Անցնել բովանդակությանը

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 136-րդ դասարանի ավարտական ծրագիրը

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 136-րդ դասարանի ավարտական ծրագիրը

2014թ. մարտի 8-ին տեղի ունեցավ «Գաղաադ» դպրոցի 136-րդ դասարանի ավարտական ծրագիրը։ Աստվածաշնչյան ինտենսիվ կրթության հինգ ամիսների ընթացքում փորձառու Եհովայի վկաները սովորեցին լինել ավելի արդյունավետ իրենց ծառայության մեջ և պատրաստ՝ զորացնելու իրենց հավատակիցներին։ Ծրագիրն ունկնդրեց ընդհանուր հաշվով 11548 մարդ, մի մասը՝ Եհովայի վկաների կրթական կենտրոն Պատերսոնում, մյուսներն էլ՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Պուերտո Ռիկոյի և Ջամայկայի այլ սրահներում վիդեոկապի միջոցով։

«Ունեցեք նույնպիսի մտածելակերպ»։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ և ծրագրի նախագահող Դեյվիդ Սփլեյնը իր ելույթը սկսեց Փիլիպպեցիներ 2:5–7 համարների խոսքերով. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ»։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը չէր անհանգստանում իր դիրքի մասին, այլ խոնարհությամբ Աստծուց ստացած իր հանձնարարությունը կատարելու վրա էր կենտրոնացած։

Օրինակ՝ Հիսուսը Սատանայի յուրաքանչյուր փորձությանը պատասխանեց հետևյալ խոսքերով՝ «գրված է», և մեջբերեց իսրայելացիներին ուղղված Մովսեսի խոսքերից (Մատթեոս 4:4, 7, 10; 2 Օրենք 6:13, 16; 8:3)։ Թեև Հիսուսը, լինելով Աստծու օծյալ Որդին, կարող էր իր հեղինակավոր խոսքն ասել, սակայն խոնարհություն դրսևորելով՝ ցույց տվեց իր գնահատանքը Մովսեսի արած գործի հանդեպ։ Նրա նման՝ մենք էլ պետք է գնահատանք դրսևորենք ուրիշների հանդեպ և ժլատ չլինենք նրանց գովելու մեջ։

Եղբայր Սփլեյնը նաև ընդգծեց, որ Հիսուսը ճիշտ մտածելակերպ դրսևորեց մինչև իր երկրային կյանքի վերջին օրերը։ Աղոթքում Հիսուսն ասաց. «Ես փառավորեցի քեզ երկրի վրա՝ ավարտելով այն գործը, որ տվել էիր ինձ անելու։ Ուստի այժմ, Հա՛յր, փառավորիր ինձ քեզ մոտ այն փառքով, որն ունեի քեզ մոտ նախքան աշխարհի լինելը» (Հովհաննես 17:4, 5)։ Հիսուսը չէր ձգտում ավելի բարձր դիրքի։ Նա միայն ցանկանում էր, որ իրեն տրվի այն առանձնաշնորհումը, կամ՝ այն աշխատանքը, որն ուներ երկիր գալուց առաջ։ Ընդօրինակելով Հիսուսին՝ «Գաղաադի» շրջանավարտները պետք է կենտրոնանան գործի վրա, ոչ թե դիրքի, և գոհ լինեն, նույնիսկ երբ նոր առանձնաշնորհումներ չստանան։

«Զոհողություններ առանց ափսոսանքի»։ Ուիլյամ Մալենֆոնտը, ով օգնում է Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեում, հորդորեց շրջանավարտներին հետևել Պողոս առաքյալի անձնազոհության օրինակին։ Պողոսը հետ չէր նայում այն ամենին, ինչ թողել էր Աստծուն ծառայելու համար։ Նա ասաց. «Մոռանալով հետևում եղած բաները և ձգտելով դեպի առջևում եղածները՝ ես հետամուտ եմ լինում նպատակին» (Փիլիպպեցիներ 3:13, 14

