ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Միսիոներներ՝ «մինչև աշխարհի ծայրերը»
ՀՈՒՆԻՍԻ 1, 2021
Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։8)։ Այսօր Եհովայի վկաները եռանդորեն կատարում են այս հանձնարարությունը։ Սակայն երկրագնդի որոշ ծայրերում, այդ թվում՝ հսկայական և խիտ բնակեցված որոշ տարածքներում դեռ հիմնովին վկայություն չի տրվել։ Որոշ երկրներում էլ քիչ Վկաներ կան (Մատթեոս 9։37, 38)։ Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հնարավորինս շատ մարդկանց վկայություն տանք։
Հիսուսի պատվերը կատարելու համար Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի ծառայողական կոմիտեն աշխարհի տարբեր մասերում, որտեղ կարիք կա, միսիոներներ է նշանակում։ Ներկայումս 3 090 միսիոներ կա ամբողջ աշխարհում։ a Նրանցից շատերը կրթություն են ստացել աստվածաշնչյան դպրոցներում, օրինակ՝ Թագավորության քարոզիչների դպրոցում։ Միսիոներները պատրաստակամորեն թողնում են իրենց տները և տեղափոխվում են օտար երկրներ։ Իրենց հոգևոր հասունության, կրթության և փորձի շնորհիվ այս հավատարիմ միսիոներները եռանդորեն քարոզում են բարի լուրը և լավ օրինակ են հանդիսանում Քրիստոսի նոր աշակերտների համար։
Օգնելով միսիոներներին՝ օգնում ենք ուրիշներին
Բոլոր մասնաճյուղերում ծառայողական բաժնի՝ դաշտի ծառայողների ենթաբաժինը, համագործակցելով մասնաճյուղի կոմիտեի հետ, հոգ է տանում միսիոներների կարիքների, օրինակ՝ կացարանի ու առողջության մասին։ Նրանց նաև տրամադրվում է համեստ ֆինանսական օգնություն՝ ապրուստի ծախսերը հոգալու համար։ 2020 թ. ծառայողական տարվա ընթացքում Եհովայի վկաները մոտ 27 միլիոն ԱՄՆ դոլար են ծախսել միսիոներների կարիքները հոգալու համար։ Այս ամենի շնորհիվ միսիոներները կարող են իրենց ողջ ուշադրությունը և ուժերը կենտրոնացնել ծառայության ու ժողովը ամրացնելու վրա։
Ինչպե՞ս են միսիոներները օգնում քարոզչական գործում։ Ֆրանկ Մադսենը, ով ծառայում է Մալավիի մասնաճյուղի կոմիտեում, ասում է. «Նրանց քաջության և հմտությունների շնորհիվ ժողովները սկսել են քարոզել դժվարհասանելի տարածքներում, օրինակ՝ փակ համայնքներում և օտարախոս տարածքներում։ Բացի այդ՝ տեղի լեզուն և մշակույթը սովորելուն ուղղված նրանց ջանքերը ոգևորում են մյուսներին և դրական ազդեցություն թողնում երիտասարդների վրա, որ լիաժամ ծառայություն սկսեն։ Մենք շնորհակալ ենք Եհովային այս պարգևների համար»։
Մեկ այլ երկրի կոմիտեի անդամ ասում է. «Միսիոներները փաստում են, որ Եհովայի ժողովուրդը միասնական է ամբողջ աշխարհում։ Նույնիսկ Եհովայի վկա չհանդիսացող մարդիկ են պարզ տեսնում, որ մենք բաժանված չենք մեր մշակույթների պատճառով, և որ աստվածաշնչյան ուսմունքները մեզ օգնել են դառնալու մեկ միասնական եղբայրություն»։
Ինչպե՞ս են միսիոներները օգնում մյուս քարոզիչներին։ Պաուլոն, ով ապրում է Թիմոր Լեստեում, շատ շնորհակալ է, որ իրենց ժողովում միսիոներներ են նշանակվել։ Նա ասում է. «Մենք ապրում ենք շատ շոգ վայրում, ու չնայած, որ միսիոներները եկել են ցուրտ երկրից, նրանք երբեք թույլ չեն տալիս, որ եղանակը իրենց խանգարի քարոզել։ Նրանք միշտ ներկա են լինում առավոտյան անցկացվող քարոզչական ծառայության հանդիպումներին։ Հաճախ եմ տեսնում նրանց կեսօրվա շոգ ժամին և երեկոյան վերայցելություններ անելիս։ Նրանք շատերին են օգնել իմանալ ճշմարտությունը, այդ թվում՝ ինձ։ Նրանք վճռել են իրենց ողջ կյանքում եռանդով ու խանդավառությամբ ծառայել Եհովային, և դա մղում է ժողովի մյուս քարոզիչներին ծառայության մեջ ավելի շատ բան անելու»։
Քեթին ապրում է Մալավիում և ռահվիրա է ծառայում։ Նա պատմում է, թե ինչպես է մի միսիոներ զույգ օգնել իր ընտանիքին. «Երբ նրանք մեր ժողով նշանակվեցին, ես մեր տան միակ Վկան էի։ Սակայն նրանք ինձ շատ օգնեցին և դարձան մեր ընտանիքի բարեկամը։ Իմ երեք երեխաները տեսան, թե որքան ուրախ և գոհացուցիչ կյանքով են ապրում Եհովային ծառայողները։ Նրանց հիանալի օրինակի շնորհիվ իմ երեք դուստրերը ռահվիրայություն սկսեցին, իսկ ամուսինս այժմ հաճախում է ժողովի հանդիպումներին»։
Ինչպե՞ս են փակվում միսիոներների ծախսերը։ Համաշխարհային գործի համար արված նվիրատվությունների միջոցով, որոնք կարող եք կատարել donate.pr418.com էջում նշված կերպերից մեկով։ Մենք շատ շնորհակալ են ձեր առատաձեռն նվիրատվությունների համար։
a Այս միսիոներները նշանակվել են այն ժողովներ, որտեղ քարոզիչների կարիք կա։ Եվս 1 001 հոգի գտնվում է շրջանային ծառայության մեջ։