Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձախ կողմում՝ Չիլիում կործանաբեր հրդեհներից հետո կամավորներն օգնեցին վերակառուցել տարեց զույգի տունը։ Աջ կողմում՝ Նիգերիայում երկու քույրեր հումանիտար օգնություն ստացան իրենց շրջանում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Օգնություն՝ աղետից տուժածներին 2023 թ.-ին։ «Մեր մաշկի վրա զգացինք Եհովայի սերը»

Օգնություն՝ աղետից տուժածներին 2023 թ.-ին։ «Մեր մաշկի վրա զգացինք Եհովայի սերը»

ՀՈՒՆՎԱՐԻ 26, 2024

 Աստվածաշնչում կանխագուշակված է, որ «աշխարհի վախճանի» ժամանակ «ազգ ազգի դեմ է դուրս գալու» և աղետներ են լինելու (Մատթեոս 24։3, 7)։ 2023 թ. ծառայողական տարվա ընթացքում a մենք այս մարգարեական խոսքերի ականատեսն ենք եղել։ Սակայն մոտ 100 երկրներում տեղի ունեցած զինված հակամարտությունների և բնական աղետների ժամանակ Եհովայի վկաները կարողացել են օգնության հասնել՝ ընդօրինակելով Եհովայի սերը։ Ինչպե՞ս։

 2023 թ. ծառայողական տարվա ընթացքում մեր հավատակիցները տուժել են ավելի քան 200 բնական կամ մարդածին աղետներից։ Ընդհանուր հաշվով՝ աղետից տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով Եհովայի վկաների իրավաբանական անձինք ավելի քան 10 միլիոն դոլար b են ծախսել համաշխարհային գործի համար կատարված նվիրատվություններից։ Դրանից բացի՝ մեր հավատակիցներից շատերը իրենց անձնական միջոցներն են ծախսել իրենց տարածքում տուժածներին օգնելու համար։ Խոսենք աղետներից երկուսի մասին և տեսնենք, թե ձեր նվիրաբերած գումարները ինչպես են օգտագործվել տուժածներին օգնելու համար։

«Իսկական սեր գոյություն ունի՛»

 Նիգերիայի որոշ շրջաններում սեզոնային ջրհեղեղներ հաճախ են լինում։ Սակայն 2022 թ. հոկտեմբերի ջրհեղեղները վերջին 10 տարիներին տեղի ունեցածներից ամենասարսափելին էին։ Դրանց հետևանքով ավերվեց ավելի քան 676 000 հեկտար հողատարածք (1 670 432 ակր), ավելի քան 2 միլիոն մարդ էլ տարհանվեց։ Նիգերիայի մասնաճյուղը անմիջապես աղետից տուժածներին օգնելու կոմիտեներ նշանակեց՝ հումանիտար աշխատանքները կազմակերպելու և հոգևոր օգնություն ցույց տալու համար։

Նիգերիայում եղբայրները օգնությունը հասցնելու նպատակով հեղեղված ճանապարհներ ու վարարած գետեր հատեցին

Տուժած հավատակիցներ և վնասներ

  •   7 505 քարոզիչ տարհանվել է։

  •   860 տուն վնասվել է կամ ավերվել։

  •   90 Թագավորության սրահ և 1 համաժողովների սրահ հեղեղվել են։

Նվիրաբերված գումարների օգտագործում

 Աղետից տուժածներին օգնելու համար ծախսվել է ավելի քան 250 000 դոլար։ Այդ ծախսերը ներառում են՝

  •   սննդամթերքի գնում (բրինձ, լոբեղեն, մակարոնեղեն և այլն),

  •   տնային պարագաների գնում (ներքնակներ, մոծակապաշտպան ցանցեր և այլն),

  •   վնասված տների վերանորոգում կամ վերակառուցում։

 Եղբայրներն ինչպե՞ս հավաստիացան, որ նվիրաբերված գումարներն իմաստնորեն են օգտագործվում։ Կերպերից մեկը շինությունները մանրակրկիտ զննության ենթարկելն էր, որպեսզի պարզեին՝ արդյոք հնարավոր է դրանք վերանորոգել։ Եթե շինությունը պետք է հիմնահատակ փոխարինվեր նորով, ապա այն կառուցվում էր տեղանքին բնորոշ պարզ նախագծով։

 Օգնություն ստացած մեր եղբայրներն ու քույրերը անչափ երախտապարտ են։ Քույրերից մեկն ասել է. «Այս ջրհեղեղը խաթարեց մեր կյանքի բնականոն ռիթմը, քանի որ ավերեց մեր բոլոր ֆերմաներն ու անօթևան թողեց մեզ։ Մեծ թեթևացում ապրեցինք, երբ եղբայրներն ու քույրերը հենց նույն օրը օգնության հասան ու ապահով կացարան տրամադրեցին մեզ։ Անսահման թեթևացում զգացինք նաև, երբ մասնաճյուղը սննդամթերք ուղարկեց։ Հովհաննես 13։34, 35-ում գրվածի կատարումը մեր մաշկի վրա զգալով՝ կորցրել էինք խոսելու ունակությունը.... Իսկական սեր գոյություն ունի՛։ Ես ու ողջ ընտանիքս մեր սրտի խորքից մեծ շնորհակալություն ենք հայտնում եղբայրներին՝ ճիշտ ժամանակին օգնության ձեռք մեկնելու համար»։

