Տարեկան հանդիպման հաշվետվություն
«Աստվածաշունչը գանձ է»
2013թ. հոկտեմբերի 5-ին և 6-ին՝ շաբաթ ու կիրակի օրերին, Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում՝ Եհովայի վկաների համաժողովների սրահում, տեղի ունեցավ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 129-րդ տարեկան հանդիպումը, որը համացանցի միջոցով հեռարձակվեց նաև այլ երկրներ։ Ընդհանուր հաշվով ծրագիրն ունկնդրեց 1413676 հոգի 31 երկրներում։
Գայ Փիրսը՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներից մեկը, ծրագրի նախագահողն էր։ Նա շարժեց ունկնդիրների հետաքրքրությունը՝ վստահեցնելով, որ հանդիպման ժամանակ կտրվեն աստվածաշնչյան կարևոր հարցերի պատասխաններ, ճշմարտության լույսը ավելի պայծառ կդառնա և հոգևոր կերակուր կտրվի «ճիշտ ժամանակին» (Մատթեոս 24:45; Առակներ 4:18)։
«Ցուցասրահ ի փառս Եհովայի»
Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը ներկայացրեց մանրամասներ Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունում բացված նոր ցուցասրահի մասին, որը նվիրված է «Աստվածաշունչը և Աստծու անունը» թեմային։ Ցուցադրությունը ընդգծում է այն, որ Աստծու անունը ունի իր ուրույն և հաստատուն տեղը թե՛ Եբրայերեն և թե՛ Հունարեն Գրություններում։ Ցուցասրահում ներկայացված են շատ հին Աստվածաշնչեր, հնամենի գտածոների կրկնօրինակներ և էջեր միջին դարերի Աստվածաշնչերից։
Դիտարժան հավաքածուում ընդգրկված են էջեր 16-րդ դարում Ուիլյամ Թինդալի կողմից թարգմանված Աստվածաշնչից։ Նա առաջին թարգմանիչն էր, որ անգլերեն փոխանցեց Աստծու անունը։ Կա նաև մի էջ իսպաներեն Աստվածաշնչի 1602-ին արված մի թարգմանությունից, որը հայտնի է Ռեյնա Վալեյրա անունով։ Այս Աստվածաշնչում հետևողականորեն Աստծու անունը փոխանցվել է որպես «Iehova» (Իեհովա)։ Ցուցասրահում ներկայացված են նաև անգլերեն այլ Աստվածաշնչեր՝ «Գրեյթ Բայբլը» (Great Bible, 1549 հրատ.), Էլիաս Հութերի 12 լեզուներով Աստվածաշունչը (կոչվում է նաև Nuremberg Polyglot, 1599 հրատ.) և «Ջենիվա Բայբլը» (Geneva Bible, 1603 հրատ.)։ Երեքում էլ օգտագործված է Աստծու անունը։
Եղբայր Սանդերսոնը բոլորին հրավիրեց այցելել ցուցասրահ։ Նա ասաց. «Մենք աղոթում ենք, որ.... այն օգնի տարբեր տարիքի և կրթության տեր մարդկանց սիրելու այն երկու բաները, որ բոլորս ենք սիրում՝ Աստծու անգին Խոսքը՝ Աստվածաշունչը, և նրա փառավոր Եհովա անունը»։
2014թ. տարվա խոսքը։
Այն բանից հետո, երբ Կառավարիչ մարմնի անդամ Գերիտ Լյոշը ամփոփ ներկայացրեց «Դիտարանի» ուսումնասիրության շաբաթվա նյութը, եղբայր Փիրսը հայտարարեց, թե որն է 2014թ. տարվա խոսքը. «Թող գա քո թագավորությունը» (Մատթեոս 6:10)։ Ճիշտ է, այս համարը միշտ էլ համապատասխան տարվա խոսք կլինի, սակայն այն հատկապես առանձնահատուկ է 2014 թվականի համար, քանի որ լրանում է ուղիղ մեկ դար, երբ Թագավորությունը հաստատվեց երկնքում։