Առանց ափսոսանքի զոհաբերություններ անելով՝ շրջանավարտները կվարվեն այնպես, ինչպես վարվել են Աստծու թե՛ վաղեմի, թե՛ մեր օրերի հավատարիմ ծառաները։ Եղբայր Մալենֆոնտը մեջբերեց քույր Կլարա Գերբեր Մոյերի խոսքերը, ով դեռ մանուկ հասակից ծառայել է Եհովային։ Կլարան գրել է. «Ինձ համար մեծ առանձնաշնորհում է, որ կյանքիս 80 տարիները ծառայության մեջ եմ անցկացրել։ Ոչնչի համար չեմ ափսոսում։ Եթե նորից ապրելու հնարավորություն ունենայի, նույն կյանքով կապրեի»։

«Քարոզում ենք Թագավորության լուրը որպես հրեշտակներ և հրեշտակների հետ»։ Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշն օգնեց շրջանավարտներին գնահատելու այն երկու հատուկ առանձնաշնորհումները, որ վայելում են բոլոր քարոզիչները։ Առաջին՝ Թագավորության լուրը տարածելիս նրանք ծառայում են որպես Աստծու հրեշտակներ, քանի որ Աստվածաշնչում «հրեշտակ» թարգմանված եբրայերեն և հունարեն բառերը կրում են նաև «պատգամաբեր» իմաստը։ Երկրորդ՝ նրանք քարոզում են բարի լուրը հրեշտակների առաջնորդությամբ, ինչպես Փիլիպոսը (Գործեր 8:26–35

Եղբայր Լյոշն այնուհետև պատմեց դեպքեր ծառայությունից։ Օրինակ՝ Մեքսիկայում Գաբինո անունով մի Վկա, ով տնից տուն ծառայելիս դուռը սովորաբար երկու անգամից ավել չի թակում, չգիտես ինչու մի դուռ չորս անգամ թակեց։ Տղամարդը, որ բացեց դուռը նրա առաջ, ասաց, որ պատրաստվում էր ինքնասպան լինել։ «Երբ դուք չորրորդ անգամ թակեցիք դուռը, պարանն արդեն վզովս էի անցկացրել,— ասաց նա։— Բայց հանեցի, որ բացեմ դուռը։ Շնորհակալություն, որ չհեռացաք։ Հակառակ դեպքում ես արդեն կախված կլինեի»։

Թեև որոշ նմանատիպ դեպքեր գուցե պատահականություն լինեն, սակայն մենք գիտենք, որ մեծ մասամբ դրանք պատահականություն չեն։ Այդ դեպքերը փաստում են, որ Աստծու հրեշտակներն են առաջնորդում քարոզչական գործը (Հայտնություն 14:6

«Պատվարժանը կօրհնվի»։ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչ Մայքլ Բարնետը զարգացրեց այս թեման՝ բերելով Գաբեսի օրինակը, որը Հուդայի սերնդից էր և «իր եղբայրներից ավելի պատվարժան էր»։ Գաբեսը աղոթեց Աստծուն. «Երանի՜ թե ինձ օրհնես, իմ տարածքը մեծացնես, քո ձեռքն ինձ հետ լինի, և պահպանես ինձ աղետից» (1 Տարեգրություն 4:9, 10

Շրջանավարտները կարող են ընդօրինակել Գաբեսին՝ Աստծուն աղոթելիս կոնկրետ բաների մասին նշելով։ Հատկապես կարող են խնդրել, որ կարողանան անել այն, ինչի համար որ կրթություն են ստացել «Գաղաադում»։ Նրանք կարող են նաև խնդրել Աստծուն, որ իրենց պահպանի աղետներից, այսինքն՝ այնպես անի, որ հաղթահարեն դրանց պատճառած կորստի ցավը, և ոչ թե, որ աղետը առհասարակ իրենց չվնասի։ Աստված պատասխանեց Գաբեսի աղոթքին, կպատասխանի նաև շրջանավարտների աղոթքներին։

