Հաղթանակած են դուրս գալիս հրդեհի դեմ պայքարում
«Հրդե՛հ։ Հրդե՛հ»։ Սանդրան նախաճաշում էր իր ամուսնու ծնողների տանը, երբ տեսավ, որ տան կողքին գտնվող ցախատան դռան տակից կրակի բոցեր են ելնում։ Նա և իր ամուսինը՝ Թոմասը, արագ գործի անցան։ Մինչ Սանդրան կբերեր կրակմարիչը, Թոմասը վազեց ցախատուն՝ տեսնելու համար, թե ինչ է կատարվում։ Սանդրան շուտափույթ տվեց նրան կրակմարիչը, և վերջինս հանգցրեց հրդեհը։ Սանդրան հիշում է. «Եթե մենք չմիջամտեինք, ամբողջ ցախատունը գուցե այրվեր»։
Թոմասին ու Սանդրային ինչպե՞ս հաջողվեց խուճապի չմատնվել ու գործել այդքան վճռականորեն։ Նրանք, ինչպես նաև մոտ 1 000 այլ անհատներ, ովքեր ծառայում են Զելտերսում (Գերմանիա) գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղում, սովորել են, թե ինչպես վարվել, երբ հրդեհի հետ կապված արտակարգ իրավիճակ է ստեղծվում։
Զելտերսում գտնվող համալիրը 30 հեկտար է (70 ակր) և ընդգրկում է ոչ միայն գրասենյակներ և բնակելի շենքեր, այլև լվացքատուն, տպարան և տարբեր արհեստանոցներ, այսինքն՝ այնպիսի տարածքներ, որոնք հրդեհվելու վտանգի տակ են։ Այդ պատճառով մասնաճյուղի անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ենթաբաժինը մի ծրագիր է մշակել, որի նպատակն է սովորեցնել հրդեհային անվտանգության կանոնները։ Նախ՝ վթարային խումբը տեղի հրշեջ ծառայության հետ մասնակցում է հակահրդեհային ուսումնավարժանքին, ապա՝ մասնաճյուղում ծառայող բոլոր կամավորները կանոնավորաբար անում են հետևյալը.
տարհանման վարժանքներ են անում,
մասնակցում են հրդեհային անվտանգության կանոնների դասընթացներին,
սովորում են մարել նոր սկսվող հրդեհը։
Այսպես կամավորները անհրաժեշտ հմտություններ են ձեռք բերում, որոնք կօգնեն իրենց արտակարգ իրավիճակների ժամանակ։
Հակահրդեհային ուսումնավարժանք
Հակահրդեհային ուսումնավարժանքների ընթացքում մասնակիցները սովորում են անվտանգ կերպով մարել հրդեհը։ Քրիստինը, որը վերջին անգամ տարրական դպրոցում էր սովորել հրդեհային անվտանգության կանոնները, պատմում է, թե մասնաճյուղում իրականացված ուսումնավարժանքների ժամանակ ինքը ինչ էր անում. «Ես վերցրի կրակմարիչը, քաշեցի փական-օղակը և մոտեցա կրակին այն կողմից, որ կողմից փչում էր քամին, որպեսզի կրակի բոցերը չվնասեն երեսս։ Հետո առանց որևէ մեկի օգնության՝ կրակը հանգցրի։ Նաև սովորեցի՝ ինչպես չորս-հինգ հոգանոց թիմով կրակը մարել»։
Դանիելը, ով Վկաների մասնաճյուղում հակահրդեհային անվտանգության դասընթացավար է աշխատում, ասում է, որ ուսումնավարժանքները «նվազեցնում են կրակի հանդեպ վախը»։ Ահա թե նա ինչ է նկատել. «Երբ հրդեհ է լինում, մարդիկ հաճախ հանկարծակիի են գալիս։ Նրանք խուճապահար մտածում են. «Հիմա ի՞նչ պետք է անենք։ Ինչպե՞ս պետք է օգտագործենք կրակմարիչը»։ Բայց եթե նրանք կանխավ սովորել են, թե ինչպես վարվել հրդեհի դեպքում, կարող են փոքր կրակը ժամանակին հանգցնել՝ չթողնելով, որ այն դառնա անկառավարելի հրդեհ»։ Նա ասում է, որ ուսումնավարժանքների ընթացքում «մասնակիցները գործնականում սովորում են, թե ինչպես է հարկավոր արտակարգ իրավիճակում ճիշտ բռնել կրակմարիչը և հանգցնել հրդեհը։ Նրանք վստահություն և քաջություն են ձեռք բերում, որ անհրաժեշտության դեպքում արագ գործի անցնեն»։
Դասընթացները իրենց արդարացնում են