«Անգին պարգև Եհովայից»։
Հետո բոլորը դիտեցին մի տեսանյութ «Նոր աշխարհ» թարգմանության պատմության մասին, այն Աստվածաշնչի, որը հրատարակել են Եհովայի վկաները և որը որոշ մարդիկ համարում են երբևէ եղած լավագույն թարգմանությունը։ Երբ 1950-ին «Աստվածապետության աճը» միջազգային համաժողովի ժամանակ Նաթան Նորը հայտարարեց այս թարգմանության առաջին հատորի լույսընծայման մասին, նա ունկնդիրներին մի խորհուրդ տվեց, որն առայսօր արդիական է. «Կարդացեք այս թարգմանությունն ամբողջությամբ, ուսումնասիրեք այն և օգնեք ուրիշներին էլ ուսումնասիրել, քանի որ այս Գիրքը կօգնի, որ նրանք կանչեն Եհովայի անունը»։
«Հետաքրքիր հիշողություններ»։
Կառավարիչ մարմնի անդամ Սեմյուել Հերդը ներկայացրեց ծրագրի այս մասը, որի ժամանակ հնչեցին Միացյալ Նահանգների Բեթելի ընտանիքի չորս անդամներից վերցված հարցազրույցների ձայնագրություններ։ Նրանք ներկա են եղել 1950–1960 թվականներին անցկացված այն համաժողովներին, որոնց ընթացքում հայտարարվել է «Նոր աշխարհ» թարգմանության առանձին վեց հատորների լույսընծայման մասին։
Յունիս Թիմը պատմում էր, թե ինչպես էին այն ժամանակ «Նոր աշխարհ» թարգմանությունն օգտագործում հանդիպումներին։ Նա հատկապես գնահատում էր փնտրտուքներ անելու միջոցները, օրինակ՝ հղումները։ Քանի որ ծանր կլիներ բոլոր հատորները ժողովի հանդիպման տանել, նա իր հետ վերցնում էր միայն նրանք, որոնց կարիքը, մտածում էր, որ շատ կլիներ։ Վերցնում էր նաև փոքր չափի «Քինգ Ջեյմս» թարգմանությունը, եթե հանկարծ անհրաժեշտություն լիներ կարդալու այնպիսի համարներ, որ նա չէր կանխատեսել։
Այս նոր թարգմանությունը նաև որոշ առումներով իր ազդեցությունը թողեց մեր երկրպագության վրա։ Օրինակ՝ Ֆրեդ Ռասկը պատմում էր, որ մինչև 1950թ. Բեթելում եղբայրները ընտանիքի անունից աղոթելիս օգտագործում էին «Քինգ Ջեյմս» թարգմանությունից արտահայտություններ հին անգլերենով։ Իսկ երբ լույս տեսավ «Նոր աշխարհը», նրանք սկսեցին հանրային աղոթքները ներկայացնել սովորական, հասկանալի անգլերենով։
Ջոն Վիսչուկին տպավորել էր ոչ միայն աշխատանքի բարձրորակ լինելը, այլև այդ աշխատանքը կատարողների՝ Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» կոմիտեի եղբայրների համեստությունը։ «Նրանք չցանկացան, որ իրենց անուններն իմացվեն ո՛չ իրենց կենդանության օրոք, ո՛չ էլ մահանալուց հետո, քանի որ ողջ փառքը ուղղում էին Եհովային»,— ասաց նա։ Չարլզ Մոլոհանը, արտահայտեց այն, ինչ զգացել են բոլորը՝ ասելով. «Այս թարգմանությունը օգնեց մեզ ամրապնդել ճշմարտությունը մեր սրտերում և զորացնել մեր հավատը, որպեսզի կարողանանք գնալ և ուրիշներին էլ օգնել ամրանալ հավատում»։
«Լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծամեծ բաների մասին են խոսում»
