Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համաշխարհային օգնություն աշխարհավարակի ընթացքում

Համաշխարհային օգնություն աշխարհավարակի ընթացքում

ՀՈՒԼԻՍԻ 1, 2021

 2020 թ. մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19 համավարակի մասին։ Այդ ժամանակ ոչ ոք չէր էլ պատկերացնի, որ մեկ տարի անց աշխարհը դեռ գտնվելու էր համավարակի ճիրաններում։ Միլիոնավոր մարդիկ, այդ թվում՝ բազմաթիվ Եհովայի վկաներ ֆիզիկական, էմոցիոնալ և ֆինանսական վնասներ են կրել։ Այս ճգնաժամի ընթացքում Եհովայի վկաներն ինչպե՞ս են օգնություն տրամադրում կարիքի մեջ եղողներին։

Աջակցություն աղետից տուժածներին

 COVID-19 համավարակից տուժած մեր հավատակիցներին աջակցելու համար Կառավարիչ մարմնի կոորդինատորների կոմիտեի առաջնորդությամբ ամբողջ աշխարհում աղետից տուժածներին օգնելու ավելի քան 950 կոմիտե (ԱՏՕԿ) է կազմվել։ Որոշ դեպքերում օգնություն են տրամադրել տեղի Վկաները, իսկ որոշ դեպքերում էլ պետությունն է օգնություն տրամադրել։ Կոմիտեներն էլ իրենց հերթին են իրականացրել մեծածավալ աշխատանքներ։

 Քննենք Պարագվայում տեղի ունեցած մի դեպք։ Թերթերից մեկում գրվել էր, որ համավարակի հետևանքով «բազմաթիվ պարագվայցիներ սովի են մատնվել»։ Սակայն Պարագվայում ԱՏՕԿ-ը արդեն սկսել էր եղբայրներին տրամադրել երկու շաբաթվա համար անհրաժեշտ պարագաներով կապոցներ, որոնցում 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար կային ուտելիք, մաքրության պարագաներ և անձնական հիգիենայի միջոցներ։ Կապոցներից յուրաքանչյուրի արժեքը կազմում էր մոտ 30 դոլար։

 Իսկ այս աշխատանքներում ներգրավված մարդիկ ինչպե՞ս են COVID-19-ից պաշտպանում իրենց և ուրիշներին։ Նրանք կրում են դիմակներ և պահպանում են սոցիալական հեռավորություն։ Սնունդ ձեռք են բերում այն ընկերություններից, որոնք պահպանում են սանիտարահիգիենիկ կանոնները. կապոցների հետ գործ ունեցողները կրում են անհատական պաշտպանության միջոցներ, մեքենաները կանոնավոր ախտահանվում են, և մթերքը պահվում է մանրէազերծված վայրերում։ Առաքիչներն էլ իրենց հերթին սոցիալական հեռավորություն են պահում սնունդը ընդունող եղբայրներից։

Խելամտորեն ենք օգտագործում նվիրատվությունները

 2021 թ. հունվարի դրությամբ կոորդինատորների կոմիտեի հավանությամբ արդեն ավելի քան 25 մլն դոլար էր հատկացվել COVID-19-ից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Մասնաճյուղերը և ԱՏՕԿ-ները ամեն ջանք ներդրել են, որպեսզի արդյունավետորեն ծախսեն նվիրաբերված միջոցները և հնարավորինս ցածր գնով ձեռք բերեն անհրաժեշտ ապրանքները։ Օրինակ՝ Չիլիում եղբայրներին օգնություն տրամադրելու նպատակով որոշվել էր ձեռք բերել 750 կգ (1 653 ֆունտ) ոսպ։ Սակայն մեկ ամսվա ընթացքում ոսպի գինը կրկնակի թանկացել էր։ Մի ընկերության հետ բարձր գնով ոսպ ձեռք բերելու պայմանագիր կնքելուց երկու ժամ անց վաճառողը տեղեկացրեց եղբայրներին, որ մեկ այլ հաճախորդ հրաժարվել է ոսպի իր պատվերից։ Նա նախորդ ամսվա գնով վաճառեց վերադարձված ոսպը եղբայրներին։

 Սակայն երբ եղբայրները գնացին ոսպը վերցնելու, վաճառողը ցանկացավ խզել պայմանագիրը՝ պատճառաբանելով, թե սնունդը մյուս կազմակերպությունների պես անարդարացի են բաշխում։ Մտքում կարճ աղոթելուց հետո եղբայրներից մեկը վաճառողին ասաց, որ ժողովներում արդեն հարցում է անցկացվել հասկանալու համար, թե իրականում ով է կարիքի մեջ։ Եղբայրները նաև բացատրեցին, որ հաշվի առնելով, թե յուրաքանչյուր ընտանիք ինչ մշակույթի է պատկանում՝ կտրամադրվի կապոց, որի մեջ կլինի այդ ընտանիքին անհրաժեշտ մթերք։ Վերջում նրանք ասացին վաճառողին, որ իրենց գումարը նվիրատվություն է, իսկ աշխատողները Եհովայի վկա կամավորներ են։ Վաճառողն ապշած էր։ Նա ոչ միայն իջեցրեց գինը, այլև եղբայրների հաջորդ պատվերի ժամանակ 400 կգ (882 ֆունտ) ոսպ նվիրեց։

«Նրանց սիրո ապացույցը»

 Քույր Լուսուն մեծահասակ այրի է և իր ընտանիքի 5 անդամների հետ ապրում է Լիբերիայում։ Մի օր, երբ Լուսուի ընտանիքը նախաճաշեց և օրվա խոսքը քննարկեց, նրա 7-ամյա թոռնիկը նկատեց, որ տան ուտելիքը վերջացել է։ Նա հարցրեց տատիկին. «Ի՞նչ ենք ուտելու»։ Լուսուն թոռնիկին ասաց, որ արդեն աղոթել է Եհովային օգնության համար և վստահ է, որ նա անպայման կօգնի։ Այդ նույն օրը Լուսուի ժողովի երեցներից մեկը զանգահարեց և նրան ասաց, որ կարող է գալ և ուտելիք վերցնել։ Քույրն ասում է. «Այն, որ Եհովան պատասխանեց աղոթքիս, սովորեցրեց թոռնիկիս, որ նա լսում և պատասխանում է մեր աղոթքներին»։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում բնակվող երեխաները իրենց նկարներով շնորհակալություն են հայտնում օգնություն տրամադրած եղբայրներին

 Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից մի կին ապրում է Եհովայի վկաների հարևանությամբ։ Երբ նա տեսավ, թե ինչպես են Վկաները սնունդ տրամադրում հավատակիցներին, ասաց. «Համավարակից հետո Եհովայի վկա եմ դառնալու, քանի որ նրանք իրենց հավատակիցներին այս նեղության մեջ մենակ չթողեցին»։ Այդ կնոջ ամուսինը հարցրեց. «Մի պարկ բրնձի համար Եհովայի վկա՞ ես դառնալու»։ Նա էլ պատասխանեց. «Իհարկե ոչ։ Սակայն այդ բրինձը նրանց սիրո ապացույցն է»։

 Ձեր առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացանք արագ օգնության հասնել կարիքի մեջ եղող մեր քույրերին և եղբայրներին։ Մենք շնորհակալ ենք donate.pr418.com կայքում առկա տարբեր մեթոդներով ձեր կատարած նվիրատվությունների համար։