ՄԵՐ ԱՐԽԻՎԻՑ
Ծառայում էին Եհովային՝ չնայած տնտեսական խնդիրներին
Շատ երկրներում թանկացումների պատճառով մարդիկ, այդ թվում՝ Եհովայի վկաները, դժվարանում են հոգալ իրենց ապրուստը։ Բայց մտատանջությունների մեջ ընկնելու փոխարեն Վկաները ներքին հանգստություն են պահպանում՝ հիշելով Եհովայի տված հետևյալ խոստումը. «Երբեք ձեզ չեմ լքի» (Եբրայեցիներ 13։5)։ Եհովան բազմաթիվ անգամներ պահել է այս խոստումը։ Նա այդպես է վարվել, օրինակ, Ֆիլիպինների մեր հավատակիցների դեպքում։ Այդ երկրում շատերը մինչ օրս աղքատության մեջ են ապրում։ Բայց 1970-ականներին և 1980-ականներին այնտեղ իրավիճակը հատկապես ծանր էր։
Վիկի a անունով մի քույր պատմում է. «Երբեմն լաց էի լինում, որովհետև ուտելու բան չունեինք։ Օր էր լինում, որ միայն բրինձ, աղ ու ջուր էինք ունենում»։ Ֆլորենսյո անունով մի եղբայր էլ չէր կարողանում գործ գտնել։ Նա հիշում է. «Ընդամենը երեք վերնաշապիկ և երեք տաբատ ունեի, որոնք փոխեփոխ հագնում էի ժողովներ ու համաժողովներ գնալիս»։ Եհովայի ժողովուրդը ինչպե՞ս էր տանում այդ դժվարությունները։ Ի՞նչն էր օգնում նրանց հոգևորապես ամուր մնալ։ Եվ ինչպե՞ս կարող է նրանց օրինակը օգնել մեզ այսօր՝ այս անկայուն ժամանակներում։
Նրանք վստահում էին Եհովային
Ֆիլիպինների Վկաները համոզված էին, որ այդ նեղ օրերին Եհովան հոգ կտանի իրենց մասին (Եբրայեցիներ 13։6)։ Եվ նա այդպես էլ անում էր, հաճախ՝ շատ անսպասելի ձևերով։ Օրինակ՝ Սեսիլ անունով մի քույր պատմում է. «Մի օր նախաճաշի համար պատրաստեցինք մեր ունեցած վերջին բրինձը։ Մեր չորսհոգանոց ընտանիքը էլ ուտելու բան չուներ։ Աղոթեցինք Եհովային, որ մեզ օրվա հաց տա։ Նախաճաշը դեռ չէինք ավարտել, երբ եղբայրներից մեկը եկավ և իր հետ 5 կգ (11 ֆունտ) բրինձ բերեց։ Մեր աչքերից երախտագիտության և ուրախության արցունքներ հոսեցին Եհովայի տված այդ անակնկալ օրհնության համար։ Եվ այսպիսի դեպքեր դեռ շատ եղան»։
Բացի այդ՝ Աստծու ժողովուրդը հետևում էր Աստվածաշնչի գործնական խորհուրդներին (Առակներ 2։6, 7)։ Օրինակ՝ Արսելիտա անունով մի նոր մկրտված քույր, ով այդ ժամանակ ամուրի էր և դժվարանում էր ապրուստ հայթայթել, իր մտահոգությունները անկեղծորեն պատմեց Եհովային։ Ապա խորհրդածեց Առակներ 10։4-ի շուրջ, որտեղ ասվում է. «Ծույլ ձեռքերը աղքատության կտանեն, բայց ժրաջան ձեռքերը հարստություն կբերեն»։ Այս խոսքերից ոգեշնչված՝ նա որոշեց այգի մշակել։ Նա պատմում է. «Եհովան առատապես օրհնեց իմ ջանքերը։ Այնքան բերք հավաքեցի, որ և՛ բավականաչափ սնունդ ունեցա, և՛ տրանսպորտիս ծախսերը փակեցի»։
Նրանք բաց չէին թողնում հանդիպումները
Եղբայրները նաև բավականաչափ միջոցներ չունեին տարածք գնելու և Թագավորության սրահներ կառուցելու համար։ Բայց դա չէր խանգարում նրանց, որ հնազանդվելով աստվածաշնչյան պատվերին՝ միասին հավաքվեն ու քաջալերեն իրար (Եբրայեցիներ 10։24, 25)։ Նրանք պարզապես հարմարվում էին եղած հանգամանքներին։ Օրինակ՝ Դեբորա անունով մի քույր պատում է. «Մոտ վեց հոգով հանդիպումներ էինք անում մի փոքրիկ հյուղակում, որը ես ու իմ ռահվիրա ծառայակիցն էինք կառուցել։ Կտուրը ծածկել էինք մանգրային արմավենու տերևներով, պատերը պատրաստել էինք կոկոսյան արմավենու ճյուղերից, իսկ նստարանները՝ արմավենու բներից»։
