Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Զգալի աշխատանքներ են անհրաժեշտ Ճապոնիայի մասնաճյուղը ձևափոխելու (ձախ կողմում) և Անգոլայի մասնաճյուղի համալիրն ընդլայնելու համար (աջ կողմում)

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Շինարարություն՝ ի նպաստ քարոզչական գործի

Շինարարություն՝ ի նպաստ քարոզչական գործի

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 2023

 Կառավարիչ մարմինը մեծ ցանկություն ունի, օգտագործելով նվիրաբերված գումարները, ապահովել մեզ այնպիսի շինություններով, որոնք կօգնեն իրականացնել Թագավորության քարոզչական գործը։ Օրինակ՝ 2023 թ. ծառայողական տարվա ընթացքում Եհովայի վկաների մասնաճյուղերի իրավաբանական անձինք ամբողջ աշխարհում ավելի քան 500 միլիոն դոլար են ծախսել, որպեսզի ձեռք բերեն, կառուցեն, վերանորոգեն և տեխսպասարկեն Թագավորության ու համաժողովների սրահներ։ a Ընդ որում՝ այս թիվը չի ներառում ամբողջ աշխարհում Թագավորության սրահների մասին հոգ տանելու համար ժողովների ծախսած գումարը։

 Բացի այդ՝ նվիրաբերված գումարները օգտագործվում են մասնաճյուղերի շինությունների կառուցման ու սպասարկման համար, որոնք նպաստում են ամբողջ աշխարհում քարոզչական գործի կազմակերպմանը։ Մենք պարզեցրել ենք մասնաճյուղերում իրականացվող որոշ գործեր, որպեսզի կարողանանք նվիրաբերված գումարների մի մասը տրամադրել Թագավորության ու համաժողովների սրահները տեխսպասարկելու և ձևափոխելու գործին։ Այդուհանդերձ, դեռ զգալի միջոցներ են անհրաժեշտ մասնաճյուղերը վերանորոգելու, ձևափոխելու կամ տեղափոխելու համար։ Ինչո՞ւ են այս նախագծերը կարևոր։ Ինչպե՞ս են մասնաճյուղերը աջակցում դաշտում իրականացվող կարևոր գործին։ Եկեք պարզենք։

«Օգնում է երկարացնել շինության կյանքը»

 Մասնաճյուղերի շատ շինություններ արդեն 30 կամ 40 տարվա հնություն ունեն։ Նիկոլասը, ով նախագծման/շինարարության միջազգային բաժնից է, ասում է. «Նույնիսկ լավ սպասարկվող շինությունները ժամանակի ընթացքում հնանում են ու լուրջ խնդիրներ ձեռք բերում։ Վերանորոգումը օգնում է երկարացնել շինության կյանքը, որպեսզի այն շարունակի շահագործվել»։

 Բեթելի համալիրները նաև պետք է հարմարեցնել կազմակերպության փոփոխվող կարիքներին։ Շատ մասնաճյուղերի կառուցումից ի վեր ամբողջ աշխարհում քարոզիչների թիվը մեծապես աճել է։ Այս աճին համընթաց մեզ ավելի շատ կամավորներ են անհրաժեշտ մասնաճյուղերում ծառայելու համար։ Ուստի այն շինությունները, որոնք մի ժամանակ համապատասխանում էին կարիքներին, այժմ չափազանց փոքր են։

 Մեկ այլ կարևոր գործոն է անվտանգությունը։ Որքան մոտենում ենք այս աշխարհի վերջին, այնքան ավելի շատ ենք կանգնում կյանքին սպառնացող բնական աղետների առաջ (Ղուկաս 21։11)։ Վերանորոգումների ժամանակ օգտագործելով նոր շինմեթոդներ՝ մեր շինությունները առավել ապահով ենք դարձնում այնտեղ ծառայողների համար։ Բարեկարգումների շնորհիվ դրանք նաև ավելի հարմարավետ են դառնում որպես կենտրոններ՝ աղետներից տուժածներին օգնելու գործը կազմակերպելու և դրանցից հետո մեր գործունեության անխափան ընթացքն ապահովելու համար։

«Եհովան օրհնեց այդ որոշումը»

 Կառավարիչ մարմնի առաջնորդությամբ՝ 2023 թ. ծառայողական տարվա ընթացքում 43 մասնաճյուղերի համալիրներում շինարարական աշխատանքներ են ձեռնարկվել։ Դա նշանակում է, որ ամբողջ աշխարհի Բեթելի շինությունների գրեթե կեսում այս կամ այն տեսակի շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Նկատի առնենք մի քանի օրինակներ, որոնք ընդգծում են այդ աշխատանքների կարևորությունը։

