Դիտարան. այն երկար ժամանակ զարդարել է Բրուքլինի երկնակամարը
Արդեն 40 տարուց ավել է, ինչ այս 4,6 մետրանոց կարմիր տառերով «ԴԻՏԱՐԱՆ» բառը գտնվում է Եհովայի վկաների գլխավոր վարչության շենքերից մեկի գլխին։ Նյու Յորքի բնակիչների համար այն արդեն հարազատ է դարձել և ոմանք նույնիսկ ժամը կամ ջերմաստիճանը իմանալու համար նայում են դրա վրա տեղադրված վահանակին։
Էբընին, որի բնակարանից երևում է այս վահանակը, ասում է. «Հաճելի է աշխատանքի գնալուց առաջ պատուհանից տեսնել ժամը և ջերմաստիճանը։ Դա օգնում է, որ չուշանամ աշխատանքից և եղանակին համապատասխան հագնվեմ»։
Կշարունակի՞ վահանակը մնալ իր տեղում ևս 40 տարի։ Հավանաբար ոչ։ Քանի որ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը տեղափոխվելու է Նյու Յորք քաղաքից դուրս, այս հարցի հստակ պատասխանը կտա շենքի նոր սեփականատերը։
Շենքի նախկին սեփականատերը մոտ 70 տարի առաջ մի նշան էր տեղադրել դրա գլխին։ Երբ 1969-ին Եհովայի վկաները գնեցին շենքը, նրանք այդ նշանի փոխարեն դրեցին այն, ինչ տեսնում ենք այսօր։
Ինչ խոսք, այս վահանակը պարբերաբար խնամքի կարիք ունի։ Տարիների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ են կատարել դրա վրա օրվա ցանկացած ժամի։
Գիշերային պահակներից մեկը հիշում է. «Մի օր՝ ուշ երեկոյան, մի հեռուստատեսության լրատվական բաժնի տնօրեն զանգեց մեզ։ Նա ասաց, որ վահանակի ժամացույցը 15 վայրկյան հետ է։ Ուզում էր, որ մենք ուղղենք ժամը, քանի որ այն երևալու էր կեսգիշերվա լուրերի ժամանակ։ Շատ չանցած՝ մեր վարպետներից մեկը քնաթաթախ անցավ գործի»։
Տարիների ընթացքում վահանակը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել ավելի արդյունավետ և ճշգրիտ աշխատելու համար։ Մինչև 1980-ականների կեսերը վահանակը հաջորդաբար ցույց էր տալիս ժամը և ջերմաստիճանը միայն ըստ Ֆարենհայտի սանդղակի, իսկ դրանից հետո, սկսեց ցուցադրվել նաև ըստ Ցելսիուսի։
2009-ին ոչ այնքան արդյունավետ աշխատող նեոնային լամպերը փոխարինվեցին կարմիր լուսադիոդներով (LEDs), ինչը նպաստեց, որ տարեկան 4000 ԱՄՆ դոլար խնայողություն արվի։ Այսօր այն սպառում է նախկինում ծախսած հոսանքի շատ չնչին տոկոսը։