Բաց դռների օրեր «ապառաժին»
Ամբողջ աշխարհում գործում են Եհովայի վկաների 15 տպագրական մասնաճյուղեր։ Դրանցից մեկը Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղն է, որը գտնվում է Զելտերսում (Գերմանիա)։ Այդ տարածքը գերմաներեն կոչվում է Շտայնֆելս, թարգմանաբար՝ «ապառաժ»։
2014թ. մայիսի 23–25-ը Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղը բաց դռների օր հայտարարեց և հրավիրեց իր հարևաններին, բիզնեսմենների և տեղի պաշտոնատար անձանց։ Այս միջոցառումը անվանեցին «30 տարի Զելտերսում», քանի որ մասնաճյուղի պաշտոնական նվիրումը կայացել է 1984թ. ապրիլի 21-ին։
Միջոցառման օրերին ավելի քան 3000 հյուրեր շրջեցին մասնաճյուղի շենքերում։ «Եհովայի վկաների մասնաճյուղում լինելը միշտ հատուկ իրադարձություն է»,— ասաց քաղաքապետը, որ պաշտոնավարում է արդեն 30 տարի։ Նա ավելացրեց. «Մինչև հիմա, երբ հիշում եմ, թե ինչպես Շտայնֆելսում 1979–1984-ը, այդքան արագ, ոտքի կանգնեցվեց այս մասնաճյուղը, ապշում եմ»։
Մանրամասներ միջոցառման վերաբերյալ
Ցուցադրության համար պատրաստված բաժիններից մեկը, որն այդուհետ մշտապես ներկայացված կլինի մասնաճյուղում, կոչվում էր «Եհովայի ժողովուրդը Կենտրոնական Եվրոպայում»։ Դրա միջոցով հյուրերը ծանոթացան տարածաշրջանում Եհովայի վկաների 120 տարիների պատմությանը։
Մեկ այլ բաժնում ներկայացվում էին հազվագյուտ և հեղինակավոր Աստվածաշնչեր։ Դրանցից է, օրինակ, գերմաներեն ամբողջական Աստվածաշնչի վաղ հրատարակությունը (1534) և Էլիաս Հատերի պոլիգլոտ Աստվածաշնչի կեսը (1599), որտեղ տեքստը ներկայացված է 12 լեզուներով։ Կային նաև այլ ցուցապաստառներ, ստենդներ և տեսանյութեր, որոնք ընդգծում էին աստվածաշնչյան սկզբունքների գործնական արժեքը մեր օրերում։
Այցելուների համար ինքնուրույն շրջագայելու երկու երթուղի էր առանձնացված, որպեսզի նրանք ծանոթանան այս մասնաճյուղում ապրող ու աշխատող ավելի քան 1000 տղամարդկանց ու կանանց առօրյային։ Առաջինի թեման էր «Ինչպես ենք ապրում», որի ժամանակ հյուրերը եղան որոշ բնակելի սենյակներում, հյուրասիրվեցին ճաշարանում և շրջեցին զբոսայգու նման գեղեցիկ բակում։ «Տեսարանը աներևակայելի չքնաղ էր»,— ասաց նրանցից մեկը։
Երկրորդի թեման էր՝ «Արտադրամաս»։ Հյուրերը կարող էին շրջել տպարանում, կազմատանը և առաքման բաժնում։ Նրանք իրենց աչքով տեսան, թե ինչպես է աստվածաշնչյան գրականությունը պատրաստվում և ուղարկվում ավելի քան 50 երկրներ։ Մի տղամարդ ասաց. «Ես չէի պատկերացնում, որ Եհովայի վկաները կարող է ամբողջ աշխարհում են գործում։ Նրանց գրքերը երկրագնդի ամեն ծայր հասնում են։ Ու այս ամենը անել կամավորների միջոցով, դա հրաշք է»։
Առանձնահատուկ ուշադրություն էր գրավում jw.org ստենդը, որը ներկայացնում էր Եհովայի վկաների պաշտոնական կայքը։ Թե՛ երիտասարդները և թե՛ տարեցները հետաքրքրությամբ դիտեցին ցուցադրված նյութերն ու տեսանյութերը և ստացան իրենց հարցերի պատասխանները։
Նորովի ըմբռնելով Եհովայի վկաների համաշխարհային գործի բնույթը՝ շատ այցելուներ ավարտեցին իրենց շրջագայությունը մեր աշխատանքով հիացած և ժպիտը դեմքերին։ Մի մարդ ասաց. «Ես բացարձակ սխալ պատկերացումներ ունեի Վկաների մասին։ Պիտի փոխեմ կարծիքս»։ Իսկ մի կին անընդհատ կրկնում էր. «Այսօր իմ բոլոր նախապաշարումները վերացան»։