Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տեսանելի և լսելի տարածաշրջանային համաժողովներ

Տեսանելի և լսելի տարածաշրջանային համաժողովներ

ՀՈՒԼԻՍԻ 1, 2024

 Ավելի քան 130 տարի է՝ Եհովայի ժամանակակից ծառաները ամենամյա տարածաշրջանային համաժողովներ են անցկացնում։ Այս համաժողովների ծրագրում ընդգրկված են լինում 40-ից ավելի ելույթներ, ինչպես նաև երաժշտություն, հարցազրույցներ և տեսանյութեր։ Որպեսզի ծրագիրը օգուտներ բերի և գործերի մղի ներկաներին, նրանք պետք է հստակ «տեսնեն և լսեն» այն (Ղուկաս 2։20)։ Ինչպե՞ս են ձեր նվիրատվությունները նպաստում, որ այս համաժողովներից օգուտներ քաղեն բոլորը՝ անկախ բնակության վայրից։

Աուդիո/վիդեո սարքավորումներ՝ համապատասխանեցված համաժողովների անցկացման վայրերին

 Արևմտյան երկրներում շատ մարզադաշտեր և արենաներ հագեցած են աուդիո/վիդեո տեխնիկայով։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք տարածաշրջանային համաժողովների համար նման համալիրներ վարձակալելիս տեղադրում մեր սարքավորումները։ Դեյվիդը, ով ծառայում է գլխավոր վարչության հեռարձակման բաժնում, ասում է. «Մեր վարձակալած շինություններից քչերն են, որ զինված են այնպիսի տեխնիկայով, որը թույլ կտա ունկնդիրներին 6 ժամ շարունակ կլանված լսել գլխավորապես ելույթներից բաղկացած ծրագիրը։ Օրինակ՝ սպորտային համալիրները ձայնային համակարգը հիմնականում օգտագործում են կարճ հայտարարությունների կամ երաժշտական դադարների համար, իսկ էկրաններին ցուցադրում են խաղի հաշիվ, գովազդներ և խաղի կրկնապատկերներ։ Սակայն մեր դեպքում ունկնդիրները պետք է ավելի երկար տեսանյութեր դիտեն և պարզ լսեն ու հասկանան բեմից հնչած ամեն մի բառ»։

 Համաժողովի անցկացման յուրաքանչյուր վայր յուրօրինակ է, ուստի աուդիո/վիդեո համակարգը պետք է համապատասխանեցնել տվյալ վայրին։ Համալիրը ընտրելուց անմիջապես հետո մասնաճյուղերի հեռարձակման բաժինները, հաշվի առնելով, թե քանի մարդ է ներկա լինելու համաժողովին և քանիսը կարող են տեղավորվել այդ համալիրում, որոշում են, թե որտեղ կնստեն ունկնդիրները։ Այնուհետև եղբայրները հաշվարկում են, թե որտեղ պետք է տեղադրվեն բարձրախոսներն ու էկրանները, գծագրում են, թե ինչպես են արվելու բոլոր միացումները և ցուցակագրում, թե ինչ սարքեր են անհրաժեշտ, որպեսզի համաժողովի յուրաքանչյուր ունկնդիր կարողանա տեսնել և լսել ծրագիրը։

Տեղի հեռարձակման բաժնի եղբայրները հետևում են մանրամասնորեն մշակված պլանին

 Աուդիո/վիդեո համակարգի կառուցվածքը է՛լ ավելի է բարդանում այն տարածաշրջանային համաժողովներին, որոնք պետք է միաժամանակ մի քանի լեզուներով անցկացվեն։ Եթե ծրագիրը թարգմանվում է այլ լեզվով, թարգմանիչները ստանում են ձայնն ու պատկերը, իսկ թարգմանությունը հեռարձակվում է առանձին ռադիոալիքով այն մարդկանց համար, ովքեր հասկանում են տվյալ լեզուն։ Հատուկ մեդիա նվագարկիչների շնորհիվ բոլոր ներկաները տեսնում են նույն պատկերը, անգամ եթե ձայնը հաղորդվում է 8 լեզուներով։ Դեյվիդն ասում է. «Այս համակարգերը շատ բարդ են, և դրանք գործարկող կամավորները պետք է խոր ուսուցում ստանան»։

 Մասնաճյուղերի մեծ մասը ունի ամենամյա օգտագործման համար անհրաժեշտ աուդիո/վիդեո սարքավորումներ։ Այդ մասնաճյուղերում եղբայրները կազմակերպում են, որ բոլոր սարքավորումները մի համաժողովից մյուսը ուղարկվեն։ Միայն Միացյալ Նահանգների մասնաճյուղը համաժողովների սարքավորումների առաքման համար տարեկան 200 000 դոլար a է ծախսում։ Նույնիսկ այդ դեպքում ծախսերն ավելի քիչ են լինում, քան եթե գնեինք և տեխսպասարկեինք հավելյալ սարքավորումներ։ Ստիվենը, ով Կանադայում անցկացված մի տարածաշրջանային համաժողովի աուդիո/վիդեո համակարգի պատասխանատուներից է եղել, հիշում է. «Մեր աուդիո/վիդեո թիմը իր լավագույնն արեց, որ յուրաքանչյուր դետալ և լար սարքին մնան, չկորչեն, տեղը-տեղին փաթեթավորվեն ու կազմ-պատրաստ լինեն հաջորդ ծրագրի համար»։

