Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հրատարակում ենք ամենակարևոր գիրքը

Հրատարակում ենք ամենակարևոր գիրքը

ՀՈՒՆՎԱՐԻ 1, 2021

 «19 տարի է՝ սրան էի սպասում»։ Ինչի՞ն էր սպասել մեր հավատակիցը։ Իր մայրենի՝ բենգալերեն լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությանը»։ Շատերն են նման կերպ արտահայտվում, երբ իրենց լեզվով ստանում են «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Իսկ երբևէ մտածե՞լ ես, թե ինչ է ներառում այս Աստվածաշնչերը թարգմանելու և հրատարակելու գործը։

 Նախ՝ Կառավարիչ մարմնի գրական կոմիտեի վերահսկողության ներքո թարգմանչական խումբ է կազմավորվում։ Իսկ որքա՞ն ժամանակ է հարկավոր Աստվածաշունչը թարգմանելու համար։ Նիկոլաս Ալադիսը, որը ծառայում է Ուորվիքում գտնվող թարգմանչական խմբերի սպասարկման բաժնում, ասում է. «Շատ գործոններ կան։ Կախված է նրանից, թե, օրինակ, քանի թարգմանիչ է աշխատելու նախագծի վրա, որքանով է բարդ լեզուն, որքանով են ընթերցողները հասկանում աստվածաշնչյան ժամանակների մշակույթը։ Նաև լեզուն շրջանից շրջան կարող է տարբերվել։ Միայն Քրիստոնեական Հունարեն Գրությունները թարգմանելու համար միջին հաշվով մեկից երեք տարի է հարկավոր, իսկ ամբողջ Աստվածաշնչի համար՝ չորս և ավելի։ Ժեստերի լեզուների համար այդ գործընթացն ավելի երկար է տևում»։

 Աստվածաշնչի թարգմանության համար միայն թարգմանչական խումբ ունենալը բավարար չէ։ Ընտրվում է նաև մի խումբ, որը պետք է բաղկացած լինի տարբեր ծագում ունեցող մարդկանցից, և նրանցից ոմանք կարող են արտերկրից լինել։ Նրանք ընթերցում են Աստվածաշնչի թարգմանությունը և կարծիքներ են հայտնում դրա վերաբերյալ։ Այդ ամենը նրանք անում են անվճար։ Նրանց դիտարկումներն օգնում են թարգմանիչներին ստանալ Աստվածաշնչի ճշգրիտ, պարզ և իմաստալից թարգմանություն։ Աստվածաշնչի թարգմանիչներից մեկը, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հետևյալն ասաց. «Թարգմանիչները մեծ պատասխանատվություն են զգում Եհովայի և նրա Խոսքը ընթերցողների առաջ»։

 Թարգմանությունից հետո Աստվածաշնչերը պետք է տպել և կազմել։ Իսկ դրա համար մեզ անհրաժեշտ են առնվազն տասը «բաղադրիչ»՝ թուղթ, թանաք, կազմանյութ, սոսինձ, կազմի միջուկ, արծաթաթերթ, էջանիշ, ժապավեն, գրքակողը կոշտացնող նյութ և Աստվածաշնչի թերթերը միմյանց կարելու համար նյութ։ 2019 թ.-ին միայն այս նյութերի վրա ծախսվել է ավելի քան 20 միլիոն դոլար։ Աստվածաշնչեր տպագրելու և առաքելու համար տպարանի մեր անձնակազմն այդ տարի աշխատել է ավելի քան 300 000 ժամ:

 Ինչո՞ւ ենք մենք այդքան ժամանակ և գումար ծախսում այդ գործի համար։ Միջազգային տպագրության բաժնից Ջոել Բլուն ասում է. «Աստվածաշունչը ամենակարևոր հրատարակությունն է, որ մենք տպագրում ենք։ Ուստի ուզում ենք, որ դրա արտաքին տեսքը փառավորի այն Աստծուն, որին երկրպագում ենք, և համապատասխանի մեր քարոզած լուրին»։

 «Նոր աշխարհ թարգմանության» ստանդարտ թողարկումներից բացի՝ մենք Աստվածաշունչ ենք հրատարակում նաև հատուկ կարիքներ ունեցողների համար։ Օրինակ՝ «Նոր աշխարհ թարգմանությունը» Բրայլի գրատիպով հասանելի է 10 լեզուներով։ Բրայլի գրատիպով 1 Աստվածաշունչ թողարկելը տևում է մինչև 8 ժամ, իսկ դրա հատորների համար գրապահարանում պետք է առնվազն 2,3 մ (7,5 ֆուտ) տարածք։ Մենք նաև տպագրում ենք Աստվածաշնչի հատուկ հրատարակություն կալանավորների համար, քանի որ նրանց միայն թղթե կազմով գրքեր է թույլատրվում ունենալ։

 «Նոր աշխարհ թարգմանությունը» մեծ ազդեցություն է թողնում ընթերցողների կյանքի վրա։ Օրինակ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Տոեմբե քաղաքը մայրաքաղաքից հեռու է ավելի քան 1 700 կմ (1 000 մղոն)։ Այդ քաղաքի կիլուբախոս ժողովում ընդամենը մեկ Աստվածաշունչ կար, այն էլ՝ հին կիլուբայով։ Ուստի այդ մեկ Աստվածաշունչը ձեռքից ձեռք էր փոխանցվում, որպեսզի եղբայրները կարողանային պատրաստել իրենց հանձնարարությունները ժողովի հանդիպումների համար։ Սակայն 2018 թ. օգոստոսից բոլորին տրամադրվեց ժամանակակից կիլուբա լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը»։

 «Նոր աշխարհ թարգմանության» վերաբերյալ մի գերմանախոս քույր նշեց հետևյալը. «Հիմա ոչ թե ասում եմ՝ պետք է կարդամ Աստվածաշունչը, այլ՝ տեսնես՝ ե՞րբ կկարողանամ ավելի շատ կարդալ»։ Իսկ մի կալանավոր հետևյալը գրեց. «Ինձ տվեցին «Նոր աշխարհ թարգմանության» մի օրինակ, և այն սկսեց փոխել կյանքս։ Այս թարգմանությունն ընթերցելուց հետո սկսել եմ ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը։ Ես ուզում եմ ավելի շատ բան իմանալ Եհովայի վկաների մասին և թե ինչպես դառնալ նրանցից մեկը»։

 Բոլոր այն մարդիկ, ովքեր կարդում են «Նոր աշխարհ թարգմանությունը», շնորհակալ են այն նվիրատվությունների համար, որոնց միջոցով Աստվածաշունչը հասանելի է դառնում շատ շատերին։ Այս նվիրատվություններն արվել են donate.pr418.com կայքի միջոցով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։

«Աստվածաշունչը ամենակարևոր հրատարակությունն է, որ մենք տպագրում ենք»