ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պաշտպանում ենք կրոնի ազատության իրավունքը բնիկ ժողովուրդների համայնքներում
ՄԱՅԻՍԻ 1, 2021
Լատինական Ամերիկայում ապրող միլիոնավոր մարդկանցից շատերն ունեն իրենց լեզուն և մշակույթը։ Այս բնիկ ազգերի մեջ մենք շատ հավատակիցներ ունենք։ Նրանք արժևորում են իրենց մշակութային ժառանգությունը, նաև մարդկանց հոգևորապես օգնելու համար աստվածաշնչյան գրականությունը թարգմանում ու տարածում են Լատինական Ամերիկայի ավելի քան 130 բնիկ լեզուներով։ a Սակայն մեր հավատակիցներից ոմանք լուրջ դժվարություններ են դիմագրավել Եհովային ծառայելու և իրենց տարածքում ընդունված՝ Աստվածաշնչին հակասող արարողություններին չմասնակցելու համար։ Իսկ ինչպե՞ս են ձեր նվիրատվությունները օգնել նրանց։
Օգնում են վերադառնալ տուն
Խալիսկոյի (Մեքսիկա) լեռներում ապրող հիչոլ բնիկների համայնքին պատկանող մեր հավատակիցները հարգալից կերպով հրաժարվեցին մասնակցել այն կրոնական արարողություններին, որոնք դեմ էին իրենց խղճին։ b Սակայն դա բարկացրեց այդ համայնքում ապրող որոշ մարդկանց։ 2017 թ. դեկտեմբերի 4-ին կատաղած ամբոխը հարձակվեց մի խումբ Վկաների և նրանց հետ եղող մի քանի այլ մարդկանց վրա։ Ամբոխը նրանց ստիպեց հեռանալ համայնքից, ջարդուփշուր արեց նրանց ունեցվածքը և սպառնաց, որ վերադառնալու դեպքում կսպանի։
Մոտակա քաղաքներում ապրող Վկաներն անմիջապես ձեռք մեկնեցին իրենց քույրերին ու եղբայրներին։ Բայց ի՞նչ կարելի էր անել, որպեսզի նրանք տուն վերադառնային։ «Մենք գումար չունեինք, որ իրավաբան վարձեինք, և չգիտեինք, թե ում դիմեինք իրավաբանական խորհրդատվության համար»,— ասում է Ագուստին անունով մի եղբայր։
Քանի որ մեր հավատակիցների ազատ երկրպագելու իրավունքը ոտնահարվում էր, Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղը անհապաղ քայլեր ձեռնարկեց։ Նախ՝ նրանք դիմեցին համապատասխան մարմիններին, որպեսզի հետաքննեն այս հանցագործությունը, ապա՝ Կառավարիչ մարմնի կոորդինատորների կոմիտեի համաձայնությամբ Եհովայի վկաների գլխավոր վարչության իրավաբանական բաժնի հետ հայց ներկայացրին։ Գործը հասավ Մեքսիկայի Գերագույն դատարան։
Միջազգային իրավաբանների խումբը հստակ փաստարկ ներկայացրեց. ինչպես որ մյուսները պետք է հարգեն բնիկների մշակույթը, այնպես էլ բնիկները պետք է հարգեն ու պաշտպանեն իրենց համայնքին պատկանող մարդկանց իրավունքները։ Բոլոր մարդկանց իրավունքները պետք է հարգել՝ անկախ բնակության վայրից։
2020 թ. հուլիսի 8-ին Գերագույն դատարանը միաձայն որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների, ըստ որի՝ բոլոր արտաքսվածներին պետք է թույլատրեին վերադառնալ իրենց համայնք։ Ագուստինն իր և մյուսների երախտագիտությունն է արտահայտում հետևյալ խոսքերով. «Մենք անչափ շնորհակալ ենք մեր եղբայրներին, որ այսքան բան արեցին մեզ համար։ Եթե նրանք մեզ չօգնեին, ոչինչ չէինք կարողանա անել»։
«Այսքան բան՝ այսքան քիչ մարդկանց համար»
Էկվադորի Սան Խուան դե Իլուման գյուղի (Օտավալոյի հովիտ) մեր հավատակիցները նույնպես նման փորձություններ կրեցին։ Այստեղ շատ բնիկներ են ապրում։ 2014 թ.-ին՝ շինթույլտվություն ստանալուց հետո, նրանք սկսեցին Թագավորության սրահ կառուցել։ Սակայն մի քահանա ավելի քան 100 մարդուց բաղկացած ամբոխի հետ նրանց ստիպեց դադարեցնել շինարարությունը։ Դրանից հետո համայնքը պահանջեց, որ Եհովայի վկաներն այլևս կրոնական հավաքույթներ չկազմակերպեն։
