Էստոնիան ողջունում է «մեծ ձեռքբերումը»
Էստոներեն լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» 2014թ.-ին ճանաչվեց լեզվի տարվա ձեռքբերում։ Ներկայացված 18 աշխատանքներից վերջնական քվեարկության ժամանակ «Նոր աշխարհ թարգմանությունը» զբաղեցրեց 3-րդ տեղը։
Աստվածաշնչի այս նոր թարգմանությունը, որը լույս է ընծայվել 2014թ. օգոստոսի 8-ին, առաջադրվել էր մրցանակաբաշխությանը Էստոնիայի լեզվի ինստիտուտի լեզվաբան Կրիստինա Ռոսի կողմից։ Նա նշել է, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» դյուրընթեռնելի է՝ հավելելով. «Հսկայական աշխատանք է տարվել այս աշխատությունը ստեղծելու համար, ինչը մեծ ազդեցություն է թողել էստոներեն լեզվի թարգմանչական ոլորտում»։ Իսկ գրականության և մշակույթի պրոֆեսոր Ռեն Վադեմանը այս նոր թարգմանությունը կոչեց «մեծ ձեռքբերում»:
Էստոներեն լեզվով առաջին ամբողջական Աստվածաշնչի թարգմանությունը հրատարակվել է 1739-ին։ Դրանից հետո իհայտ են եկել նաև այլ թարգմանություններ։ Այդ դեպքում ինչո՞ւ է «Նոր աշխարհ թարգմանությունը» համարվում «մեծ ձեռքբերում»։
Ճշգրիտ։ 1988-ին էստոներեն լեզվով հրատարակված հայտնի Աստվածաշնչում՝ Եբրայերեն Գրություններում (Հին Կտակարան), Աստծու անունը ավելի քան 6800 անգամ է թարգմանվել «Եհովա»։ a «Նոր աշխարհ թարգմանության» մեջ այն ավելի շատ է թարգմանված։ Բացի այդ, այս անունը օգտագործվում է նաև Հունարեն Գրություններում (Նոր Կտակարան), ինչը անելու համար լուրջ հիմքեր են եղել։
Պարզ։ Արդյոք դժվար չէ՞ր «Նոր աշխարհ թարգմանությունը» և՛ ճշգրիտ, և՛ դյուրընթեռնելի թարգմանել։ Աստվածաշնչի հարգված թարգմանիչ Թոմաս Փոլը «Eesti Kirik» թերթում (Էստոնիայի եկեղեցի) գրեց, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» հասել է իր նպատակին՝ այն շատ պարզ է ու հասկանալի։ Նա նաև նշում է. «Ուզում եմ հավաստիացնել, որ սա առաջին այսպիսի Աստվածաշունչն է»։
Էստոնացիների արձագանքը ապշեցնող էր։ Ազգային ռադիոկայաններից մեկով 40 րոպեանոց ծրագիր ներկայացվեց՝ նվիրված այս նոր Աստվածաշնչին։ Հոգևորականներն ու եկեղեցի հաճախողները նույնպես ցանկություն հայտնեցին ունենալ նոր Աստվածաշունչը և կապ հաստատեցին Եհովայի վկաների հետ։ Տալլինում մի բարձրակարգ դպրոց պատվիրեց «Նոր աշխարհ թարգմանության» 20 օրինակ՝ առարկաներից մեկի ժամանակ օգտագործելու համար։ Էստոնացիները ընթերցասեր են, և Եհովայի վկաները ուրախ են, որ կարող են տրամադրել երբևէ գրված լավագույն գրքի՝ Աստվածաշնչի ճշգրիտ և պարզ թարգմանությունը։
a Տարտու համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Ին Ռիստանը այն բանից հետո, երբ ներկայացրեց, թե ինչու են էստոնացիները որոշել Աստծու անունը արտասանել «Եհովա», ավարտեց իր խոսքը՝ ասելով. «Կարծում եմ, որ այսօր շատ տեղին է օգտագործել հենց «Եհովա» բառը։ Անկախ այն բանից, թե ինչ ծագում ունի այս անունը, այն խոր իմաստ և մեծ նշանակություն է ունեցել ողջ մարդկության համար։ «Եհովան» Աստծու անունն է, որը իր Որդուն ուղարկեց մարդկանց փրկության համար»։