Դիտարանի ֆերմաներ. հինգ տասնամյակ հնձի գործում
Նյու Յորք քաղաքից մոտ 145 կիլոմետր դեպի հյուսիս՝ Ուոլքիլի մոտակայքում գտնվող ֆերմաների մի խումբ կարևոր դեր է ունեցել Եհովայի վկաների համաշխարհային կրթական գործունեության մեջ։ Այսօր «Դիտարանի ֆերմաներ» կոչվող այս տարածքի առաջին ֆերման գնվել է դեռևս 50 տարի առաջ՝ 1963-ի հունվարի 2-ին։
Դեյվիդ Ուոլքերը, ով հենց սկզբից ծառայել է այստեղ, պատմում է, թե որն է եղել ֆերմայի ձեռքբերման նպատակը. «Բրուքլինում Եհովայի վկաների գլխավոր վարչության անձնակազմը գնալով մեծանում էր, և հարկավոր էր նրանց սնունդով ապահովել՝ հնարավորինս քիչ ծախսեր անելով։ Այն ֆերման, որը մինչ այդ օգտագործում էին Եհովայի վկաները, գտնվում էր նահանգի հյուսիսում, և 6-8 ժամ էր պետք Բրուքլինից այնտեղ հասնելու համար։ Իսկ մինչև Ուոլքիլ ընդամենը 2 ժամվա ճանապարհ էր, և այն շատ հարմար էր մեզ»։ Այստեղ Եհովայի վկաները միրգ ու բանջարեղեն էին աճեցնում, ինչպես նաև պահում էին թռչուններ, խոզեր և կովեր։ Ժամանակի ընթացքում ֆերմաների թիվն ավելացավ։
Ընդամենը մեկ տասնամյակ անց Ուոլքիլում արտառոց փոփոխություններ արվեցին, պատճառը Եհովայի վկաների համաշխարհային աճն էր։ Ֆիզիկական սննդից բացի, այստեղ սկսեցին հոգևոր սնունդ պատրաստել, որը նպաստելու էր Հիսուսի ասած փոխաբերական հնձի գործին (Մատթեոս 9:37; Ղուկաս 10:2; Հովհաննես 4:35, 36)։ Ահա աշխատանքներից մի քանիսը, որ սկսեցին իրականացվել այս ֆերմաներում։
Տպագրություն։ 20-րդ դարի կեսերին Բրուքլինում գտնվող տպարանում լույս էր տեսնում աստվածաշնչյան գրականության զգալի մասը։ Սակայն ժամանակի ընթացքում, երբ գրականության կարիքը մեծացավ, այս տպարանն այլևս չէր կարողանում հասցնել անհրաժեշտ տպաքանակ թողարկել։ Ուստի 1973-ին Եհովայի վկաները Ուոլքիլում ավարտեցին նոր, լրացուցիչ տպարանի կառուցումը։ Այդ ժամանակից ի վեր այս տպարանը մի քանի անգամ ընդլայնվել է, վերջինը՝ 2004-ին։
Համակարգչային տեխնոլոգիա։ 1979-ին մի խումբ Եհովայի վկաներ Ուոլքիլում սկսեցին մշակել մի ծրագիր, որը կոչվում է բազմալեզու էլեկտրոնային հրատարակչական ծրագիր (MEPS)։ Այս ծրագրի միջոցով հնարավոր է դարձել աստվածաշնչյան հրատարակությունները տպագրել ավելի քան 600 լեզուներով։
Կրթություն։ 1988-ին «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը Բրուքլինից տեղափոխվեց Ուոլքիլ, և հոկտեմբերի 17-ին սկսվեցին դասերը։ Դպրոցը մնաց այստեղ, մինչև որ 1995-ի ապրիլին տեղափոխվեց Պատերսոն՝ «Դիտարանի» կրթական կենտրոն։
Ինչպես մյուս, այնպես էլ ««Դիտարանի» ֆերմաներում» անցած հինգ տասնամյակի ընթացքում շատ բան է փոխվել։ Սակայն բավականին ջանքեր են ներդրվում ԱՄՆ-ի Բեթելում ծառայող կամավորներին բարձրորակ սննդամթերքով ապահովելու համար։
Այսօր Եհովայի վկաները Ուոլքիլում կառուցում են նոր գրասենյակային և բնակելի շինություններ, ինչպես նաև վերանորոգում են եղած շենքերը։ ««Դիտարանի» ֆերմաներում» իրականացվող ամբողջ աշխատանքների նպատակն է աջակցել հոգևոր սննդի շարունակական մատակարարմանը աշխարհի այս մասում։
Դեյվիդ Ուոլքերը, որի խոսքերը նշվեցին սկզբում, ասում է. «Անցած 50 տարիների ընթացքում աչքիս առաջ Ուոլքիլի մեր շենքերը կամաց-կամաց մեծացան և սկսեցին ավելի շատ նպաստել մարդկանց աստվածաշնչյան կրթություն տրամադրելու մեր համաշխարհային գործին»։