Բազմահատոր Աստվածաշունչ կույրերի համար
Նախքան Եհովայի վկաներից Բրայլի գրատիպով Աստվածաշունչ պատվիրելը, համոզվեք, որ բավարար տեղ ունեք այն պահելու համար։ «Նոր աշխարհ» թարգմանությունը Բրայլի գրատիպով ամբողջովին հասանելի է անգլերեն, իսպաներեն և իտալերեն լեզուներով։ Այն բաղկացած է 20–28 հատորից, որոնք զբաղեցնում են գրապահարանի առնվազն երկու մետր երկարություն ունեցող դարակ։
Կույրերի համար Աստվածաշունչը մատչելի է նաև այլ տարբերակներով, որոնք զգալիորեն շատ ավելի քիչ տեղ են զբաղեցնում։ Բրայլով «գրառող» սարքը հնարավորություն է տալիս և՛ նշումներ անելու այդ գրատիպով, և՛ կարդալու այլ սարքերում պահված էլեկտրոնային ինֆորմացիան՝ շնորհիվ իր վրա եղած «տողի», որի վրա կան գնդասեղներ, դրանք բարձրանալով և իջնելով՝ կազմում են Բրայլի սիմվոլներ։ Կույրերը կարող են նաև գտնել և լսել հրատարակություններում գրվածը «ընթերցող» սարքի միջոցով, որը գրավոր տեքստը փոխակերպում է բանավորի։
Բացի այդ, Վկաները ստեղծել են մի համակարգչային ծրագիր, որը կարողանում է տեքստն արտագրել տարբեր լեզուների Բրայլի գրատիպով։ Երբ փոխակերպման աղյուսակը պատրաստ է, որը պարունակում է տպագիր տեքստի տառերը և Բրայլի համապատասխան սիմվոլները, ծրագիրը կարող է փոխակերպել տեքստը՝ դարձնելով այն Բրայլի գրատիպով։ Այն նաև այնպիսի տարբերակով է կազմում հրատարակությունը, որ կույրերի համար կարդալը հեշտ լինի։ Ըստ էության, այս ծրագրի շնորհիվ հնարավոր կլինի թողարկել Բրայլի գրատիպով հրատարակություններ և Աստվածաշունչ ցանկացած լեզվով, որն ունի Բրայլի գրատիպ, նույնիսկ եթե այդ լեզուն լատինատառ չէ։
Ավելի քան 100 տարի Եհովայի վկաները հրատարակում են աստվածաշնչյան գրականություն նաև կույրերի համար։ Այդ հրատարակությունները հիմա արդեն մատչելի են 19 լեզուներով։ Ճիշտ է, կույրերը կարող են ստանալ այս հրատարակություններն անվճար, սակայն շատերը նվիրաբերություններ են անում դրանց համար։
Նախկինում, երբ Եհովայի վկաների համաժողովների ժամանակ հայտարարվում էր նոր հրատարակության լույսընծայման մասին, ասվում էր, որ Բրայլի գրատիպով այն հնարավոր կլինի պատվիրել ավելի ուշ։ Անցած տարի, սակայն, Միացյալ Նահանգների մասնաճյուղը հարցում անցկացրեց ժողովներում՝ իմանալու, թե որ մարզային համաժողովին են կույրերը ներկա լինելու և հրատարակությունները որ տարբերակով են նախընտրում ստանալ (ուռուցիկ-կետավոր տպագիր, էլեկտրոնային ձևաչափ «գրառող» սարքի կամ «ընթերցող» սարքի համար)։
Տպագիր հրատարակություններ ուղարկվեցին այն համաժողովների անցկացման վայրեր, որտեղ ներկա էին լինելու կույրերը։ Այդպիսով՝ նրանք հնարավորություն ունեցան ստանալ նոր թողարկումները մյուսների հետ միաժամանակ, իսկ էլեկտրոնային հրատարակությունները ուղարկվեցին նրանց էլեկտրոնային հասցեներին իրենց համաժողովից մեկ շաբաթ անց։
Մի կույր Վկա հետևյալ խոսքերով արտահայտեց իր հիացմունքը. «Անբացատրելի զգացում է ստանալ հրատարակությունները մյուսների հետ միաժամանակ։ Սաղմոս 37:4-ն ասում է, որ Եհովան կկատարի մեր սրտի խնդրանքը։ Այսօր նա դա կատարեց։ Մեկ ուրիշը արցունքները աչքերին ասաց. «Եղբայրները հոգում են իմ մասին։ Շնորհակալ եմ Եհովային, որ մեր նկատմամբ այսքան հոգատար է»։