Սարքավորումների ձեռքբերում ու տեխսպասարկում

 Աուդիո/վիդեո սարքավորումների վարձակալությունը չափազանց թանկ է, ընդ որում՝ դրանք հաճախ ցածր որակ են ունենում կամ անխնամ վիճակում են լինում։ Այդ պատճառով մենք հիմնականում գնում ենք մեզ անհրաժեշտ տեխնիկան։ Ներկայումս շինության ներսում տեղադրելու համար նախատեսված LED տեսապատը, որի չափսերը 3 մետրը 5 մետրի վրա են (16 ֆուտը 10 ֆուտի վրա), արժե մոտ 24 000 դոլար, իսկ բարձրախոսի 15 մետրանոց մալուխը արժե մոտ 20 դոլար։ Ուստի հեռարձակման բաժինը, համագործակցելով մատակարարման բաժնի հետ, նախքան տեխնիկան գնելը «հաշվում է ծախսը» (Ղուկաս 14։28)։ Օրինակ՝ նրանք մտածում են. «Տվյալ սարքավորումը քանի՞ հոգու օգուտ կտա։ Արդյո՞ք նոր սարքավորում ձեռք բերելը հարցի լուծման լավագույն տարբերակն է։ Ունե՞նք տեխնիկան պահեստավորելու համար համապատասխան տարածք։ Ուսուցում ստացած կամավորներ և գործիքներ կա՞ն դրանք տեխսպասարկելու համար»։

 Աուդիո/վիդեո սարքավորումների կյանքը երկարացնելու և այդպիսով նվիրատվությունները խնայելու համար կանոնավորաբար կատարվում են էլեկտրոնային և մեխանիկական վերանորոգումներ։ Վնասներից խուսափելու համար մենք առաքում ենք սարքավորումները կոշտ պատյաններով, որոնք նույնպես անհրաժեշտության դեպքում վերանորոգվում են։

Աուդիո/վիդեո սարքավորումների տեխսպասարկումն ու նորոգումը երկարացնում է դրանց կյանքը

Քարոզելու լավ առիթ և մատչելի ծրագիր

 Մեր համաժողովներին օգտագործվող աուդիո/վիդեո սարքավորումների որակը շատ է տպավորում ոչ Վկաներին։ Օրինակ՝ մի համաժողովի ժամանակ աշխարհում առաջատար հեռարձակող ընկերություններից մեկի աշխատակիցը տպավորվել էր մեր կատարած աշխատանքի որակով և ծավալով։ Ջոնաթանը, ով մասնակցել է համաժողովի վայրում աուդիո/վիդեո սարքավորումների տեղադրման և գործարկման աշխատանքներին, ասում է. «Նա ապշած էր, երբ իմացավ, որ մեր անձնակազմում միմիայն կամավորներ են, մասնագետներ չկան։ Նա ասաց, որ իր ընկերությունից հինգ օր կպահանջվեր տեղադրելու համար այն ամենը, ինչ մենք տեղադրեցինք մեկուկես օրում»։ Մեկ այլ համաժողովի ժամանակ համալիրի մենեջերը ասաց. «Տեսաձայնային համակարգերի շատ մասնագետներ են եղել այստեղ, բայց երբևէ չեմ տեսել իրենց գործում այսքան հմուտ վարպետների»։

Եղբայրներն ու քույրերը ունկնդրում են ծրագիրը

 Ի՞նչ օգուտներ եք ստացել տարածաշրջանային համաժողովների աուդիո/վիդեո համակարգերից։ Գուցե նույն զգացումներն ունեք, ինչ Դեյվիդը, ով ապրում է Անգլիայում։ Նա ասում է. «Ես 88 տարեկան եմ և կյանքիս ընթացքում շատ տարածաշրջանային համաժողովների եմ եղել։ Սակայն հիմա առավել, քան երբևէ, հեշտ է կենտրոնացած մնալ ծրագրի վրա։ Գեղեցիկ տեսանյութերի շնորհիվ ծրագիրը շատ ավելի արագ է անցնում, իսկ ասելիքը ավելի պարզ է և բոլոր վայրերում միանման»։ Մայքլը, ով ապրում է Նիգերիայում, նշում է. «Քանի որ մեր եղբայրների ու քույրերի համար այլևս դժվար չէ լսել հռետորին և դիտել տեսանյութերը, նրանք ամբողջ ծրագրի ընթացքում չեն շեղվում ու հետաքրքրությամբ լսում են»։

 Երբ այս տարի մասնակցեք «Հռչակենք բարի լուրը» խորագրով տարածաշրջանային և հատուկ համաժողովներին, մի պահ կանգ առեք և պատկերացրեք, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել, որպեսզի կարողանաք լսել և տեսնել ծրագիրը։ Շնորհակալ ենք ձեր նվիրատվությունների համար, որոնց մեծ մասը արվում է donate.pr418.com կայքի միջոցով: Դրանց շնորհիվ է այս ամենը հնարավոր դառնում: Շնորհակալ ենք:

a Բոլոր տեղերում խոսքը ԱՄՆ դոլարի մասին է։