Էկվադորի մասնաճյուղի և գլխավոր վարչության իրավաբանական բաժինները սկսեցին համագործակցել, որպեսզի պաշտպանեն մեր հավատակիցների՝ կրոնի ազատության իրավունքը։ Մեր եղբայրները գործն ուղարկեցին դատարան։ Սա թուլացրեց հալածանքը, և ժողովները նորից սկսեցին հանդիպումներ կազմակերպել, ինչպես նաև ավարտին հասցրին Սրահի շինարարությունը։ Սակայն որպեսզի հետագայում նորից չոտնահարվեին մեր եղբայրների իրավունքները, մեր ներկայացուցիչները դատարանին խնդրեցին որոշում կայացնել մի հիմնարար հարցի վերաբերյալ. արդյո՞ք բնիկ ժողովուրդները պետք է հարգեն մարդու իրավունքների միջազգային նորմերը։
2020 թ. հուլիսի 16-ին Էկվադորի Սահմանադրական դատարանը, որն այդ երկրի բարձրագույն դատական ատյանն է, լսեց գործը։ Էկվադորի ժողովը ներկայացնող փաստաբանները այդ երկրում ապրող մեր եղբայրներն էին։ Նրանց աջակցում էին նաև միջազգային փորձ ունեցող չորս այլ եղբայրներ: COVID-19 համավարակի պատճառով նրանք տեսակոնֆերանսի միջոցով էին միացել տարբեր երկրներից։ Եհովայի վկաների կազմակերպությունը ներկայացնող միջազգային իրավաբանական խմբին նախկինում երբևէ թույլ չէր տրվել փաստարկները տեսակոնֆերանսով ներկայացնել։ c Խումբը մեջբերումներ արեց միջազգային իրավաբանական հեղինակավոր աղբյուրներից՝ հաստատելու համար, որ բնիկները չպետք է հրաժարվեն իրենց անձնական իրավունքներից զուտ այն պատճառով, որ այդ համայնքի անդամ են։
Օտավալոյի հովտի մեր եղբայրներն անհամբեր սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Նրանք շատ երախտապարտ են օգնության համար։ Սիսարը, որը ծառայում է Իլումանի կեչուախոս ժողովում, ասում է. «Միայն Եհովան իր կազմակերպության միջոցով այսքան բան կաներ այսքան քիչ մարդկանց համար»։
Այս դատավարության մեջ ներգրավված բոլոր իրավաբանները Եհովայի վկա են, որոնք մեծ ուրախությամբ անվճար տրամադրում են իրենց իրավաբանական ծառայությունները։ Սակայն այս գործերը կազմելը, դրանց համար նախապատրաստվելը և դատարանում ներկայացնելը ծախսեր ու ժամանակ են պահանջում։ Մեր իրավաբանները և մյուս եղբայրները ավելի քան 380 ժամ են ծախսել՝ պատրաստելու իրավաբանական փաստաթղթերը, և ևս 240 ժամ, որպեսզի թարգմանեն դրանք Մեքսիկայի դատավարության համար։ Աշխարհի տարբեր երկրներից մոտ 40 իրավաբաններ հարյուրավոր ժամեր են տրամադրել Էկվադորի գործին։ Ինչպե՞ս ենք հոգացել այս ծախսերը. այն նվիրատվությունների միջոցով, որոնք կատարել եք donate.pr418.com կայքում նշված միջոցներով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։
a Եհովայի վկաները իրենց գրականությունը թարգմանում են նաև լատինամերիկյան շատ այլ լեզուներով և այդ տարածաշրջանին հատուկ մի քանի ժեստերի լեզվով։
b Հիչոլ ժողովուրդը հայտնի է նաև վիքսարիտարի անվանումով, իսկ նրանց լեզուն հաճախ անվանում են վիքսարիկա։
c Թեև մեր համաշխարհային կազմակերպությունը գործին մասնակից կողմ չէր հանդիսանում, դատավորները մեր եղբայրներին թույլ տվեցին դատարանի առաջ ներկայացնել երրորդ կողմի կարծիք (amicus curiae)։