«Ձեր կրակը վառ պահեք»։ «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը, որն օգնում է ուսումնական կոմիտեում, իր ելույթը հիմնեց 1 Թեսաղոնիկեցիներ 5:16–19 համարների վրա։ Ինչպես որ կրակը վառ պահելու համար անհրաժեշտ է բավարար վառելիք, թթվածին և ջերմություն, այնպես էլ ծառայության հանդեպ ոգևորությունը վառ պահելու համար ուսանողներին անհրաժեշտ է երեք բան։

Առաջին. «Միշտ ուրախ եղեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5:16–19)։ Ուսանողները կարող են ուրախություն ստանալ՝ խորհելով Աստծու հավանությունն ունենալու օրհնության շուրջ։ Այդ ուրախությունը կրակի պես վառ կպահի նրանց ոգևորությունը։ Երկրորդ. «Անդադար աղոթեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5:17)։ Աղոթքը նման է թթվածնի, որը շունչ է տալիս կրակին։ Ուստի մենք պետք է մեր սրտերը բացենք Եհովայի առաջ և երկար աղոթենք նրան։ Երրորդ. «Ամեն ինչի համար շնորհակալություն հայտնեք» (1 Թեսաղոնիկեցիներ 5:18)։ Երախտագետ սիրտը նպաստում է, որ Եհովայի ու մեր եղբայրների հետ ունեցած փոխհարաբերությունները ջերմանան։ «Գնահատանքի ջերմ զգացում ունեցեք,— ասաց եղբայր Նումարը,— և ընդդիմացեք քննադատության սառը ոգուն»։

«Գովաբանեք Եհովային երկնակամարի հետ միասին»։ Աստվածապետական դպրոցների ուսուցիչ Սեմ Ռոբերսոնը իր ելույթի նախաբանում նշեց աստվածաշնչյան այն խոսքերը, որտեղ գրված է, որ արևը, լուսինը և աստղերը գովաբանում են Եհովային (Սաղմոս 19:1; 89:37; 148:3)։ Նա ասաց, որ ուսանողները ևս հնարավորություն են ունեցել գովաբանելու Աստծուն, և ներկայացրեց մի քանի դեպքեր նրանց ծառայությունից, որոնք ուսանողները բեմականացրին։ Օրինակ՝ ուսանողը շնորհակալություն հայտնեց հաշմանդամի սայլակին նստած մարդուն, ով իր գնահատանքն էր արտահայտել նրան, երբ նա մեքենան կանգնեցրել էր՝ թույլ տալով հաշմանդամին անցնել փողոցը։ Դա պատճառ եղավ, որ նրանց միջև զրույց սկսվի, և հաշմանդամը ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը։ Հաջորդ շաբաթներին ուսումնասիրություն անցկացնելու ընթացքում ուսանողը առիթ ունեցավ քարոզելու նաև այդ մարդուն այցելողներին։ Արդյունքում՝ ևս յոթ հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսվեց։

«Զորացիր՝ կրթվելով Եհովայից»։ Դոնալդ Գորդոնը, ով օգնում է հրատարակչական կոմիտեում, հարցազրույց անցկացրեց ուսանողներից երկու ամուսնական զույգի հետ։ Եղբայրներից մեկը հիշատակեց Եփեսացիներ 3:16–20 համարները, որոնք ընդգծվել են ողջ դասընթացի ժամանակ։ Դա օգնել է ուսանողներին «ուժեղանալ»՝ լինելով խոնարհ ու մատչելի և գիտակցելով, որ Եհովան դեռ շատ գործ ունի իր Վկաներից յուրաքանչյուրի համար։ Քույրերից մեկն էլ ասաց, որ իրեն տպավորել է այն, թե ինչպես ուսուցիչներից մեկը հորդորեց իրենց լինել ոչ թե մեծ ձուկ ջրով լի փոքր թասում, այլ փոքրիկ ձուկ՝ օվկիանոսում։ Նա ասաց. «Ես սովորեցի, որ եթե Եհովայի կազմակերպության մեջ ես ինձ փոքրի պես պահեմ, ապա նա կօգնի, որ հոգևորապես աճեմ»։