Սակայն մեծ մասամբ հանդիպումներն անցկացվում էին հավատակիցների տներում։ Վիրջինյա անունով մի քույր հիշում է. «Խոտից ու բամբուկից պատրաստված մի փոքրիկ տուն ունեինք։ Ամեն շաբաթ օր տեղաշարժում էինք կահույքը, որ հաջորդ օրվա հանդիպման համար տեղ ազատեինք»։ Մեկ ուրիշ տանն էլ տանիքն էր կաթում։ «Երբ անձրև էր գալիս,– պատմում է Նոյել անունով մի եղբայր,– դույլեր էինք դնում, որ ջուրն այնտեղ լցվի։ Բայց քանի որ մեր հոգևոր ընտանիքի հետ էինք, այդ անհարմարությունները մեր աչքին չէին երևում»։
Նրանք եռանդուն էին մնում ծառայության մեջ
Քիչ միջոցներ ունենալը չէր թուլացնում Վկաների եռանդը։ Լինդինան, ով բնակվում է Նեգրոս կղզում, պատմում է. «Քանի որ մեր բազմանդամ ընտանիքում միայն հայրս էր աշխատում, միշտ չէ, որ տրանսպորտի փող էինք ունենում։ Ուստի հաճախ ոտքով էինք գնում մեր քարոզչական տարածք։ Բայց շատ աշխույժ էր անցնում, որովհետև ողջ ընտանիքով միասին էինք։ Նաև վստահ էինք, որ մեր ջանքերն ուրախացնում են Եհովային»։
Մեծագույն դժվարություններից մեկը հեռավոր, լեռնային տարածքներ հասնելն էր, քանի որ հասարակական տրանսպորտ շատ քիչ կար կամ բացարձակ չկար։ Էսթերը, ով բնակվում է Լուսոն կղզում, հիշում է. «Մենք 6-ից 12-հոգանոց խմբով լավ շուտ էինք ճանապարհ ընկնում, քանի որ շատ կիլոմետրեր պետք է անցնեինք։ Ամբողջ օրն անցկացնում էինք քարոզելով։ Մեզ հետ նախապես պատրաստած ուտելիք էինք տանում և ծառերի հովին նստած՝ վայելում։ Պատահում էր, որ հավատակիցներից ոմանք սնունդ չէին ունենում, բայց, մեկ է, գալիս էին։ Մենք էլ ասում էինք. «Ոչինչ, եղածը բոլորիս կհերիքի»»։
Եհովան լիուլի օրհնեց մեր հավատակիցների անձնուրաց ոգին։ 1970 թ.-ին Ֆիլիպիններում 54 789 քարոզիչ կար, իսկ 1989 թ.-ին այդ թիվը արդեն կրկնապատկվել էր՝ դառնալով 102 487։ 2023 թ.-ին Ֆիլիպիններում Թագավորության քարոզիչների թիվը հասավ 253 876-ի։
«Աղքատությունը չթուլացրեց Եհովայի հանդեպ մեր սերը»
Չնայած տնտեսական ծանր պայմաններին՝ Վկաները հոգևորապես բարգավաճում էին։ Անտոնիո անունով մի եղբայր նշում է. «Աղքատությունը չթուլացրեց Եհովայի հանդեպ մեր սերը»։ Քույր Ֆե Աբադն ասում է. «Տնտեսական դժվարությունների միջով անցնելիս ես ու ամուսինս Եհովայի հետ մտերիմ մնացինք։ Պարզ կյանքով էինք ապրում և զգում դրա բերած ուրախությունն ու օգուտները։ Արդյունքում մեր չորս երեխաները նույնպես սովորեցին վստահել Եհովային»։
Լուսիլան, ով ապրում է Սամար կղզում, ասում է. «Եհովային ծառայողների համար աղքատ լինելը ամենևին էլ խնդիր չէ.... Երբ Աստված մեր կյանքում առաջին տեղում է, գոհունակ ենք լինում և դրական մտավիճակ պահպանում։ Ես մեծ ուրախություն եմ ապրել՝ տեսնելով, թե Աստվածաշունչ ուսումնասիրողներս ինչպես են ճանաչում Եհովային և հետագայում ինձ հետ ուս ուսի ռահվիրա ծառայում»։
Առջևում խառնաշփոթ ժամանակներ են, ուստի մեզ համար շատ ուսանելի են Ռոդոլֆո անունով մի երեցի խոսքերը։ Նա գրել է. «1970-ականների և 1980-ականների դժվարին տարիներին կյանքումս հաճախ եմ զգացել Եհովայի ձեռքը։ Թեև չնչին գումար ունեի, բայց ինձ թշվառ չէի զգում։ Եհովան տեղը տեղին հոգ էր տանում իմ մասին։ Ես ապրել եմ լավագույն կյանքով և փափագով սպասում եմ «իսկական կյանքին», որ կվայելենք գալիք դրախտում» (1 Տիմոթեոս 6։19)։
a Որոշ անուններ փոխված են։