Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՁԵՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» համաժողովի թարգմանությունը

2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» համաժողովի թարգմանությունը

ՀՈՒԼԻՍԻ 10, 2020

 2020 թ. հուլիսին և օգոստոսին պատմության մեջ առաջին անգամ մեր ողջ եղբայրությունը տարածաշրջանային համաժողովը կդիտի նույն ժամանակահատվածում։ Իսկ դրա համար անհրաժեշտ էր, որ նախօրոք ձայնագրված ծրագիրը թարգմանվեր ավելի քան 500 լեզուներով։ Սովորաբար մեկ կամ մեկից ավելի տարի է պահանջվում նման ծավալի նախագիծը պլանավորելու և իրականացնելու համար։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով շատ հանգամանքներ փոխվեցին, և հարկ եղավ, որ թարգմանիչները չորս ամսից էլ քիչ ժամանակում թարգմանեին 2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» տարածաշրջանային համաժողովը։

 Եհովայի վկաների գլխավոր վարչությունում գտնվող թարգմանչական խմբերի սպասարկման և համաշխարհային մատակարարման բաժինները օգնեցին, որ այս գործը գլուխ բերվի։ Թարգմանչական խմբերի սպասարկման բաժինը նկատել էր, որ թարգմանչական խմբերից շատերը իրենց առաջադրանքը կատարելու համար ավելի շատ սարքավորումների, հատկապես բարձրորակ խոսափողների կարիք ունեին։ Ուստի համաշխարհային մատակարարման բաժինը 1 000 խոսափող ձեռք բերեց և դրանք առաքեց մոտ 200 ուղղություններով։

 Գումար խնայելու նպատակով խոսափողները մեծաքանակ պատվիրվեցին, որից հետո առաքվեցին մեկ վայր, որտեղից էլ ուղարկվեցին տարբեր երկրներ։ Մեկ խոսափողի մեծածախ գինը, առաքումը ներառյալ, կազմել է միջինը 170 ԱՄՆ դոլար։ Մեծածախ գնումների շնորհիվ մենք ավելի քան 20 տոկոս խնայողություն ենք արել։

 Համաշխարհային մատակարարման բաժինը այս գնումներն ու առաքումը պետք է իրականացներ 2020 թ. ապրիլ և մայիս ամիսներին՝ այն ժամանակ, երբ համավարակի պատճառով սահմանափակված էր շատ ընկերությունների գործունեությունը։ Այնուամենայնիվ, մինչև մայիսի վերջ շատ թարգմանչական գրասենյակներ, մասնաճյուղեր և այլ վայրերում գտնվող թարգմանիչներ ստացան անհրաժեշտ սարքավորումները։

 Համաշխարհային մատակարարման բաժնի վերակացու Ջեյ Սուինին ասում է. «Այս նախագծի շրջանակներում Բեթելի բաժիններն ու մեր մատակարարները լավ համագործակցեցին իրար հետ։ Միմիայն Եհովայի ոգին կարող էր այնպես միավորել մեր ջանքերը, որ այսքան արագ և հարմար գնով կարողանայինք ձեռք բերել այն, ինչ մեզ անհրաժեշտ էր մեր աստվածապետական գործունեությանը աջակցելու համար»։

 Նիկոլաս Ալադիսը, որը ծառայում է թարգմանչական խմբերի սպասարկման բաժնում, ասում է. «Արգելափակման մեջ գտնվող թարգմանիչները շատ քաջալերվեցին, երբ ստացան այս սարքերը։ Թեև թարգմանիչները առանձին էին աշխատում, սակայն կարող էին արդյունավետորեն համագործակցել՝ թարգմանել և ձայնագրել ելույթները, տեսանյութերը և երգերը ավելի քան 500 լեզուներով»։

 Այս նախաձեռնությունը 2020 թ. «Միշտ ուրա՛խ եղեք» տարածաշրջանային համաժողովի հետ կապված նախագծերից մեկն էր, որը պատրաստվել է մեր համաշխարհային եղբայրության համար։ Այս ամենը հնարավոր եղավ իրականացնել donate.pr418.com կայքի միջոցով և այլ կերպերով արված ձեր նվիրատվությունների շնորհիվ։