«Թող Եհովան հիշի ձեզ ի բարին»։ Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը ներկայացրեց ավարտական ծրագրի գլխավոր ելույթը, որի թեման վերցված էր Նեեմիայի աղոթքից. «Ո՜վ իմ Աստված, հիշիր ինձ ի բարին» (Նեեմիա 5:19; 13:31)։ Նեեմիան չէր մտածում, որ Եհովան կարող է հանկարծ մոռանալ իրեն կամ իր ծառայությունը։ Իրականում նա խնդրում էր, որ Աստված գորովանքով հիշի իրեն և օրհնի։

Նմանապես ուսանողները կարող են վստահ լինել, որ Եհովան կհիշի իրենց ի բարին, եթե անեն այն, ինչ սովորել են «Գաղաադում»։ Օրինակ՝ Եհովայի հանդեպ ուժգին սերը պետք է լինի նրան երկրպագելու գլխավոր մղիչ ուժը (Մարկոս 12:30)։ Աբրահամը սիրում էր Եհովային իր ամբողջ սրտով, և Աստված գորովանքով է հիշում նրան։ Թեև Աբրահամը վաղուց արդեն չկար, սակայն Եհովան նրան անվանում էր «իմ ընկեր» (Եսայիա 41:8

Հետո եղբայր Սանդերսոնը ուսանողներին հիշեցրեց իրենց մերձավորներին, հատկապես իրենց եղբայրներին ու քույրերին սիրելու մասին (Մարկոս 12:31)։ Բարի սամարացու նման, ով «մերձավոր եղավ ավազակների ձեռքն ընկած մարդու համար», նրանք պետք է նախաձեռնություն վերցնեն և օգնության ձեռք մեկնեն կարիքի մեջ լինողին (Ղուկաս 10:36)։ Նա օրինակ բերեց շրջանավարտներից մեկին՝ Նիկոլաս Կովալակին, ով ծառայել է մարզային վերակացու։ Եղբայր Կովալակը ճանաչված է իր ջերմությամբ ու սիրով։ Մի անգամ մի շրջանային վերակացուի ու նրա կնոջը քաջալերելու նպատակով, որ ջանասեր լինեն ծառայության մեջ, նա ասել է. «Գործիդ հիմնական մասը կատարիր օրվա սկզբում, շաբաթվա սկզբում, ամսվա սկզբում և տարվա սկզբում»։ Սակայն մի քանի օր անց՝ տեսնելով շրջանային վերակացուի կնոջ վիճակը, նրան ասաց. «Մոռացիր ասածս։ Դու արդեն իսկ ամեն ջանք թափում ես։ Փոքր ինչ հանգիստ տուր քեզ, որ կարողանաս երկար ծառայել»։ Բարությամբ ու հոգատարությամբ համեմված նրա խորհուրդը օգնեց այդ քրոջը տասնամյակներ շարունակ կատարելու իր լիաժամ ծառայությունը։

Վերջում եղբայր Սանդերսոնը շրջանավարտներին խրախուսեց դպրոցում ստացած կրթությունը կիրառել՝ ուրիշներին սովորեցնելով ու կրթելով (2 Տիմոթեոս 2:2)։ Իրենց նշանակման մեջ նրանք կարող են զորացնել եղբայրներին՝ վստահ լինելով, որ Եհովան կհիշի իրենց ի բարին (Սաղմոս 20:1–5

Ծրագրի եզրափակիչ մասը։ Երբ շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, նրանցից մեկը բոլոր ուսանողների անունից կարդաց շնորհակալական նամակը։ Ծրագիրը եզրափակվեց 15 շրջանավարտների կողմից «Գովերգենք Եհովային» երգարանից 123-րդ համարի՝ «Հովիվները պարգևներ են» երգի գեղեցիկ կատարմամբ։