Եհովայի վկաները օգնում են մաքրելու Լվովի մոտակայքում գտնվող անտառը
2017 թ. մայիսի 6-ին մոտ 130 Եհովայի վկաներ օգնեցին մաքրելու Լվովի (Ուկրաինա) մոտակայքում գտնվող Բրյուխովիչիի անտառը։ Կամավորները, որոնք 22–80 տարեկան էին, ապրում և աշխատում են Եհովայի վկաների՝ Ուկրաինայի մասնաճյուղում, որը անտառին մոտ է գտնվում։ Ընդամենը երեք ժամում նրանք մաքրեցին 50 հեկտար (120 ակր) տարածք և հավաքեցին մոտ 600 կիլոգրամ (1 300 ֆունտ) աղբ։
Լվովի անտառային տնտեսության գլխավոր ինժեներ Միխայլո Սպլավինսկին ասում է. «Եհովայի վկաները առաջինն են, ովքեր սկսած 2014 թ.-ից՝ կանոնավորաբար մասնակցում են անտառը մաքրելու գործին»։
Ինչու անտառը մաքրելու կարիք կար
«Անտառում երկու պատճառով է աղբ հավաքվում,— նշում է պրն Սպլավինսկին։— Առաջին՝ որոշ մարդիկ իրենց հետևից աղբ են թողնում։ Երկրորդ՝ շինարարական աղբը և այլ թափոններ բեռնատարներով բերում են անտառ և դատարկում այնտեղ»։
Աղբը լուրջ խնդիր է անտառների համար։ Պրն Սպլավինսկին ասում է. «Աղբը քայքայվում է երկար ժամանակի ընթացքում»։ Այնուհետև այն «աղտոտում է գրունտային ջրերը, ինչը հանգեցնում է էկոլոգիական խնդիրների»։ Դեն նետված ապակիները կարող են մեծացնել արևի ճառագայթների ինտենսիվությունը և այդպիսով անտառային հրդեհների պատճառ դառնալ։ Իսկ կոտրված ապակիներն ու դեն գցված ներարկիչները վտանգավոր են հատկապես փոքր երեխաների համար։ «Այս խնդիրներից կարելի է խուսափել, եթե աղբը հեռացվի»,— ասում է նա։
3 300 հեկտար (8 100 ակր) անտառային տարածք մաքրելը դժվար գործ է։ «Մենք ընդամենը հինգ անտառապահ ունենք,— բացատրում է պրն Սպլավինսկին,— ուստի չենք կարող մաքրել այդքան մեծ տարածք։ Այդ պատճառով տարին մեկ անգամ բնակիչներին խնդրում ենք, որ օգնեն մեզ անտառը մաքրելու գործում»։
Հավաքում են, տեսակավորում և հեռացնում
Ձեռնոցներով, պոլիէթիլենային տոպրակներով և փոցխերով սպառազինված՝ Վկա կամավորները հավաքում են շշերը, մեքենայի անվադողերը, ապակիները, մետաղյա իրերը, թղթերը, պլաստիկ առարկաները և օգտագործված ներարկիչները։ Արդյունքում, ինչպես նկատել է Իգոր Ֆեդակը, որը այդ տեղանքում որպես անտառապահ է աշխատում, «Եհովայի վկաների հոգածության տակ գտնվող տարածքը շատ մաքուր է դարձել»։
Թեև դեռ օրենքով չի պահանջվում, սակայն կամավորները տեսակավորում են աղբը՝ առանձնացնելով ապակին, թուղթը և պլաստիկը, ինչը այն վերամշակելու հնարավորություն կտա։ Այնուհետև թափոնները վերամշակող տեղի մի ընկերություն մշակում է աղբը։ Բացի այդ, 2016 թ.-ից ի վեր Վկաները վճարում են այն բանի համար, որ իրենց հավաքած աղբը հեռացվի։ «Շնորհակալություն եմ հայտնում Եհովայի վկաներին մեզ աջակցելու համար,— ասում է պրն Ֆեդակը։— Նրանք շատ են օգնում մեզ»։
«Մաքրություն անելը իմ արժանապատվությունից ցածր գործ չէ»
Վկաները ուրախությամբ են մասնակցում անտառի մաքրության աշխատանքներին, որոնք կազմակերպվում են ամեն տարի։ Նրանք սիրով նպաստում են իրենց բնակիչների բարօրությանը և անտառի մաքրությանը։ Վոլկերը արտահայտում է Վկաների մեջ տարածված հետևյալ տեսակետը՝ ասելով. «Մաքրություն անելը իմ արժանապատվությունից ցածր գործ չէ։ Ուրիշների համար ինչ-որ բան անելը պատվաբեր է և գոհունակության զգացումով է ինձ լցնում»։
Անժելիկան ավելացնում է. «Ինձ համար կարևոր է ոչ թե այն, թե ով է աղբը թողել, այլ այն, թե ես ինչ կարող եմ անել աղբը հեռացնելու համար»։ Լոիսը, որը 78 տարեկան է, նույնպես մասնակցել է այդ աշխատանքներին։ Նա ասում է. «Երբ զբոսնելիս աղբ ես տեսնում, վրդովվելու փոխարեն՝ ավելի լավ է վերցնես այն ու դեն նետես»։
«Սովորաբար մարդիկ տեսնում են, որ մենք փողկապով ու գեղեցիկ հագուստով մեր հավատալիքների մասին խոսում ենք ուրիշների հետ,— ասում է Վյեսլավը։— Բայց մենք նաև պատրաստ ենք թևերը վեր քաշած աշխատելու, որ մաքրենք անտառը կամ այլ գործ անենք հօգուտ ուրիշների»։