 Անգոլա։ Մեթը, ով Անգոլայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասում է. «Մենք պատիվ ունենք յուրահատուկ ձևով տեսնելու Անգե 2։7-ում գրված մարգարեության կատարումը։ Ընդամենը տասը տարում ականատես ենք եղել, թե ինչպես է քարոզիչների թիվը 60 տոկոսով աճել։ Նրանց աջակցելու համար Բեթելի ընտանիքը պետք է եռապատկվեր։ Սակայն շինությունների փոքր լինելու պատճառով չէինք կարողանում հրավիրել այնքան մարդ, որքան անհրաժեշտ էր գործն առաջ տանելու համար։ Ուստի մեր բեթելցիներից շատերի ուսերին ծանր բեռ էր ընկել, և նրանք հաճախ արտաժամ էին աշխատում»։

Նոր գրասենյակային տարածքները (աջ կողմում) ավելի արդյունավետ աշխատանքային միջավայր են ստեղծում

 Եղբայրներին հանձնարարվեց պարզել, թե ինչպես կարելի է ընդլայնել մասնաճյուղի տարածքը։ Սկզբում նրանք կարծում էին, որ արագ և գործնական լուծումը գործող մասնաճյուղի վերանորոգումն է։ Բայց բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հասկացան, որ վերանորոգումը նվիրաբերված գումարների օգտագործման լավագույն տարբերակը չէ։ Փոխարենը նրանց խորհուրդ տվեցին գնել և վերանորոգել մոտակայքում գտնվող մի շինություն։ Մեթն ասում է. «Երբ շինություն գնելու և այն վերանորոգելու առաջարկը առաջին անգամ ներկայացվեց մասնաճյուղի կոմիտեին, անհանգիստ էինք, որ այն չի լինի այնպիսին, ինչպիսին մեր կառուցած շենքերն են։ Սակայն հիմա տեսնում ենք, թե վերջնական արդյունքը որքա՜ն համապատասխան է մեր կարիքներին։ Եհովան օրհնեց այդ որոշումը»։

Գործող մասնաճյուղի ձևափոխման ենթակա բնակարանները հնարավորություն են տալիս, որ ավելի շատ կամավորներ աջակցեն դաշտի աճող կարիքներին

 Ամենայն հավանականությամբ, Անգոլայի մասնաճյուղը ապագայում կրկին ընդլայնվելու կարիք կունենա։ Սակայն այս նոր շինությունը, Բեթելի համալիրի ձևափոխման ենթակա բնակելի տարածքները, ինչպես նաև վարձակալված շինությունները թույլ կտան մասնաճյուղին շարունակել աջակցել դաշտի աճող կարիքներին։

Քույրերը հաճույքով մասնակցում են Անգոլայի մասնաճյուղի շինարարական նախագծին

 Ճապոնիա։ Մասնաճյուղի գլխավոր շինությունը կառուցվել է գրեթե 40 տարի առաջ և երբեք հիմնանորոգման չի ենթարկվել։ Բավականին ջանքեր են գործադրվել համալիրը տեխսպասարկելու համար, սակայն այն նախատեսվածից երկար է շահագործվել։ Այդ պատճառով այժմ այնտեղ վերանորոգման լայնածավալ աշխատանքներ են ընթանում։

 Տարիների ընթացքում Բեթելի կյանքը նույնպես փոփոխվել է։ Մինչև 2015 թ. Բեթելի ընտանիքի համար ողջ սնունդը խոհանոցն էր պատրաստում։ Ուստի Ճապոնիայի Բեթելի սենյակների մեծ մասը խոհանոցային շատ փոքր հատված ուներ, որն այդքան էլ հարմար չէր ճաշ պատրաստելու համար։ Իսկ այժմ օրվա սննդի մեծ մասը բեթելցիներն են պատրաստում։ Վերանորոգված սենյակներում ավելի հարմարավետ խոհանոցային տարածք է ստեղծվել՝ հեշտացնելով սննդի պատրաստումը։ Կումիկոն, ով ծառայում է Ճապոնիայի մասնաճյուղում, ասում է. «Քանի որ սենյակում հարմարավետ խոհանոց կա, ասես տանը լինեմ, ինչն օգնում է ավելի հեշտ հարմարվել Բեթելի նոր կարգերին»։