(Գործեր 2:11)։ Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը ներկայացրեց այն ելույթը, որի ժամանակ հայտարարվեց անգլերեն «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված տարբերակի լույսընծայման մասին։ Ելույթի վերջում բոլոր ներկաները, նաև բոլոր ունկնդիրները, ովքեր լսում էին ծրագիրը համացանցի օգնությամբ, ստացան Աստվածաշնչի իրենց օրինակը։
Եղբայր Ջեքսոնը նշեց, որ ավելի քան 60 տարիներ են անցել այն ժամանակից, երբ հրատարակվեց «Նոր աշխարհ» թարգմանության առաջին հատորը։ Այս ընթացքում անգլերեն լեզուն փոխվել է, սակայն Աստվածաշունչը թարգմանելու գործի նպատակը չի փոխվել. մենք ցանկանում ենք Աստծու Խոսքը հնարավորինս բառացի փոխանցել՝ առանց իմաստը աղավաղելու։
2005-ին Կառավարիչ մարմինը ավելի մեծ շեշտ դրեց տարբեր լեզուներով Աստվածաշունչը թարգմանելու կարևորության վրա։ Այդ ժամանակից ի վեր այն լեզուների թիվը, որոնցով առկա է «Նոր աշխարհ» թարգմանությունը, 52-ից հասել է 121-ի, իսկ 45 լեզուներով թարգմանությունը դեռ ընթացքի մեջ է։ Այս ընթացքում թարգմանիչները գրել են ավելի քան 52000 նամակներ՝ որոշ բառեր կամ արտահայտություններ հստակեցնելու խնդրանքով։ Այդ նամակներից շատերի օգնությամբ պարզ է դարձել, որ անգլերեն տեքստն էլ արժե վերանայել և որոշ փոփոխություններ անել։
Օրինակ՝ եղբայր Ջեքսոնը բացատրեց, որ անգլերեն նախորդ հրատարակության մեջ 1 Սամուել 14։11-ում, որտեղ ասվում է, որ Հովնաթանն ու իր զինակիրը «երևացին փղշտացիների պահապան զորքին», այնպիսի արտահայտություն է օգտագործված, որ ժամանակակից անգլերենում կարող է սխալ հասկացվել՝ «մերկացան պահապան զորքի առաջ»։ Այդ պատճառով վերանայված տարբերակում այն փոխվեց։ Իսկ Միքիա 2։6-ում բառացի գրված էր՝ «Մի՛ թողեք, որ խոսքեր կաթեն։ Նրանք թողնում էին, որ խոսքերը կաթեն»։ Հիմա այս համարը ավելի հասկանալի է դարձել՝ ««Մի՛ քարոզեք», նրանք քարոզում են»։
Հինգ տարի առաջ Կառավարիչ մարմինը կոմիտե է նշանակել՝ վերանայելու «Նոր աշխարհ» թարգմանությունը։ Եվ նրանց աշխատանքի արդյունքը՝ գրավիչ, հեշտ ընթերցվող և շատ օգտագործվելուց չվախեցող Աստվածաշունչը, պատրաստ է։ Եղբայր Ջեքսոնը հայտարարեց, որ անգլերեն խոշորատառ և ավելի փոքր չափի հրատարակությունները շուտով լույս կտեսնեն։
«Ճշմարտության խոսքը ուղիղ մատուցել»։
Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը ներկայացրեց վերանայված Աստվածաշնչի առանձնահատկությունները՝ իր ելույթը հիմնելով 2 Տիմոթեոս 2:15-ի վրա։ Այս համարում «ուղիղ մատուցել» արտահայտությունը բառացի նշանակում է «ուղիղ կտրել»։ Մենք ուզում ենք «ոգու սուրը» ուղիղ բռնել՝ ճիշտ օգտագործել (Եփեսացիներ 6:17)։ Եղբայր Լեթը ցույց տվեց, թե ինչպես կարող են Աստվածաշնչի առանձնահատկությունները օգնել մեզ այդ հարցում։
