Իտալիայում Վկաները օգնության ձեռք են մեկնում իրենց հարևաններին
Այն բանից հետո, երբ 2016 թ. նոյեմբերի վերջում Իտալիայի հյուսիսում հորդառատ անձրևներ տեղացին, Մոնկալիերի քաղաքից դեպի հարավ գտնվող մի քանի գյուղեր ջրի տակ անցան։ Որոշ տեղերում ջրի մակարդակը անցնում էր կես մետրը (1,6 ֆուտ)։ «Ջուրը ոչ ոքի և ոչինչ չխնայեց»,— գրվեց թերթերից մեկում։ Տեղի իշխանություններն անմիջապես տարհանեցին մոտ 1 500 բնակիչների, և շնորհիվ փրկարարական խմբերի արագ գործողությունների զոհեր չեղան։ Սակայն շատ ընտանիքներ նյութական կորուստ ունեցան։
Խմբային աշխատանքը թեթևացում է բերում
Տեղի Վկաներից բաղկացած խմբերը առանց հապաղելու գործի անցան։ Նրանք օգնեցին տուժած ընտանիքներին՝ նրանց տներից մաքրելով ցեխն ու աղբը և դուրս բերելով կահույքն ու անձնական իրերը։ Երբ մի խումբ Վկաներ, որոնք սարքավորումներ և տաք կերակուր էին տանում, հանդիպեցին փակ մերձատար ուղու, իշխանությունները թույլ տվեցին նրանց անցնել, որպեսզի կարողանան օգնել կարիքի մեջ հայտնված մի ընտանիքի։ Կամավորները օգնության ձեռք մեկնեցին իրենց հավատակիցներին, ինչպես նաև այլ դավանանք ունեցող իրենց հարևաններին։
Օրինակ՝ շենքերից մեկի նկուղը ամբողջովին հեղեղվել էր։ Երբ փրկարարական ծառայությունների աշխատակիցները պոմպերով դուրս մղեցին ջուրը, Վկաների մի մեծ խումբ օգնեց Անտոնիո անունով մի Վկայի և նրա ընտանիքին մաքրելու իրենց նկուղ լցված աղբը։ Այնուհետև կամավորները օգնեցին շենքի մյուս բնակիչներին։ Նրանք կենդանի շղթա կազմեցին և ընդամենը մի քանի ժամում դատարկեցին բոլոր նկուղները։ Բոլորը շատ գնահատեցին նրանց ցուցաբերած օգնությունը։ Բնակիչներից մեկը՝ Վիվիանան, մոտեցավ Անտոնիոյի կնոջը և արցունքներն աչքերին՝ երախտագիտությամբ ասաց. «Խնդրում եմ, մեր անունից շնորհակալություն հայտնիր ձեր եղբայրներին։ Դուք իսկապես յուրահատուկ մարդիկ եք»։
Գյուղերից մեկում, որը ամենից շատ էր տուժել ջրհեղեղի պատճառով, բնակիչները ուշադիր նայում էին, թե ինչպես էին Վկաների խմբերը օգնում աղետից տուժածներին։ Նրանց այնքան հուզեց իրենց տեսածը, որ մի քանիսը ցանկություն հայտնեցին օգնելու փրկարարներին և ուրախությամբ հետևեցին խմբի ղեկավարի տված հրահանգներին։
Գնահատանք «անգնահատելի օգնության» համար
Մի մարդու տունը լուրջ վնասվել էր, իսկ նրա ավտոտնակը ամբողջովին տիղմի մեջ էր հայտնվել։ Նա ապշեց, երբ տեսավ, որ ութ Վկաներ առանց դադարի չորս ժամ աշխատեցին, որ իր ավտոտնակը մաքրեն աղբից։ Իր երախտագիտությունը հայտնելու համար նա գրկեց աշխատողներից մի քանիսին և սոցցանցերում մի գրություն թողեց, որում իր շնորհակալությունն էր հայտնում նրանց «անգնահատելի օգնության» համար։
Մի Վկա պատմում է. «Մենք օգնել ենք մեր ոչ Վկա հարևաններից մի քանիսին, որոնցից շատերը 80-ն անց են։ Նրանցից ոմանք, արցունքներն աչքերին, իրենց երախտագիտությունն էին հայտնում մեր արածի համար»։ Հարևաններից մեկը, ով տեղի կաթոլիկ եկեղեցու եռանդուն անդամ էր, Վկաներին հայտնեց իր գնահատանքը նրանց օգնության համար և ավելացրեց. «Հաճելի էր տեսնել, որ թեև մենք կրոնական տարբեր հայացքներ ունենք, բայց օգնության ձեռք մեկնեցինք իրար»։ Մեկ ուրիշն ասաց. «Ցավում եմ, որ դուք հայտնի եք միայն նրանով, որ կիրակի առավոտյան այցելում եք մարդկանց, և ոչ թե նրանով, որ օգնության ձեռք եք մեկնում նրանց»։