Մխիթարություն և գործնական օգնություն վատառողջ մարդկանց համար
Լուրջ հիվանդությամբ տառապող մարդիկ կարող են հեշտությամբ մտահոգության գիրկն ընկնել։ Իսկ երբ հոսպիտալացման կարիք է առաջանում, նրանք հաճախ հոգեկան ծանր ապրումներ են ունենում։ Ինչպես նշված էր բուժաշխատողների համար նախատեսված մի հանդեսում, «ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հիվանդի էմոցիոնալ և հոգևոր կարիքների մասին հոգ տանելը մեծ ազդեցություն է թողնում նրանց առողջական վիճակի վրա»։ a
Այդ պատճառով Եհովայի վկաները Աստվածաշնչի միջոցով մխիթարում և գործնական օգնություն են ցույց տալիս հիվանդանոցներում գտնվող հավատակիցներին։ Տեղի երեցները նախաձեռնություն են վերցնում այցելելու իրենց ժողովի հիվանդ հավատակիցներին։ Իսկ ի՞նչ կարելի անել, եթե Վկա պացիենտը բուժում է ստանում իր բնակավայրից հեռու գտնվող հիվանդանոցում։ Աշխարհով մեկ մեծ քաղաքներում Եհովայի վկաները կազմել են հիվանդներին այցելող խմբեր (ՀԱԽ)։ Այս խմբերում ծառայող երեցները կանոնավորաբար այցելում են հիվանդանոցներ, որպեսզի աջակցեն Վկա պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, ովքեր եկել են տվյալ երկրի տարբեր վայրերից կամ նույնիսկ այլ երկրներից՝ բուժում ստանալու նպատակով։ Վեց մայրցամաքներում կան մոտ 1 900 հիվանդներին այցելող խմբեր, որոնց կազմում ծառայում են ավելի քան 28 000 կամավորներ։ b
Ի՞նչ մխիթարություն են տալիս հիվանդներին այցելող խմբերը
Ուիլյամը, որը ՀԱԽ-երի անդամ է, ասում է. «Ես կարողացել եմ մխիթարել Վկաներին և նրանց ընտանիքի ոչ Վկա անդամներին՝ պարզապես նրանց կողքին լինելով, զրուցելով և լսելով նրանց։ Այդ մարդկանց հավաստիացնում եմ, որ Եհովա Աստված տեղյակ է իրենց իրավիճակին և հոգ է տանում իրենց մասին։ Պացիենտներն ու նրանց ընտանիքի անդամները գնահատում են, երբ իրենց համար աղոթք է արվում»։
Շատերը իրենց գնահատանքն են արտահայտել ՀԱԽ-երի այցելություններից ստացած քաջալերանքի համար։ Ահա մի քանի օրինակներ Միացյալ Նահանգներից, որտեղ գրեթե 7 000 երեցներ այցելում են պացիենտներին։
Պրիսցիլան ասում է. «Շնորհակալ եմ, որ հիվանդանոցում այցելում էիք հորս, երբ նա կաթված էր ստացել։ Նրան այնքա՜ն էին տպավորել ձեր այցելությունները։ Շատ էր զարմացել, որ այսպիսի կարգ գոյություն ունի։ Կարծում եմ՝ ձեր այցելությունները նպաստեցին, որ նա ավելի արագ ապաքինվի»։
Օֆիլիան, որի մայրը մահացավ, հիվանդներին այցելող խմբերի ներկայացուցիչներից մեկին ասաց. «Ձեր այցելությունները շատ մեծ նշանակություն ունեին մորս համար։ Նա գիտեր, որ Եհովան է ձեզ ուղարկել։ Շնորհակալություն ձեր սիրառատ հոգատարության համար»։
Մի պացիենտ, իմանալով, որ իրեն ընդամենը մի քանի օր էր մնացել ապրելու, խուճապի և տագնապի մեջ էր։ Ջեյմսը, որը հիվանդներին այցելող խմբերի անդամ է, նրա հետ ժամանակ անցկացրեց և Աստվածաշնչից մխիթարություն տվեց՝ կարդալով Փիլիպպեցիներ 4:6, 7-ը։ Նա պատմում է. «Երբ հաջորդ օրը այցելեցի նրան, նրա տրամադրվածության մեջ մեծ փոփոխություն էր եղել։ Չնայած իր առողջական վատ վիճակին՝ նա լավատեսությամբ էր լցված՝ վստահ լինելով, որ Եհովան կաջակցի, և նույնիսկ ինձ քաջալերեց»։
Ի՞նչ գործնական օգնություն են ցույց տալիս հիվանդներին այցելող խմբերը
Պոլինը, որի ամուսինը մահացել էր հիվանդանոցում՝ տնից շատ հեռու, գրեց. «Շատ շնորհակալ եմ, որ մեր ընտանիքի ամենադժվարին պահերին օգնության ձեռք մեկնեցիք։ Միայն այն բանի իմացությունը, որ դուք հիվանդանոցում էիք լինելու, որպեսզի կեսգիշերին դիմավորեք մեզ, թեև հաջորդ օրը աշխատանքի էիք գնալու, շատ մխիթարական էր։ Շնորհակալ եմ, որ գիշերելու համար տեղ էիք գտել 11 հոգուս համար և այդ ողջ ընթացքում կապ էիք պահում մեզ հետ։ Երախտապարտ եմ Եհովային և նրա կազմակերպությանը այսպիսի օգնություն և մխիթարություն տալու համար»։
Նիկին, Գեյլը և Ռոբինը ավտովթարի էին ենթարկվել իրենց տնից մոտ 300 կիլոմետր (200 մղոն) հեռու։ Հիվանդներին այցելող խմբերի անդամ Կառլոսը տեղեկացվեց այդ մասին, ու երբ նրանց հիվանդանոց տեղափոխեցին, նա այնտեղ դիմավորեց նրանց։ Կառլոսը պատմում է. «Ես առաջարկեցի իմ օգնությունը ցանկացած հարցում, և Նիկին տվեց ինձ իր փոքր շանը, որ կարողանա ներս մտնել և բուժօգնություն ստանալ»։ Այնուհետև եկավ ՀԱԽ-երի մեկ ուրիշ անդամ՝ Կուրտիսն իր կնոջ հետ։ Նրանք հիվանդանոցում մնացին այնքան ժամանակ, մինչև որ մի քանի ժամ անց եկան պացիենտների ընտանիքի անդամները։ Ընտանիքի ընկերներից մեկը հետևյալն ասաց. «Երեքն էլ մխիթարվեցին իրենց հանդեպ դրսևորված հոգատարությունից։ Իսկ Նիկիի քույր Ռոբինը, որը Եհովայի վկա չէ, ապշել էր՝ տեսնելով, հիվանդներին այցելող խմբերի անդամների ցուցաբերած օգնությունը»։
a «Բավարարել պացիենտի էմոցիոնալ և հոգևոր կարիքները», տպագրվել է «The Joint Commission Journal on Quality and Patient Safety»-ում (դեկտեմբեր 2003, հատոր 29, № 12, էջ 661)։
b Եհովայի վկա մյուս բոլոր երեցների նման՝ ՀԱԽ-երում ծառայողները նույնպես աջակցում են տեղի ժողովներին որպես հոգևոր հովիվներ, ուսուցիչներ և ավետարանիչներ։ Նրանք չեն վարձատրվում այդ ծառայությունների դիմաց և իրենց գործն անում են հոժարակամորեն ու ջանասիրությամբ (1 Պետրոս 5։2)։