Գրքի առաջին բաժինը կոչվում է «Ծանոթացեք Աստծու Խոսքին», որտեղ սուրբգրային համարների օգնությամբ կարելի է գտնել Աստվածաշնչի հիմնական ուսմունքների վերաբերյալ 20 հարցերի պատասխաններ։
Հավելված Ա-ում խոսվում է այս վերանայված տարբերակի առանձնահատկությունների մասին, օրինակ՝ ոճական ու տեքստային փոփոխությունների, ինչպես նաև Աստծու անվան հետ կապված որոշ մանրամասների։
Հավելված Բ-ն բաղկացած է 15 բաժնից, որտեղ կան գունավոր քարտեզներ, աղյուսակներ ու նկարներ, որոնք օգտակար կլինեն անձնական ուսումնասիրության և ուրիշներին ուսուցանելու համար։
Յուրաքանչյուր գրքի սկզբում կա ամփոփ տեղեկություն գրքի մասին, ինչը հնարավորություն է տալիս ընթերցողին արագ գտնել փնտրվող հատվածը։ Սա փոխարինում է էջախորագրերին, որոնք կային նախորդ հրատարակություններում՝ ամեն էջում։
«Բառարանը» օգնում է գտնելու Աստվածաշնչում օգտագործված հարյուրավոր բառերի բացատրությունը։
«Աստվածաշնչյան բառերի ցանկը» բավականին կրճատվել է։ Այստեղ տեղ են գտել միայն այն բառերն ու արտահայտությունները, որոնք ամենաշատն են օգտագործվում քարոզելիս և ուսուցանելիս։
Կրճատվել է նաև զուգահեռ հղումների քանակը, որոնք գտնվում են սյունակների մեջտեղում։ Ընդգրկվել են միայն այն հղումները, որոնք օգտակար կլինեն ծառայության ժամանակ։
Ծանոթագրություններում բերված են տվյալ բառի կամ արտահայտության բառացի կամ մեկ այլ հնարավոր թարգմանության տարբերակ, ինչպես նաև լրացուցիչ մանրամասներ։
JW Library (ջեյ-դաբլյու գրադարան)։
Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամ Ջոն Էքրանը ներկայացրեց նոր JW Library հավելվածը՝ նախատեսված թվային սարքավորումների՝ սմարթֆոնների և պլանշետների համար։ Հավելվածում տեղ են գտել «Նոր աշխարհ» թարգմանության վերահրատարակված տարբերակը և Աստվածաշնչի 5 այլ թարգմանություններ։ 2013թ. հոկտեմբերի 7-ից այն հնարավոր է անվճար բեռնել app store-երից։
Աստծու Խոսքը թարգմանել այնպես, որ փոխանցվի ճշգրիտ իմաստը։
Կառավարիչ մարմնի անդամ Էնթոնի Մորիսը բացատրեց այն սկզբունքը, որով առաջնորդվել է «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն Աստվածաշունչը վերանայելիս։ Հիմնվելով 1 Կորնթացիներ 14:8, 9-ի սկզբունքի վրա՝ կոմիտեն Աստվածաշնչի տեքստը ավելի հասկանալի է դարձրել։ Որտեղ բառացի թարգմանությունը անհասկանալի կդարձներ տեքստը, արվել է իմաստային թարգմանություն։
Օրինակ՝ Ծննդոց 31։20-ի բառացի թարգմանությունը կլիներ՝ «Հակոբը գողացավ Լաբանի սիրտը»։ Սակայն եբրայերեն այս դարձվածը այն իմաստը չունի, ինչ անգլերեն նույն դարձվածը։ Այդ իսկ պատճառով «Նոր աշխարհում» այն թարգմանվել է «Հակոբը խորամանկեց Լաբանին»։ 1 Կորնթացիներ 7:39 համարի բառացի թարգմանությունը նույնպես կարող է աղավաղել իմաստը։ Այստեղ բառացի ասվում է, որ կինը կարող է ամուսնանալ մեկ ուրիշ տղամարդու հետ, երբ ամուսինը «քնի»։ Սակայն Աստվածաշունչը երբեմն քնել բառը օգտագործում է մահվան դեպքում, ուստի «Նոր աշխարհ» թարգմանությունը ընթերցողին շփոթմունքի մեջ չգցելու համար «քնել» բառի փոխարեն օգտագործել է «մահվան քնով ննջի»։
