Անցնել բովանդակությանը

Վստահություն ներշնչող ներկայություն «Տուր դե Ֆրանս»-ի ժամանակ

Վստահություն ներշնչող ներկայություն «Տուր դե Ֆրանս»-ի ժամանակ

2016թ. հուլիսի 2–24-ը 103-րդ անգամ մեկնարկեց «Տուր դե Ֆրանս» աշխարհահռչակ հեծանվավազքը, որն ընթացավ լարված մթնոլորտում։ Նախորդ տարի Ֆրանսիայում տեղի ունեցած մի քանի ահաբեկչական գործողությունների զոհ էր դարձել 100-ից ավելի մարդ։ Այնուհետև 2016թ. հուլիսի 14-ին նշվող ազգային տոնի ժամանակ մի ահաբեկիչ բեռնատար մեքենայով մխրճվել էր ամբոխի մեջ, որը Նիցցա քաղաքում հրավառություն էր դիտում։ Այդ ահաբեկչական գործողության հետևանքով 86 մարդ զոհվեց, և շատ մարդիկ վնասվածքներ ստացան։

Վախի և սգո այս մթնոլորտում Եհովայի վկաները մեծ ցանկություն ունեին հույս տալու և մխիթարելու Ֆրանսիայի ցնցված բնակչությանը։ Այդ նպատակով նրանք «Տուր դե Ֆրանս» մրցաշարի միջանկյալ փուլերում գրականության շարժական ցուցատախտակներ էին դնում։ Ավելի քան 1400 Վկաներ ցանկություն հայտնեցին մասնակցելու այս միջոցառմանը և աստվածաշնչյան գրականության 2000-ից ավելի օրինակ տվեցին այն մարդկանց, ովքեր փնտրում էին կյանքի կարևորագույն հարցերի պատասխանները։

«Դուք ամեն տեղ եք»

Երկրպագուները, որոնք քաղաքից քաղաք հետևում էին հեծանվավազքի մասնակիցներին, զարմացել էին՝ Եհովայի վկաներին տեսնելով այդքան շատ վայրերում։ «Տուր դե Ֆրանս»-ի ադմինիստրացիայի անդամները մի քանի անգամ գովեցին Վկաներին նրանց լավ կազմակերպվածության համար՝ ասելով. «Թվում է՝ դուք ամեն տեղ եք, մրցումների յուրաքանչյուր փուլում»։ Շատ երկրպագուներ բացականչում էին. «Եհովայի վկաները նույնպես այստեղ են»: Երբ արդեն մի քանի օր էր, ինչ հեծանվավազքը ընթանում էր, մի ավտոբուսի վարորդ քաղաքավարությամբ հրաժարվեց իրեն առաջարկված թերթիկը վերցնելուց՝ բացատրելով, որ իրեն արդեն տվել են չորս թերթիկ։

Վկաների մշտական ներկայությունը շարժել էր որոշ մարդկանց հետաքրքրասիրությունը, և նրանք առաջին անգամ ցուցատախտակից գրականություն վերցրին։ Նման բան տեղի ունեցավ մի անհատի հետ, որն աշխատում էր սպորտային հեռուստաալիքում։ Նա հիշեց, որ Վկաներին տեսել էր «Տուր դե Ֆրանս»-ի ժամանակ նախորդ տարի։ Այս տարի նա որոշեց մոտենալ ցուցատախտակին և ընտրեց «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը, քանի որ այնտեղ քննարկվում էր իր սրտին մոտ մի թեմա։ Իր ֆուրգոնում այդ գրքից մի որոշ հատված կարդալուց հետո նա իր գործընկերների հետ խոսեց գրականության ցուցատախտակների մասին, և նրանք նույնպես տարբեր թեմաներով գրականություն վերցրին։

Ոգեշնչող հույս և վստահություն

Այդ միջոցառման այցելուներից ոմանք գտան Եհովայի վկաներին և իրենց սիրտը բացեցին նրանց առաջ։ Մի երիտասարդ կին ասաց, որ հուսահատված է և այդ օրը նույնիսկ մտածում էր իրեն գցել գնացքի տակ և ինքնասպան լինել։ Սակայն լսելով աստվածաշնչյան հուսադրող լուրը, որ խաղաղ ապագա է սպասվում Աստծու Թագավորության ներքո՝ նա մխիթարվեց և որոշեց վերջ չդնել իր կյանքին։ Մեկ ուրիշ կին Վկաներին ասաց. «Շարունակե՛ք անել ձեր բարի գործը»։

Անթացուպերով քայլող մի մարդ, որն ասաց, որ սովորաբար կասկածամտորեն է վերաբերվում անծանոթներին, ընդունեց համեստ հագնված մի կնոջ առաջարկած օգնությունը, երբ վերջինս նշեց, որ Եհովայի վկա է։ Նա ասաց. «Շնորհակալ եմ ձեր ժպիտի և ձեր հագուկապի համար։ Դուք վստահություն եք ներշնչում»։