Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Վստահելի և հավատ զորացնող լուրեր

Վստահելի և հավատ զորացնող լուրեր

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 2021

 Եհովայի վկաները հետաքրքրված են իրենց հավատակիցների բարօրությամբ (1 Պետրոս 2։17)։ Շատերս նույն զգացումները ունենք, ինչ Քենիայում բնակվող քույր Թանիսը։ Նա ասում է. «Ես ուզում եմ իմանալ, թե ինչերի միջով են անցնում ամբողջ աշխարհում բնակվող իմ քույրերն ու եղբայրները»։ Իսկ որտեղի՞ց են տեղեկություններ ստանում Թանիսը և մյուս Վկաները։ 2013 թ.-ից ի վեր jw.org կայքի «Լրատվություն» բաժնում տեղ գտած նյութերից։

 «Լրատվություն» բաժնում տեղ են գտնում լուրեր Եհովայի վկաների գործունեության վերաբերյալ, օրինակ՝ Աստվածաշնչի նոր թարգմանությունների լույսընծայման, աղետից տուժածներին օգնելու, շինարարական գործերի և նշանակալից այլ իրադարձությունների մասին։ Նաև կան նորություններ այն հավատակիցների մասին, ովքեր հավատի համար ազատազրկվել են։ Բացի այդ՝ «Լրատվություն» բաժնում ընդգրկված են քարոզարշավների և Հիշատակի երեկոյի հետ կապված քաջալերական հոդվածներ։ Ովքե՞ր են հոդվածների համար նյութեր գտնում, և ինչպե՞ս են դրանք կազմվում։

Ինչպե՞ս են ստեղծվում լրատվական հոդվածները

 «Լրատվություն» բաժնի համար հոգ է տանում հասարակայնության հետ կապերի գրասենյակը (ՀԿԳ)։ Այն գլխավոր վարչության բաժիններից է և գործում է Կառավարիչ մարմնի կոորդինատորների կոմիտեի վերահսկողության ներքո։ Այդ բաժնում ծառայում են ավելի քան 100 եղբայրներ և քույրեր, որոնց մեծ մասը հեռակա կամավոր է։ Թիմում ընդգրկված են խմբագիրներ, ուսումնասիրություններ անողներ, նկարիչներ և թարգմանիչներ։ Մյուսներն էլ կապ են հաստատում պետական պաշտոնյաների, գիտնականների և ԶԼՄ-ների հետ։ ՀԿԳ-ն համագործակցում է աշխարհի տարբեր մասերում գտնվող մասնաճյուղերի հասարակայնության հետ կապերի բաժինների (ՀԿԲ) հետ։

 Հոդված պատրաստելու համար ՀԿԳ-ն սերտորեն համագործակցում է ՀԿԲ-ի հետ։ Երբ եղբայրները լսում են ուշագրավ պատմություն, նրանք փնտրտուքներ են կատարում և հավաստի տեղեկություններ են հավաքում, օրինակ՝ հարցազրույցներ են անցկացնում կամ մասնագետների հետ զրուցում։ Տեղեկությունները հավաքելուց հետո գրվում է հոդվածը, խմբագրվում, սրբագրվում, կցվում են լուսանկարներ, և ուղարկվում կոորդինատորների կոմիտե՝ հավանություն ստանալու համար։

Շնորհակալական խոսքեր

 Ի՞նչ կարծիք ունեն մեր հավատակիցները «Լրատվություն» բաժնի վերաբերյալ։ Ֆիլիպիններից Չերըլ անունով մի քույր ասում է. «Սիրում եմ օրս սկսել Եհովայի կազմակերպության և հավատակիցներիս մասին լուրեր կարդալով»։

 Բազմաթիվ ընթերցողներ ընդգծում են, որ jw.org կայքի «Լրատվություն» բաժինը շատ է տարբերվում այլ լրատվամիջոցներից։ Ղազախստանում բնակվող Տատյանան ասում է. «jw.org կայքի լուրերը վստահարժան են և օբյեկտիվ։ Շատ շնորհակալ եմ դրանց համար»։ Իսկ Մեքսիկայում բնակվող Ալման ասում է. «Այլ լրատվամիջոցներում հանդիպող հուսահատեցնող լուրերի հետ համեմատած՝ «Լրատվություն» բաժնի լուրերը անչափ քաջալերական են»։

 Մեր կայքի լուրերը ոչ միայն վստահարժան են, այլև հավատ ամրացնող։ Քենիայում բնակվող Բերնարդը ասում է. «Մեր լուրերի շնորհիվ աշխարհով մեկ սփռված հավատակիցներս կարծես դարձել են իմ ընտանիքի մի մասը։ Աղոթքներիս մեջ հիշատակում եմ նրանց անունները և յուրօրինակ հանգամանքները»։ Քենիայից մեկ այլ քույր՝ Բիբրոնը, ասում է. «Շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ նոր լեզվով Աստվածաշնչի լույսընծայման մասին հոդված։ Դա ինձ հիշեցնում է, որ Եհովան կողմնակալ չէ»։

«Լրատվություն» բաժնի լուրերը հնարավորություն են տալիս դժվարությունների մեջ գտնվող հավատակիցների համար կոնկրետ աղոթքներ անել

 Նույնիսկ եղբայրների փորձությունների մասին հոդվածներն են դրական ազդեցություն թողնում։ Քենիայից Ջեքլինը ասում է. «Երբ հիշում եմ մեր հավատակիցների դրսևորած քաջությունը, հավատս ամրանում է։ Միշտ փորձում եմ տեսնել, թե ինչն է օգնել նրանց դիմանալու։ Արդյունքում սովորում եմ, որ «պարզ» բաները՝ աղոթքը, Աստվածաշնչի ընթերցանությունը, անգամ երգելը, մեծ դեր են խաղում հավատարիմ մնալու հարցում»։

 Կոստա Ռիկայում բնակվող Բեատրիսը շատ է կարևորում բնական աղետների մասին հոդվածները։ Նա ասում է. ««Լրատվություն» բաժնի միջոցով տեսնում եմ, թե ինչպես է կազմակերպությունը արագ, արդյունավետ և սիրով օգնում կարիքի մեջ հայտնված հավատակիցներին։ Արդյունքում ավելի եմ համոզվում, որ սա իրոք Եհովայի կազմակերպությունն է»։

 Շատ շնորհակալ ենք, որ համաշխարհային եղբայրության մասին թարմ լուրեր ստանալու հնարավորություն ունենք։ Այս ամենը անհնար կլիներ առանց ձեր նվիրատվությունների, որոնք արվում են donate.pr418.com կայքի միջոցով։ Շնորհակալ ենք ձեր առատաձեռնության համար։