«Աստվածաշունչը գրվել է հասարակ, առօրյա խոսակցական լեզվով, որով խոսում էին սովորական մարդիկ՝ հողագործները, հովիվները և ձկնորսները,— ասաց եղբայր Մորիսը։— Ուստի Աստվածաշնչի լավ թարգմանությունը նույնպես պետք է Աստծու խոսքը հասկանալի դարձնի անկեղծ մարդկանց՝ անկախ նրանց կրթությունից»։
«Հաճելի խոսքեր» և «ճշմարտության ճշգրիտ խոսքեր» օգտագործենք։
Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը ներկայացրեց այս թեման, որը հիմնված է Ժողովող 12:10 համարի վրա։ Աստվածաշունչը գրողները շատ ուշադիր էին, երբ գրի էին առնում Աստծու մտքերը։ Նրանց նման «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեի անդամները մեծ ուշադրություն են դրսևորել իրենց գործի հանդեպ և հետևել են «ճշմարտության ճշգրիտ խոսքեր գրելու սկզբունքին»՝ դարձնել Աստծու Խոսքը հնարավորինս պարզ։
«Անգլերեն շատ բառեր ունեն մեկից ավելի իմաստներ»,— ասաց եղբայր Սփլեյնը։ Օրինակ՝ «Նոր աշխարհի» նախորդ հրատարակություններում 2 Տիմոթեոս 1:13-ում օգտագործված էր մի բառ, որը նշանակում է ոչ միայն օրինակ կամ նմուշ, այլև գեղագիտական ձևվածք, կառուցվածք։ Այդ պատճառով ոմանք մտածել են, թե այստեղ խոսվում է աստվածաշնչյան ուսմունքների գեղեցկության մասին։ Սակայն բնագրում օգտագործված բառը նշանակում է օրինակ, նմուշ։ Ուստի վերանայված տարբերակում թարգմանվել է «առողջ խոսքերի օրինակ»։
Եղբայր Սփլեյնը նաև խոսեց այն փոփոխությունների մասին, որ արվել են՝ հաշվի առնելով անգլերեն բառերի իմաստների փոփոխությունը։ Օրինակ՝ անգլերեն «ցից հանել» արտահայտությունը, որը օգտագործվել է նախորդ հրատարակություններում ցույց տալու համար, թե ինչպես է Հիսուսը սպանվել, հիմա ավելի հաճախ նշանակում է սուր ցից անցկացնել մարմնի միջով։ Հետևաբար, վերահրատարակության մեջ գրվել է «ցցին գամել» (Մատթեոս 27:22, 23, 31)։
Եղբայրը Սփլեյնն իր ելույթը ավարտեց հետևյալ խոսքերով. «Մենք աղոթում ենք, որ «Նոր աշխարհ» թարգմանության վերանայված հրատարակության ընթերցանությունն ու ուսումնասիրությունը է՛լ ավելի մտերմացնի ձեզ Եհովայի հետ։ Եվ թող որ նա լինի ձեր Հայրը, Աստվածը և Ընկերը»։
Եզրափակում։
Եղբայր Փիրսը վերահրատարակված Աստվածաշունչը համեմատեց Եհովայի կողմից կազմակերպված ճոխ խնջույքի գլխավոր կերակրատեսակի հետ (Եսայիա 25:6)։ Վերջում հրավիրեց ներկաներին երգել առիթի համար ամենահամապատասխան երգը «Գովերգենք Եհովային» երգարանից, որի վերնագիրն է «Աստվածաշունչը գանձ է» (երգ 114)։