Անցնել բովանդակությանը

Օգնություն՝ Կենտրոնական Եվրոպայում գտնվող փախստականներին

Օգնություն՝ Կենտրոնական Եվրոպայում գտնվող փախստականներին

Վերջին տարիներին Աֆրիկայից, Մերձավոր և Միջին Արևելքից, ինչպես նաև Հարավային Ասիայից փախստականների մեծ հոսք է նկատվում դեպի Եվրոպա։ Պետական հաստատություններն ու կամավորները օգնելու նպատակով սնունդ, կացարան և բուժօգնություն են տրամադրում նրանց։

Ինչ խոսք, փախստականները միայն ֆիզիկական օգնության կարիք չէ, որ ունեն։ Նրանցից շատերը մեծ սթրեսների են ենթարկվել, այդ պատճառով մխիթարության և հույսի կարիք ունեն։ Կենտրոնական Եվրոպայում բնակվող Եհովայի վկաները ջանում են աջակցել փախստականներին՝ լսելով նրանց և Աստվածաշնչից սփոփիչ մտքեր ասելով։

Մխիթարություն՝ Աստվածաշնչից

2015թ. օգոստոսից սկսած՝ Ավստրիայի և Գերմանիայի ավելի քան 300 ժողովներ ավելի շատ ջանքեր են ներդնում, որ մխիթարեն փախստականներին։ Նրանք նկատել են, որ այդ մարդիկ հատկապես ցանկանում են Աստվածաշնչից իմանալ հետևյալ հարցերի պատասխանները.

2015թ. օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի Վկաները ավելի քան չորս տոննա աստվածաշնչյան գրականություն են պատվիրել Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղին և այն անվճար առաջարկել փախստականներին։

Հաղթահարում են լեզվական խոչընդոտը

Փախստականներից շատերը միայն իրենց մայրենի լեզվով են խոսում։ Այդ պատճառով Վկաները օգտագործում են jw.org կայքը, որտեղ հարյուրավոր լեզուներով հոդվածներ ու տեսանյութեր կան։ «Երբեմն հաղորդակցվում ենք ժեստերի և նկարների օգնությամբ կամ ինչ-որ բան նկարելով»,— ասում են Մաթիասն ու Պետրան, որոնք կամավորներ են Էրֆուրտում (Գերմանիա)։ Նրանք նաև օգտվում են JW Language (JW Լեզու) հավելվածից։ Այդ հավելվածը Վկաներին օգնում է տարբեր լեզուներ սովորելու, որպեսզի աստվածաշնչյան լուրը փախստականներին իրենց մայրենի լեզվով հայտնեն։ Ուրիշները օգտվում են JW Library (JW Գրադարան) հավելվածից՝ աստվածաշնչյան համարներ կարդալու և տեսանյութեր ցույց տալու համար։

Ապշեցնող արձագանք

«Մեծ թվով փախստականներ շրջապատել էին մեզ,— պատմում է Շվայնֆուրտից (Գերմանիա) մի ամուսնական զույգ։— Երկուսուկես ժամում նրանք մոտ 360 հրատարակություն վերցրին։ Ոմանք փոքր-ինչ խոնարհեցրին իրենց գլուխը՝ շնորհակալություն հայտնելու համար»։ «Փախստականները ուրախանում են, երբ ինչ-որ մեկը հետաքրքրություն է ցուցաբերում իրենց հանդեպ,— ասում է Վոլֆգանգը, որը կամավոր է Դիցում (Գերմանիա)։— Երբեմն նրանք հինգ-վեց լեզվով գրականություն են խնդրում»։

Շատերը անմիջապես սկսում են ընթերցել գրականությունը, ոմանք էլ վերադառնում են, որ շնորհակալություն հայտնեն Վկաներին։ «Մի օր երկու երիտասարդ գրականություն վերցրին,— պատմում է Իլոնկան, որը Վկա է Բեռլինում։— Կես ժամ հետո նրանք վերադարձան և հաց բերեցին մեզ։ Երիտասարդները ներողություն խնդրեցին, որ ուրիշ ոչինչ չեն կարող տալ իրենց երախտագիտությունը հայտնելու համար»։

«Շնորհակալությո՛ւն։ Շատ շնորհակալությո՛ւն ձեզ»

Սոցիալական աշխատողները, պաշտոնյաներն ու հարևանները բարձր են գնահատում Վկաների կամավոր աշխատանքը։ «Շնորհակալությո՛ւն,— բացականչեց մի սոցիալական աշխատող, որը հոգ է տանում մոտ 300 փախստականի մասին։— Շատ շնորհակալությո՛ւն ձեզ, որ այդքան մտահոգվում եք օտարազգիների բարօրության մասին»։ Փախստականների ճամբարում աշխատող մեկ ուրիշ անհատ Վկաներին ասաց, որ լավ է, որ փախստականները իրենց լեզվով բովանդակալից մի բան են կարդում, «քանի որ այս պահին օրը երեք անգամ ճաշելուց բացի՝ նրանք ուրիշ ոչինչ չունեն անելու»։

Մի անգամ Մարիոնն ու նրա ամուսինը՝ Ստեֆանը, որոնք ապրում են Ավստրիայում, պարեկություն անող երկու ոստիկանի բացատրեցին իրենց կամավոր աշխատանքի նպատակը։ Ոստիկանները շնորհակալություն հայտնեցին նրանց ու երկու գիրք խնդրեցին։ Մարիոնն ասում է. «Ոստիկանները շարունակ գովում եմ մեզ մեր աշխատանքի համար»։

Ավստրիայում մի կին, որը կանոնավորաբար իրեր է նվիրաբերում փախստականների ճամբարին, նկատեց, որ անկախ եղանակային պայմաններից՝ Վկաները միշտ գալիս են օգնելու փախստականներին։ Մի օր նա ասաց նրանց. «Փախստականները, ինչ խոսք, նյութական օգնության կարիք ունեն։ Բայց ամենից շատ նրանք հույսի կարիք ունեն։ Եվ դուք հենց դա եք տալիս նրանց»։