուրընթեռնելի լինեն։ Առաջ մեր հրատարակությունները ուսումնասիրում էի ուրիշների օգնությամբ, իսկ հիմա ինքս եմ ուսումնասիրում։ Շատ եմ ուրախանում, որ կարողանում եմ ինքնուրույն պատրաստվել մեր հանդիպումներին և մասնակցել դրանց։ Ես կարդում եմ բրայլյան գրատիպով առկա մեր բոլոր հրատարակությունները։ Առանց դրանց կյանք չունեմ»։
Մեր բոլոր, այդ թվում՝ Բրայլի գրատիպով հրատարակություններում հետևյալն է նշված. «Այս հրատարակությունը ենթակա չէ վաճառքի։ Այն նախատեսված է Աստվածաշնչի համաշխարհային կրթական գործունեության համար, որն իրականացվում է կամավոր նվիրատվությունների շնորհիվ»։ Շնորհակալ ենք, որ նվիրատվություններ եք կատարում donate.pr418.com կայքում նշված ձևերով։ Ձեր առատաձեռնության շնորհիվ հոգևոր սնունդը հասնում է բոլորին, ներառյալ՝ կույր և տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց։