Պատանիները դպրոցում հաղթահարում են հասակակիցների ճնշումները
Տասը տարեկան Հյուգոն 2014թ.-ին արքայադուստր Դիանայի անվան մրցանակ ստացավ բրիտանական բարեգործական ընկերության կողմից։ Նա իր դպրոցում նպաստել էր նրան, որ աշակերտներն իմանան, թե ինչպես վարվեն, երբ ենթարկվում են ճնշումների և ծաղրուծանակի։
Հյուգոն ասում է. «Այս մրցանակը ստացա շնորհիվ «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» անիմացիայի։ Այն ամենի շնորհիվ, ինչ սովորել էի jw.org-ի այդ տեսանյութից, դարձա հասակակիցների ճնշման դեմ գործող դեսպան»։
Հյուգոն սկզբում տեսանյութը ցույց տվեց իր ուսուցիչներին։ Նրանք էլ, տպավորված, հոգ տարան, որ jw.org կայքը մատչելի լինի բոլոր աշակերտներին։ Դպրոցում 8–10 տարեկան աշակերտներից շատերը այժմ կանոնավորաբար օգտվում են կայքից։ Նրանք ասում են, որ այն ոչ միայն օգնել է հասակակիցների ճնշմանը դիմադրել, այլև իսկական ընկերներ գտնել։
Ճիշտ մոտեցում, դրական արդյունք
Մեծ Բրիտանիայի մեկ այլ դպրոցում ութ տարեկան Էլայջան հասակակիցների կողմից ճնշումների ու ծաղրուծանակի էր ենթարկվում։ Նա իր ծնողների հետ դիտեց «Դիմադրիր ճնշումներին» տեսանյութը։ Նրանք քննարկեցին այն և մտածեցին ու փորձեցին տարբերակներ, թե ինչ կարող է ասել կամ անել Էլայջան տարբեր իրավիճակներում։ Դա նրան համարձակություն տվեց։ Հետագայում, երբ հայտարարվեց հասակակիցների ճնշման դեմ պայքարի շաբաթ, Էլայջայի դպրոցի ուսմասվարը այդ տեսանյութը ցուցադրեց ամբողջ դպրոցին։
Ինչ խոսք, միայն Մեծ Բրիտանիայում չէ, որ պատանիները բախվում են նման խնդրի։ Այս խնդիրը տարածված է ամբողջ աշխարհում։ Տեսանյութը օգնում է բոլորին՝ անկախ նրանից, թե որտեղ են ապրում։
Միացյալ Նահանգներում տասնամյա Այվին վախենում էր իր դասընկերուհիներից մեկից, ով անընդհատ ծաղրում ու ճնշում էր իրեն։ «Դիմադրիր ճնշումներին» տեսանյութը դիտելուց հետո նա իր մեջ համարձակություն գտավ դիմադրելու։ Աղջիկը նաև խոսեց ուսուցչի հետ, ով օգնեց իրեն այդ հարցում։ Դասընկերուհին ներողություն խնդրեց, և այժմ նրանց միջև նման խնդիրներ չեն լինում։
Մենք՝ Եհովայի վկաներս, հետաքրքրված ենք պատանիների բարօրությամբ, ուստի կշարունակենք հրատարակել գործնական խորհուրդներ, որպեսզի օգնենք նրանց հաղթահարել իրենց ամենօրյա խնդիրները, ինչպիսին որ հասակակիցների ճնշումն է։