Նոր խոհանոցները (աջ կողմում) ավելի հարմարավետ են Բեթելի ընտանիքի համար

 Ճապոնիայի մասնաճյուղում իրականացվող աշխատանքները շատ կարևոր են համաշխարհային գործի համար (Մատթեոս 28։19, 20)։ Ճապոնիայի մասնաճյուղը մեկն է այն երկու մասնաճյուղերից, որոնք ամբողջական Աստվածաշունչ են տպագրում։ Ուստի այս շինարարական նախագծի շրջանակներում նախատեսվում է տեղադրել թափոններ և փոշի հավաքող համակարգ, որը կապահովի տպարանի աշխատողների անվտանգությունը։ Ճիշտ է, այս նոր համակարգի գնումն ու տեղադրումը արժե մոտ մեկ միլիոն դոլար, սակայն դրա շնորհիվ մասնաճյուղը կշարունակի տպագրել և առաքել հոգևոր սնունդը։

Թափոններ և փոշի հավաքող համակարգը ավելի բարձր անվտանգություն կապահովի տպարանի բոլոր աշխատողների համար

 Շինարարությանը զուգահեռ Աստվածաշնչի տպագրության անխափան ընթացքն ապահովելը առաջնահերթություն էր։ Ճապոնիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Թրեյը ասում է. «Շինարարության ընթացում մեր կազմակերպությունը սկսեց ավելի շատ Աստվածաշնչեր լույսընծայել, ինչի արդյունքում ամբողջ աշխարհում Աստվածաշնչի պահանջարկը մեծացավ։ Նոր համակարգի տեղադրմանը զուգահեռ գրականության տպագրումը սերտ համագործակցություն էր պահանջում մի շարք բաժինների և կապալառուի միջև»։ Չնայած այս դժվարություններին՝ 2023 թ. մարտից մինչև օգոստոս, երբ տպարանի շինարարությունը ամենաեռուն փուլում էր գտնվում, ամեն ամիս Աստվածաշնչի գրեթե 220 000 օրինակ էր տպագրվում։ Այս բոլոր աշխատանքները ավարտվեցին առանց գերածախսի։

 Էներգախնայողությունը վերանորոգման նախագծի մեկ այլ կարևոր առանձնահատկություններից է։ Նոր տեղադրված արևային վահանակների շնորհիվ ամեն տարի կխնայվի մոտ 120 000 դոլար։ Կտեղադրվեն նաև եռաշերտ ապակե պատուհաններ, որոնք կկրճատեն էներգիայի ծախսը՝ ամեն տարի խնայելով մոտ 10 000 դոլար։ Թեև էներգախնայողության այս միջոցները ավելացնում են վերանորոգման նախագծի ծախսերը, սակայն ըստ հաշվարկների՝ վահանակների և պատուհանների շահագործման ընթացքում կխնայվի ավելի քան 3,5 միլիոն դոլար։ Դրանք նաև կնվազեցնեն շինությունների կողմից շրջակա միջավայրին հասցված վնասները։

Նոր եռաշերտ ապակե պատուհանները կկրճատեն էներգիայի ծախսը

«Դեռ շատ գործ կա անելու»

 Վերոհիշյալ երկու նախագծերը ցույց են տալիս, թե որքան գործ կա անելու, որպեսզի Բեթելները շարունակեն աջակցել դաշտում իրականացվող գործունեությանը։ Աշխատանքը դեռ չի ավարտվել։ Ահարոնը, ով ծառայում է նախագծման/շինարարության միջազգային բաժնում, ասում է. «Եղբայրները շատ բան են արել, սակայն դեռ շատ գործ կա անելու»։ Ինչպե՞ս է այս ամենը գլուխ գալու։ Նա շարունակում է. «Առատաձեռն նվիրատվություններից բացի, որոնք նպաստում են այս կարևոր նախագծերին, շատ ենք գնահատում նաև այն կամավորների պատրաստակամությունը, ովքեր արդեն մասնակցել են կամ ծրագրում են ապագայում մասնակցել շինարարությանը։ Մեր հավատակիցների ցույց տված ֆիզիկական և ֆինանսական աջակցությունը Եհովայի օրհնության ակնհայտ ապացույցն է» (Սաղմոս 110։3

 Վերանորոգման և կառուցման բոլոր աշխատանքները իրականացվում են կամավոր նվիրատվությունների շնորհիվ, որոնց զգալի մասը արվում է donate.pr418.com կայքի միջոցով։ Անչափ շնորհակալ ենք ձեզ առատաձեռնության համար։

a Բոլոր տեղերում խոսքը ԱՄՆ դոլարի մասին է։