Երաժշտություն, որն ուղեկցում է մեր երկրպագությանը արդեն 100 տարի
«Ուզում եմ, որ գնաս Նյու Յորք՝ Կալումբիա ստուդիա և երգես մեր երգերից մեկը։ Նրանք պրոֆեսիոնալ ձայնագրություն կանեն։ Այդ մասին ոչ ոք չպետք է իմանա»։
1913թ. վերջերին Ուիլյամ Մաքրիջը կատարեց իր այս անսովոր հանձնարարությունը, որ ստացել էր Չարլզ Թեյզ Ռասելից։ a «The Sweet By-and-By» անունով ոմանց հայտնի այդ երգը ձայնագրվեց 78 պտույտ/րոպեում ձայնապնակի վրա։ Այնուհետև Ուիլյամը իմացավ, որ երգը հնչելու է «Արարչության լուսադրամայի» սկզբում։ «Լուսադրաման» աստվածաշնչյան ելույթների և երաժշտության ուղեկցությամբ համր ֆիլմի և գունավոր ապակե սլայդների ցուցադրում էր, որի պրեմիերան տեղի ունեցավ Նյու Յորք քաղաքում 1914-ի հունվարին։
Ուիլյամի այս ձայնագրությունը մեկն էր այն 50-ից ավել ձայնագրություններից, որ ֆոնոգրաֆ նվագարկողները միացնում էին անգլերեն «Լուսադրամայի» ցուցադրումների ժամանակ։ Թեև երաժշտության մեծ մասը պատրաստել էին ուրիշները, սակայն թվով քիչ ձայնագրություններ, այդ թվում՝ Ուիլյամինը, Աստվածաշունչ ուսումնասիրողների ստեղծագործություններն էին, որոնց բառերը վերցված էին իրենց՝ «Հազարամյակի արշալույսի փառաբանական երգեր» երգարանից։
Ուշադրություն երգերի բառերի հանդեպ
Երկար տարիներ Վկաները երկրպագության ժամանակ երգում էին երգեր, որոնց բառերը գրել էին այլ մարդիկ։ Հարկ եղած ժամանակ, սակայն, նրանք փոփոխել են այդ բառերը՝ համապատասխանեցնելով այն ամենին, որ պարզաբանվել է իրենց համար Աստվածաշունչ ուսումնասիրելու ընթացքում։
Օրինակ՝ երգերից մեկը, որ հնչում էր «Լուսադրամայի» ժամանակ, կոչվում էր «Մեր Թագավորը խրոխտ շարժվում է առաջ»։ Այն «Պատերազմի երգ հանուն հայրենիքի» երգի փոփոխված տարբերակն էր։ «Պատերազմի երգը» սկսվում էր հետևյալ խոսքերով. «Իմ աչքերը տեսնում են Տիրոջ փառավոր գալուստը»։ Սակայն Աստվածաշունչ ուսումնասիրողները փոխեցին այն՝ դարձնելով «Իմ աչքերը տեսնում են Տիրոջ փառավոր ներկայությունը»։ Այս փոփոխությունը արտացոլում էր նրանց այն համոզմունքը, որ Հիսուս Քրիստոսի իշխանությունը ներառում է ոչ թե պարզապես նրա գալուստը, այլ որոշ ժամանակով նրա ներկայությունը (Մատթեոս 24:3)։
1966-ին լույս տեսավ «Ձեր սրտերում երգերով ու մեղեդիներով Եհովային գովերգեք» երգարանը, որտեղ չկային երգեր, որոնց խոսքերը կամ երաժշտությունը վերցված լինեին աշխարհիկ աղբյուրներից կամ այլ կրոններից։ Այդ տարի կազմվեց Վկաների մի նվագախումբ, և ձայնագրվեց երգարանի բոլոր 119 երգերի երաժշտությունը։ Այդ ձայնագրությունները սկսեցին օգտագործվել ժողովներում։ Ոմանք դրանք հաճույքով ունկնդրում էին նաև տանը։
2009-ին լույս տեսավ Եհովայի վկաների նոր՝ «Գովերգենք Եհովային» երգարանը։ Երգերի վոկալ կատարումները արդեն ձայնագրված են տասնյակ լեզուներով։ 2013-ից Վկաները սկսեցին թողարկել երեխաների համար նախատեսված տեսանյութ-երգեր։ Դրանցից է, օրինակ, «Աղոթիր ամեն ժամանակ» երգը։ Այս երգը jw.org կայքից բեռնվում է ամսական մի քանի միլիոն անգամ։
Շատերն են իրենց երախտագիտությունը արտահայտել այս երաժշտության համար։ Ջուլի անունով մի կին «Գովերգենք Եհովային» երգարանի մասին գրեց. «Նոր երգերը այնքա՜ն գեղեցիկ են։ Երբ մենակ եմ, նվագում եմ այն երգերը, որոնք արտահայտում են իմ զգացմունքները։ Զգում եմ, որ դրանք ավելի են մտերմացնում ինձ Եհովայի հետ և օգնում են, որ լիովին նվիրված լինեմ նրան»։
Հեդեր անունով մի մայր գրեց, թե ինչպիսի ազդեցություն է ունեցել «Աղոթիր ամեն ժամանակ» երգի տեսանյութը իր յոթ և ինը տարեկան երեխաների վրա. «Այն օգնեց նրանց, որ աղոթեն ոչ միայն առավոտյան՝ օրը սկսելուց առաջ, կամ երբ մեզ հետ են, այլ ցանկացած ժամանակ, երբ ուզում են խոսել Եհովայի հետ»։
a Այդ տարիներին Աստվածաշունչ ուսումնասիրողներին (հետագայում՝ Եհովայի վկաներ) առաջնորդելու պատասխանատվությունը ստանձնել էր Չարլզ Թեյզ Ռասելը (1852–1916)։