Հազարավորներ այցելում են Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղ
2015թ.-ին Եհովայի վկաների՝ Մեքսիկայում գտնվող Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղ այցելել էր գրեթե 175000 մարդ՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ միջին հաշվով 670 հոգի։ Այցելուներից շատերը մեծ խմբերով էին գալիս՝ վարձակալված ավտոբուսներով անցնելով մի քանի օրվա ճանապարհ։ Ոմանք ամիսներ առաջ էին պլանավորել այդ ճամփորդությունը։
«Բեթելի նախագիծ»
Որոշ մարդիկ զոհողություններ էին արել, որպեսզի այցելեին մասնաճյուղ, որը նաև կոչվում է Բեթել։ Օրինակ՝ մեքսիկական Վերակրուս նահանգի ժողովներից մեկի քարոզիչները Բեթել հասնելու համար պետք է անցնեին 550 կիլոմետր (340 մղոն) ճանապարհ, սակայն նրանցից շատերը գումար չունեին ավտոբուսով գնալու համար։ Ուստի նրանք մի ծրագիր մշակեցին, որը կոչեցին «Բեթելի նախագիծ»։ Նրանք խմբեր կազմեցին, որպեսզի կերակուր պատրաստեն ու վաճառեն։ Նաև սկսեցին պլաստիկ շշեր հավաքել ու հանձնել դրանք։ Երեք ամիս անց այդ անհատները արդեն բավարար չափով գումար էին վաստակել և կարող էին ուղևորվել Բեթել։
Արժե՞ր այդքան ջանք թափել։ Նրանք համոզված էին, որ իրենց ջանքերը կվարձատրվեին։ Օրինակ՝ այդ ժողովում ծառայող մի երիտասարդ, որի անունը Լուսիո է, գրեց. «Բեթել կատարած մեր այցելությունը մղեց ինձ հոգևոր նպատակներ դնելու, և այժմ ես ավելի շատ եմ մասնակցում ժողովի գործերին»։ Իսկ 18-ամյա Էլիսաբեթն ասաց. «Բեթելում ես տեսա և անձամբ զգացի այն անկեղծ սերը, որը բնորոշ է նրանց, ովքեր ծառայում են Եհովային։ Ես մղվեցի ավելի շատ բան անելու Եհովայի համար, ուստի սկսեցի ծառայել լիաժամ»։
Գալիս են հազարներով
Երբեմն մեկ օրում հազարավոր մարդիկ են գալիս շրջայցի։ Շրջայցերով զբաղվող Բեթելի ծառայողները ջանում են սրտաբաց ընդունել բոլոր այցելուներին։ «Քաջալերական է տեսնել, թե որքան շատ մարդիկ են գալիս,— ասում է Լիզին։— Հավատս զորանում է, երբ տեսնում եմ հյուրերի գնահատանքը և լսում եմ, թե ինչ զոհողություններ են նրանք արել, որպեսզի գան Բեթել»։
Այն օրերին, երբ այցելուները հազարներով են գալիս, շրջայց են անցկացնում նաև Բեթելի տարբեր բաժինների ծառայողները։ Նրանք ուրախությամբ համաձայնում են այդ գործն անել, թեև դա լրացուցիչ աշխատանք է։ Խուանն ասում է. «Շրջայց անցկացնելուց հետո տեսնում ես հյուրերի ուրախ դեմքերը և հասկանում ես, որ քո ջանքերը զուր չէին»։
«Երեխաները շատ են սիրում այն»
Երեխաները նույնպես ուրախանում են՝ այցելելով Բեթել։ Նորիկոն, որը ծառայում է համակարգչային բաժնում, ասում է. «Շրջայցի ժամանակ ես հարցնում եմ երեխաներին, թե արդյոք կցանկանային ծառայել Բեթելում։ Բոլորն ասում են՝ այո՛»։ Երեխաները հատկապես սիրում են «Կարենի անկյունը», որտեղ նրանք կարող են նկարվել «Դարձիր Եհովայի ընկերը» ֆիլմաշարի հերոսներ Կարենի ու Սոնայի մանեկենների հետ։ Նորիկոն նշում է. «Երեխաները շատ են սիրում այն»։
Շատ երեխաներ իրենց գնահատանքն են արտահայտում Բեթելում կատարվող աշխատանքի համար։ Օրինակ՝ Հենրի անունով մի փոքրիկ տղա, որն ապրում է Մեքսիկայում, իր խնայատուփում փող էր կուտակել և երբ եկավ Բեթել, նվիրաբերություն արեց։ Նա նաև մի երկտող գրեց. «Խնդրում եմ, օգտագործեք այս փողը՝ ավելի շատ գրականություն տպագրելու համար։ Շնորհակալություն, որ ծառայում եք Եհովային»։
Հրավիրում ենք ձեզ շրջայցի
Ողջ աշխարհում Եհովայի վկաները շրջայցեր են անցկացնում իրենց մասնաճյուղերում և տպարաններում։ Սրտանց հրավիրում ենք ձեզ մեր մասնաճյուղերից որևէ մեկը։ Մենք համոզված ենք, որ դուք մեծ բավականություն կստանաք այդ այցից։ Շրջայցերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ՄԵՐ ՄԱՍԻՆ > ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ / ՇՐՋԱՅՑԵՐ էջում։