Կառավարիչ մարմինը քաջալերում է Ռուսաստանի և Ուկրաինայի Վկաներին
«Մենք ասես սիրո օվկիանոսում լինեինք»։ Այսպես արձագանքեց Ուկրաինայում ապրող մի կին, երբ լսեց Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթի կողմից ընթերցված մի կարևոր նամակ։ Նա 165000 Վկաներից մեկն էր, ով լսեց եղբայր Լեթի ելույթը նրա այցելության ժամանակ, որը տեղի ունեցավ 2014թ. մայիսի 10-ին և 11-ին։
Աստվածաշնչյան ելույթները և այդ նամակի ընթերցանությունը թարգմանվեցին հինգ լեզուներով և հեռարձակվեցին, ողջ Ուկրաինայի տարածքում գտնվող մոտ 700 Թագավորության սրահներ։
Նույն օրերին այս կարևոր նամակը Ռուսաստան այցելության ժամանակ ընթերցեց Մարկ Սանդերսոնը, որը նույնպես Կառավարիչ մարմնի անդամ է։ Ծրագիրը թարգմանվեց 14 լեզուներով, և այն ունկնդրեց 180413 հոգի Բելառուսում և Ռուսաստանում գտնվող ավելի քան 2500 ժողովներում։
Նամակը, որ գրել էր Կառավարիչ մարմինը, ուղղված էր Ռուսաստանի և Ուկրաինայի բոլոր ժողովներին։ Եղբայր Սանդերսոնը նամակը ընթերցեց ռուսերեն, ինչը Ռուսաստանի մասնաճյուղին մղեց գրելու հետևյալը. «Եղբայրներն ու քույրերը անչափ տպավորվել էին, որ Կառավարիչ մարմինը խորապես հետաքրքրված է երկրագնդի այս մասում ապրող հավատակիցներով։ Բոլորս այնպիսի զգացում ունեինք, որ Կառավարիչ մարմինը ջերմորեն գրկում է մեզ»։
Նամակի նպատակն էր մխիթարել ու զորացնել այդ՝ քաղաքական խռովություններով լի տարածքում ապրող Վկաներին։ Այն հորդորում էր եղբայրներին շարունակել չլինել «աշխարհի մի մասը» և չեզոք մնալ քաղաքական հարցերում (Հովհաննես 17։16)։
Կառավարիչ մարմինը քաջալերեց Վկաներին աղոթքի, Աստծու Խոսքի ուսումնասիրության և խորհրդածության միջոցով մտերիմ փոխհարաբերություններ պահպանել Եհովայի հետ։ Հիշեցվեց նաև, որ ինչ դժվարության ու փորձության էլ բախվեն եղբայրները, կարող են համոզված լինել, որ Եսայիա 54։17-ում արձանագրված հետևյալ խոստումը անպայման կկատարվի. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա»։
Կառավարիչ մարմինը նամակը եզրափակեց հետևյալ խոսքերով. «Մենք ձեզ շատ ենք սիրում։ Ուզում ենք հավաստիացնել ձեզ, որ դուք միշտ մեր մտքում եք, և որ մենք անընդհատ թախանձագին աղոթում ենք Եհովային ձեզ համար»։
Այս այցելության մասին Եհովայի վկաների՝ Ուկրաինայի մասնաճյուղը գրեց. «Եղբայրների և քույրերի համար այս այցելությունը հաճելի անակնկալ էր, անչափ հուզիչ էր զգալ Կառավարիչ մարմնի սիրառատ հոգատարությունը։ Նույն օրերին եղբայր Լեթի և եղբայր Սանդերսոնի այցելությունները Ուկրաինա և Ռուսաստան վառ ապացույցն էին այն բանի, որ Աստծու ժողովուրդը միասնական է։ Եղբայրների համար հստակ էր, որ Եհովան և Հիսուսը հոգ են տանում իրենց մասին։ Բոլորս զգացինք, թե որքան ժամանակահարմար էր այդ այցելությունը. մենք ուժ ստացանք, որ շարունակենք ծառայել Եհովային ցանկացած իրավիճակում»։