Շատերը իրենց երախտագիտությունն են հայտնում այդ դասընթացների համար։ Քրիստինը, որի խոսքերը մեջբերվեցին, ասում է. «Ես առաջին անգամ էի ձեռքիս մեջ կրակմարիչ պահում։ Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ պետք է այսպիսի դասընթացներ անցնի»։ Իսկ Նադյան, որը մասնաճյուղում ծառայում է որպես ոչ լիաժամ համագործակից, ինչպես նաև աշխատում է օդանավակայանում, պատմում է. «Նախորդ տասը տարիների ընթացքում հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ օդանավակայանում ես միայն տեսական դասընթացներ եմ անցել։ Սակայն մասնաճյուղում ստացած գործնական դասընթացները ինձ ավելի մեծ վստահությամբ են լցրել։ Եթե հրդեհ բռնկվի, ես գիտեմ, թե ինչ է հարկավոր անել»։
Սանդրան կարծում է, որ մասնաճյուղում իր սովորածն է օգնել իրեն ամուսնու ծնողների տանը անհապաղ գործելու։ «Ես հիմա այդքան էլ չեմ վախենում կրակմարիչ օգտագործել,— ասում է նա։— Լավ կլինի՝ ամեն տարի այդպիսի դասընթացներ անցկացվեն։ Դրանք ինձ շատ օգնեցին»։
Գործնական դասընթացներ տեղի հրշեջ ծառայության հետ
Տեղի հրշեջ ծառայությունը կանոնավորաբար ուսումնավարժանքներ է իրականացնում մասնաճյուղի տարածքում։ Ավագ հրշեջ Տեո Նեքերմանը բացատրում է, թե ինչու. «Մեր հրշեջ ծառայությունը պատասխանատու է Զելտերսի համար, որը գյուղական տարածք է։ Մենք սովորաբար հրդեհի մասին ահազանգ ենք ստանում տներից կամ բնակարաններից։ Այս շրջանում մասնաճյուղի համալիրը առանձնանում է նրանով, որ դրա տարածքը ընդարձակ է, շինությունները մեծ են, և այնտեղ արդյունաբերական աշխատանքներ են ծավալվում։ Մեզ հավելյալ հմտություններ են անհրաժեշտ, որպեսզի օգնության հասնենք, երբ այս համալիրում արտակարգ իրավիճակ ստեղծվի։ Ուստի ուրախ և շնորհակալ ենք, որ կարող ենք ուսումնավարժանքներ իրականացնել այստեղ»։
Մասնաճյուղի վթարային խմբի ավելի քան 100 անդամները հրշեջ ծառայության հետ փրկարարական և հակահրդեհային վարժանքներ են իրականացնում։ Պրն Նեքերմանն ասում է. «Ձեր վթարային խումբը հիացնում է մեզ։ Առանց նրանց աջակցության և համագործակցության՝ ամեն բան այսքան հարթ չէր ընթանա»։
Եվ ահա 2014 թ. փետրվարի մի երեկո առիթ ընձեռվեց, որ հրշեջ ծառայությունը և վթարային խումբը ցույց տան իրենց ունակությունները։ Մասնաճյուղի բնակելի շենքերից մեկում մի բնակարան ծխով լցվեց։ «Ծուխն այնքան խիտ էր, որ երբ պարզում էինք մեր ձեռքերը, չէինք տեսնում դրանք,— հիշում է Դանիելը, որի խոսքերը արդեն մեջբերվել են։— Մենք անմիջապես զանգահարեցինք հրշեջ ծառայություն և սկսեցինք տարհանել 88 բնակարանների բոլոր բնակիչներին։ Երբ հրշեջ ծառայության աշխատակիցները ժամանեցին, ամբողջ շենքը արդեն դատարկ էր»։ Պրն Նեքերմանն ասում է. «Չեմ պատկերացնում, որ եթե կրակ բռնկվի, օրինակ, Ֆրանկֆուրտում, հնարավոր լինի այսքան արագ տարհանել այսպիսի մեծ շենքի բնակիչներին։ Դուք շատ կարգապահ էիք, իսկ ձեր վթարային խումբը գերազանց կերպով գործեց»։ Հրշեջները հայտնաբերեցին խնդիրը և վերացրին։ Ոչ ոք վնասվածք չստացավ, և լուրջ վնասներ չեղան։
Բոլոր նրանք, ովքեր ծառայում են Զելտերսում գտնվող մասնաճյուղում, հույս ունեն, որ այնտեղ երբեք խոշոր հրդեհ չի բռնկվի։ Սակայն եթե բռնկվի էլ, կամավորները պատրաստ են արձագանքելու, քանի որ նրանք սովորել են, թե ինչպես հաղթանակած դուրս գալ հրդեհի դեմ պայքարում։