 Մեր հումանիտար աշխատանքներն աննկատ չմնացին մյուսների աչքից։ Բայելսա նահանգի Սաբագրեա գյուղի գյուղապետը նշել է. «Աշխարհում շատ եկեղեցիներ ու կազմակերպություններ կան։ Բայց միայն Եհովայի վկաները նման բան նախաձեռնեցին.... [Ձեր] կազմակերպությունը լավագույններից է աշխարհում»։

«Մեր մաշկի վրա զգացինք Եհովայի սերը»

 2023 թ. փետրվարին 400-ից ավելի հրդեհներ մեծ ավերածությունների պատճառ դարձան Չիլիում։ Ավելի քանի 430 000 հեկտար (1 062 553 ակր) տարածք, այդ թվում՝ Չիլիի կարևորագույն ենթակառուցվածքները, կրակի բաժին դարձան։ Շուրջ 8 000 մարդ տարհանվեց։ Աղետից կարճ ժամանակ անց մասնաճյուղը հումանիտար աշխատանքներ կազմակերպեց։

Չիլիում կամավորները նոր տուն կառուցեցին մի ընտանիքի համար

Տուժած հավատակիցներ և վնասներ

  •   222 քարոզիչ տարհանվել է։

  •   20 տուն ավերվել է։

Նվիրաբերված գումարների օգտագործում

 Աղետից տուժածներին օգնելու համար ծախսվել է ավելի քան 200 000 դոլար։ Այդ ծախսերը ներառում են՝

  •   սննդամթերքի և ջրի գնում,

  •   վառելիքի, մաքրող միջոցների և դեղորայքի գնում,

  •   վնասված տների վերակառուցում։

 Մի ընտանիք կորցրեց իր ողջ ունեցվածքը, այդ թվում՝ տունը և բիզնեսը, ինչի հետևանքով գործազուրկ դարձավ։ Նրանք ցնցված էին։ Առաջին մի քանի օրերին նրանց համար ծանր էր տեսնել դատարկ հողամաս, որի վրա մի ժամանակ իրենց տունն էր։ Բայց մինչ վերակառուցումը թափ էր առնում, նրանց բացասական զգացմունքները կամաց-կամաց նահանջում էին։ Կամավորների առատ սերն ու ջերմությունը ուժ էին հաղորդում այս ընտանիքին։ Նրանք այնքան զգացված էին իրենց հանդեպ դրսևորված վերաբերմունքից, որ միացան կամավորներին և օգնեցին վերակառուցել եղբայրներից մեկի տունը։

 Եղբայրներից ու քույրերից շատերը տպավորվել էին հումանիտար աշխատանքներից։ Մի եղբայր ասել է. «Աղետից տուժածներին օգնելու կոմիտեները, որոնք գործում են Եհովայի նախաձեռնությամբ, ուղղակի հրաշք են։ Ողբերգության հենց հաջորդ օրը նրանք մեր կողքին էին, ապահովում էին առաջին անհրաժեշտության իրերով։ Քաջալերական է կարդալ, թե աշխարհի տարբեր մասերում աղետից տուժածներին ինչպես են օգնում։ Բայց լրիվ ուրիշ է, երբ դու ես հայտնվում նման իրավիճակում։ Սկսում ես ավելի շատ գնահատել կազմակերպությունը, այն, թե ինչպես են եղբայրներն ընդօրինակում Եհովայի հատկությունները և թե որքան հետաքրքրված են մեր նյութական, հոգևոր ու էմոցիոնալ կարիքներով։ Մեր մաշկի վրա զգացինք Եհովայի սերը»։

 Մինչ այս աշխարհը մոտենում է իր վախճանին, մենք դեռ շատ աղետներ կտեսնենք (Ղուկաս 21։10, 11)։ Այդուհանդերձ, քրիստոնեական ժողովի միջոցով մենք նաև կտեսնենք, որ մեր սիրառատ Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, մեր կողքին է «բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28։20)։ Համաշխարհային գործի համար ձեր առատաձեռն նվիրատվությունները, որ անում եք donate.pr418.com կայքի միջոցով կամ այլ եղանակներով, ինչպես նաև ձեր ներդրած ժամանակն ու ջանքերը փաստում են, որ սատարում եք Թագավորությանը և դրա սիրառատ Թագավորին։ Շնորհակալ ենք ձեր անսպառ առատաձեռնության համար։

a 2023 թ. ծառայողական տարին սկսվել է 2022 թ. սեպտեմբերի 1-ին և ավարտվել 2023 թ. օգոստոսի 31-ին։

b Բոլոր տեղերում խոսքը ԱՄՆ դոլարի մասին է։