Անցնել բովանդակությանը

Եհովայի վկաները օգնում են բարեկարգելու Դոնի Ռոստովը

Եհովայի վկաները օգնում են բարեկարգելու Դոնի Ռոստովը

2015թ. մայիսի 20-ին Ռուսաստանի եվրոպական մասի հարավում գտնվող ամենախոշոր քաղաքի՝ Դոնի Ռոստովի վարչակազմի ղեկավարը շնորհակալական նամակ ուղղեց Եհովայի վկաներին՝ նրանց գովելով «քաղաքը բարեկարգելու նպատակով գարնանային աշխատանքներին ակտիվ մասնակցություն ունենալու համար»։

Դոնի Ռոստովը բարեկարգելու համաքաղաքային շաբաթօրյակին չորս ժողովներից Եհովայի վկաներ ճանապարհներից ու գետի ափերից հավաքում էին աղբը։ Ընդամենը մի քանի ժամում նրանք հավաքեցին մոտ 300 տոպրակ աղբ, որոնք ավելի ուշ տարան աղբահավաք մեքենաները։

Ինչո՞ւ Վկաները այդքան մեծ ցանկություն ունեին բարեկարգելու իրենց քաղաքը։ «Ես չեմ կարող անտարբեր մնալ,— ասում է 67-ամյա Ռաիսան։— Ուզում եմ, որ իմ քաղաքը մաքուր լինի, որպեսզի բոլորը մաքուր միջավայրում ապրեն։ Կարևոր չէ, թե քանի մարդ է տեսնում՝ մենք ինչ ենք անում։ Ես հաճույքով եմ անում այդ գործը. չէ՞ որ Եհովա Աստված է տեսնում մեր արածը»։ Իսկ Ալեքսանդր անունով մեկ ուրիշ Վկա ավելացնում է. «Մենք ոչ միայն քարոզում ենք ուրիշներին, այլև օգտակար գործեր ենք անում նրանց համար։ Ես ուրախության ու բավարարվածության զգացումով եմ լցվում, երբ կարողանում եմ ինչ-որ բան անել իմ մերձավորի համար»։

Ականատեսները շատ գնահատեցին Եհովայի վկաների պատրաստակամ ոգին։ Մի բնակիչ զարմացավ, երբ իմացավ, որ Վկաները չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար։ Նա որոշեց նրանց օգնել մաքրության աշխատանքներում և ավելի ուշ նշեց. «Երբեք չէի պատկերացնի, որ մաքրություն անելուց հնարավոր է հաճույք ստանալ և այդքան մեծ բավարարվածության զգացում ունենալ»։ Նա ավելացրեց. «Ձեզնից ոմանք նույնիսկ այստեղի բնակիչ չեն, բայց, միևնույնն է, եկել են տարածքը մաքրելու»։

Քաղաքի մի պաշտոնյա նկատեց, որ Վկաների մի փոքր խումբ շատ մեծ քանակությամբ աղբ էր հավաքել։ Նա լուսանկարեց նրանց իրենց լցրած աղբի տոպրակների կողքին, որպեսզի «ուրիշներին ցույց տա, թե ինչպես է հարկավոր աշխատել»։